«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


«ԻՆՉՊԵՍ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԱԽԱՐՈՎԸ ԿԱՏԱՐԵՑ ԵԼԵՆԱ ԲՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ»

Տատյանա Չալաձե անունով «լրագրող»-ին մենք անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Նա նույնիսկ «հարկ էր համարել հակադարձել» մեր «բաց նամակ»-ին եւ խորհուրդ էր տվել մեր մասին իրեն «այլեւս չհիշեցնել»: Նրան խոցել էր մեր ընդգծումը, որ վարձահրավիրված է եւ նյութական ու այլ բարիքների դիմաց ծառայում է Իլհամ Ալիեւի վարչակարգին:

Հարգելով խանումի «մեր մասին այլեւս չլսելու» ցանկությունը, մենք տեւական ժամանակ նրա լրագրողական «հայտնագործություններին» չենք անդրադառնում: Խոստանում ենք առաջիկայում եւս ձեռնպահ մնալ, եթե, իհարկե, Տատյանա խանումը մի նոր հիմարություն չանի: Այլ բառ չենք գտնում` բնութագրելու նրա «Ելենա Բոնների անվան մարդասիրական միջանցք» վերտառությամբ հոդվածը (տես` http://www.1news.az/analytics/20120226094524520.html#page999): Այստեղ «Բակռաբոչի»-ի գլխավոր խմբագրի տեղակալ եւ Ադրբեջանի վաստակավոր լրագրող Տատյանա Չալաձեն «գերազանցել է» նույնիսկ իրեն:

Խոսելով Խոջալուի մարդասիրական միջանցքի մասին, նա գրում է, թե «բանից պարզվում է, սխալ էր, երբ կարծում էինք, թե դա Հայկ Դեմոյանի` «հայկական հատուկ ծառայությունների աշխատակցի» (չակերտները մերն են- Վ. Ա.) հնարածն է» եւ պնդում, որ «առաջին անգամ այդ կեղծիքը «Մեմորիալ»-ի հաշվետվության մեջ է մտցրել ակադեմիկոս Սախարովը` Ելենա Բոնների պնդմամբ»:

Որպես «հավաստի փաստ», Տատյանա խանումը մի ամբողջ պատմություն է բերում. «Նադեժդա Լվովնա Պետրոսովայի հուշերից, որ նա ասել է մի ռուսաստանցի լրագրողուհու` մասնավոր զրույցի ժամանակ, ով դա հասկանալի պատճառներով չի հրապարակել Բոնների մասին հարցազրույցում, բայց ձայնագրությունները պահպանել է, հասկանալի է դառնում, թե որտեղից են «բուսել հայկական մարդասիրական միջանցքի ոտքերը»:

Նադեժդա Պետրոսովան պարբերաբար լինում էր Չկալովի փողոցի այն բնակարանում, որտեղ ապրում էին Սախարովը եւ Բոնները, որպեսզի մաքրություն անի: Մի անգամ (նա այդ դեպքը մտապահել է, քանի որ տասը օր անց մահացել է հայրը) ինչպես միշտ, խոհանոցի ապակիներն էր լվանում: Սախարովը եւ Բոնները տանն էին եւ ուրիշ սենյակում բարձրաձայն խոսում էին: Հետո Սախարովը գալիս է խոհանոց եւ սիրտը բռնած նստում աթոռին: Անսպասելի խոհանոց է խուժում Բոնները, կտրուկ դեպի իրեն շրջում աթոռը` դրա վրա նստած Սախարովի հետ մեկտեց եւ, ձեռքերով բռնելով ակադեմիկոսի ուսերից, կռանալով եւ նայելով նրա աչքերի մեջ, բարձրաձայն եւ հոդաբաշխ ասում է, որ «դու կստիպես, որ նրանք այդ հաշվետվություն մտցնեն միջանցքը, ես Սիլվային (Սիլվա Կապուտիկյանին- Վ. Ա.) խոստացել եմ»: Ապա րոպեական լռությունից հետո հեռանալով Սախարովից եւ արհամարհանքով նայելով նրան, դիմում է հավաքարարուհուն. «Նադյա, վերցրու փալասը, աթոռի տակը մաքրիր»: Զարմացած Պետրոսովան, փալասը ձեռքին, տարակուսում է. «Ինչ բան է, միջանցք բաժանել չեն կարողանում»: Խեղճ կինը, նրա հետ էլ` երիտասարդ լրագրողուհին չէին էլ պատկերացնի, թե ինչ միջանցքի մասին է խոսք եղել ակադեմիկոս Սախարովի անձնական կյանքից այդ դրամատիկ միջադեպի ժամանակ»:

Մենք այսքան երկար մեջբերեցինք Տատյանա խանումի հոդվածից, որպեսզի ընթերցողը որեւէ կասկած չունենա. նա պնդում է, որ «Մեմորիալ»-ի հաշվետվության մեջ Խոջալուի խաղաղ բնակիչների համար թողնված մարդասիրական միջանցքի հիշատակումը տեղի է ունեցել ակադեմիկոս Դմիտրի Սախարովի միջամտությամբ, քանի որ այդպես էր ցանկացել Ելենա Բոնները, որը «խոստացել էր Սիլվային»: Իմաստն այն է, որ Սիլվա Կապուտիկյանը,- ում, ի դեպ, Ադրբեջանը նույնպես մեղադրում է Խոջալուի «ցեղասպանության կազմակերպման» մեջ,- որպեսզի «մաքրած լինի հանցագործության հետքերը, Ելենա Բոններին խնդրել է, որպեսզի վերջինս ստիպի ամուսնուն` ակադեմիկոս Անդրեյ Սախարովին, որ «Մեմորիալ»-ի հաշվետվության մեջ անպայման ընդգծվի մարդասիրական միջանցքի առկայությունը»:

Ամեն ինչ ճշմարտանման կթվար, եթե... Բանն այն է, որ ակադեմիկոս Սախարովը կյանքից հեռացել էր 1989 թ. դեկտեմբերի 14-ին: Իսկ Խոջալուի դեպքերը տեղի են ունեցել 1992թ. փետրվարի 25-26-ին: Բնականաբար, հանգուցյալ Սախարովը չէր կարող որեւէ ազդեցություն ունենալ «Մեմորիալ»-ի հաշվետվությունը կազմող իրավապաշտպանների վրա: Ահա սա է ադրբեջանական քարոզչության «ծանր հրետանու» ոչ միայն իմացական, այլեւ բարոյական մակարդակը: Այն է` չտիրապետելով փաստի, կրկնել իշխանություններին, նույնիսկ «մի քայլ առաջ անցնել», կաշվից դուրս գալ` ունենալու համար «բարեհույս»-ի համարում: Քանի որ դա է Բաքվում աշխատանք, ապրուստ եւ «հանդուրժողական» վերաբերմունք գտնելու միակ հնարավորությունը:

Բայց Տատյանա խանումի ճակատագիրը չէ, որ մեզ հուզում է: Կիրքը, որով ադրբեջանական կողմը փորձում է «հերքել» մարդասիրական միջանցքի գոյության փաստը, ինչի վկայություններից մեկն էլ Չալաձեի հոդվածն է, ավելի է խորացնում համոզմունքը, որ Խոջալուի խաղաղ բնակիչներն իրոք դաժանորեն սպանվել են իրենց իսկ ազգակիցների ձեռքով: Եվ ոչ միայն:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4