«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԲԱՆԿԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԳԱՆՁՈՒՄ Է ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ

Ի պատասխան «Ազգ»-ի նախորդ համարում աղբահանության վճարների վերաբերյալ հոդվածի, Երեւանի քաղաքապետարանից ստացել ենք հետեւյալ անուղղակի արձագանքը:

2012 թվականի հունվարի 1-ից աղբահանության վճարը կիրառվում է որպես համայնքային բյուջե գանձվող տեղական վճար: Երեւան քաղաքում աղբահանության վճարը բնակչության մասով սահմանվել է փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 200 ՀՀ դրամ: Օրենքով սահմանվել են նաեւ աղբահանության վճարը չվճարելու կամ ուշացելու դեպքում տույժերի հաշվարկման եւ գանձման մեխանիզմները: Մասնավորապես, յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության համար վճարը պետք է վճարվի մինչեւ հաջորդող ամսվա 15-ը ներառյալ, իսկ չվճարելու կամ վճարումն ուշացնելու դեպքում վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում եւ գանձվում է տույժՙ չվճարված գումարի 0,15 տոկոսի չափով: Օրինակՙ 2012 թվականի հունվար ամսվա համար աղբահանության վճարի վճարման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է, իսկ չվճարելու դեպքումՙ մարտի 1-ից հաշվարկվելու են տույժերՙ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար:

Տույժերից խուսափելու համար Երեւանի քաղաքապետարանը կանխավ ծանուցում է, որ համատիրության աշխատակցի չայցելելու դեպքում բնակիչը կարող է աղբահանության վարձը վճարել վարչական շրջանի վարչական շենքում: Բացի դրանից, բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների հետ վարվող բանակցությունների արդյունքում Երեւանի քաղաքապետարանը ձեռք է բերել պայմանավորվածություններ Հայ բիզնես բանկի, Հայկական զարգացման բանկի եւ «Ի-դրամ» վճարահաշվարկային կազմակերպության հետՙ աղբահանության վճարը ֆիզիկական անձանցից առանց սպասարկման վարձի կամ միջնորդավճարի գանձելու մասին: Շարունակվում են բանակցություները «Հայփոստ» ՓԲԸ-ի եւ վճարահաշվարկային այլ կազմակերպությունների հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4