Ադրբեջանական քարոզչությունն ամենայն վստահությամբ ու երբեմն արդյունավետորեն օգտագործում է համացանցը` սուտն ու կեղծիքն առավել տարածված դարձնելու նպատակով, բայց նույն այդ համացանցի շատ հատկություններ կեղծիք ծնող-սնողները հաճախ մոռանում են: Ի մասնավորի, որեւէ զեղծարարություն, կեղծիք ու ստահոդ մեկնաբանություն համացանցում հայտնվելուց հետո թերեւս որոշակի ընթերցասրահ ձեռք է բերում, սակայն միանգամից ենթարկվում է «ստի ոտքը կարճ է» խոսքի «մկրատին»:
Խոջալուի դեպքերի առնչությամբ սեփական ժողովրդին ցեղասպանված տեսնելու ցանկությունն ադրբեջանցիների մեջ թերեւս այնպիսի մակարդակի է հասել, որ այս օրերին կեղծիքն ու անհեթեթությունն ուղղակի աչք էին ծակում, թեեւ, պետք է փաստել, երբեմն դրանց քանակը կարող է դառնալ որեւէ մեկի անտեղյակ ուղեղում ձեւավորված պատկեր, որ թեեւ սխալ է, բայց կարող է ապրել երկար:
Մի քանի օր առաջ Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը հաղորդագրություն էր տարածել, թե Խոջալուին վերաբերող միջոցառումներին մասնակցություն էր ունեցել, ի թիվս ադրբեջանցիների, նաեւ Վրաստանի ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի շրջանի ղեկավար Դավիթ Կիրկիտաձեն: Ավելին, իբր Վրաստանի Գիտությունների ակադեմիայում անցկացվել էր կոնֆերանս նույն թեմայով:
«Ազգի» տեղեկություններով, Խոջալուի դեպքերի սեփական մեկնաբանությունը Վրաստանում տարածելու ադրբեջանական փորձերին Քվեմո Քարթլիի շրջանը որեւէ կերպ չի մասնակցել, իսկ Դավիթ Կիրկիտաձեն այդ ժամանակահատվածում անգամ Վրաստանում չի եղել: Իսկ մասնակից, նույն շրջանի փոխնահանգապետ Հուսեյն Յուսոբովը Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահն է, ինչ հանգամանքով էլ մասնակցել է միջոցառումներին:
Ավելին, պարզվում է, որ ադրբեջանցիների կազմակերպած միջոցառումներին չեն մասնակցել ո՛չ Վրաստանի գիտությունների ակադեմիան, ո՛չ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, չնայած այդ մասին եւս ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել:
Վրացական տարածքում այսօրինակ ստերի տարածումը լրիվ տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչով առաջնորդվել են հարեւան երկրի որոշ ներկայացուցիչներ, երբ, օրինակ, տարածել են, թե «France 24» հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել Խոջալուի դեպքերի հետ կապված ադրբեջանական տեսակետը: «Panorama.am»-ին «France 24» հեռուստաընկերության ֆրանսալեզու եթերի համար պատասխանատու խմբագրության տնօրեն Ֆիլիպ դի Նասերը հերքել էր, հավաստիացնելով, որ նման նախագիծ հեռուստաընկերությունը չի ունեցել:
Նույն կերպ ադրբեջանական կայքէջերը տարածել էին տեղեկություն, թե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը փաստաթուղթ է ընդունել, որում 1992-ի Աղդամի դեպքերի վերաբերյալ ներկայացված է եղել այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» ադրբեջանական տեսակետը: «Արցախի եվրոպական կենտրոն» հասարակական կազմակերպությունն էլ, մերկացնելով ապատեղեկատվությունը, տարածել էր հաղորդագրություն, ըստ որի Բունդեսթագի պաշտոնական կայքէջում նշյալ դիմում եւ դրա հիման վրա իբր ընդունված փաստաթուղթ բացակայում է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ