«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


«ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՀՐԵԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԲԱՆԱՎԵՃԻՙ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀՈԼՈՔՈՍԹԻ ԵՂԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ»

ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը ավստրիական Der Standard-ին

«Նման որոշումներ ընդունելու են նաեւ այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը», ավստրիական Der Standard օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ` ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը Ֆրանսիայի խորհրդարանի` ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետեւեն նաեւ այլ երկրներ, ինչպես օրինակՙ Ավստրիան:

Ֆրանսիական օրենքի ընդունումը Ֆրանսիայում նախագահական ընտրություններին կապելու առնչությամբ էլ, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Նալբանդյանը նշել է, թե այդպես չէ: «Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմիցՙ լինեն աջ կամ ձախ, քվեարկվել եւ ընդունվել է Ազգային Ժողովում եւ Սենատում: Այդպիսով օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը»:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խոսակցությունների ֆոնին Թուրքիայի սպառնալիքների ազդեցությամբ Սահմանադրական խորհուրդ ներկայացված օրենքի` Հայաստանի համար հակաարդյունավետ լինելու մասով էլ արտգործնախարարը պնդել է, որ այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: «Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է... Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում», նշել է Նալբանդյանը:

Արդյոք Սահմանադրական խորհուրդ դիմելու հանգամանքը «ցեղասպանության մասին օրենքը վճարկելի՞» է դարձնում, Նալբանդյանը նախ արձագանքել է. «Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը: Նրանք գլուխ են գովում Սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտըՙ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել: Չեմ կարծում, թե որեւէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել: Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի»:

Ավստրիական պարբերականը հետաքրքրվել է, թե ինչու «չի իրականացվում պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը, ինչում Թուրքիան, ինչպես ինքն է ասում, շատ հետաքրքրված է»: Նալբանդյանը հիշեցրել է, որ, նախ, պայմանավորվածություն է եղել «սահմանների բացումից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որի շրջանակներում կգործեն մի շարք ենթահանձնաժողովներ»: «Դրանցից մեկը ոչ թե պատմաբանների ենթահանձնաժողով էՙ քննարկելու Հայոց ցեղասպանության լինելու կամ չլինելու փաստը, ինչպես ներկայացնում է թուրքական կողմը: Դրա միակ նպատակը երկխոսության միջոցովՙ ներառյալ պատմական հարթությունը, վերականգնել երկու ժողովուրդների միջեւ վստահությունը»:

Բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը, ըստ Նալբանդյանի խոսքի, քննարկման ենթակա չէ: «Կարո՞ղ եք պատկերացնել, հրեաներին հրավիրել բանավեճիՙ քննարկելու Հոլոքոսթի եղելության փաստը»:

«Լեռնային Ղարաբաղի... հարցի լուծման հիմնական խոչնդոտ է այն, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական տարածքի զգալի մասը», հարցին Նալբանդյանը պատասխանել է. «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայիՙ Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերըՙ ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձեւավորել Ղարաբաղի շուրջը: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների ներկայացրած ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մեկն է: Սակայն եթե Ադրբեջանը շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրա եւ շրջանցում է առաջարկների մնացած բոլոր ասպեկտները, դրան ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. Աստանայումՙ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջականություն, եւ դրանք տարանջատելը կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4