ԲՀԿ-ին անդամագրված Վարդան Օսկանյանը հրաժարական է տվել «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահի պաշտոնից եւ այդ առիթով բացատրություններ տարածել: Մասնավորապես նա պատմել է, թե ինչու է հիմնել հիմնադրամը, իրագործելով երկրում բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքացիական հասարակությունն ամրապնդելու իր գաղափարները փորձելով իրականություն դարձնել. «Այս ամիս ես որոշեցի քաղաքացիական պատասխանատվության հարթությունից քայլ կատարել քաղաքական պատասխանատվության հարթություն: Այդ իսկ նպատակով ես հրաժարական եմ տվել «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդից: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքում հրաժարականը պարտադիր չէ: Սակայն ես որոշեցի դա անել, որպեսզի իմ քաղաքական ներգրավվածությամբ չկաշկանդեմ հիմնադրամի գործունեությունը: Իմ քայլը պայմանավորված է նույն մոտեցմամբ, որ միշտ ունեցել եմ թե՛ որպես կառավարության անդամ, թե՛ երբ հեռանում էի կառավարությունից: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվության սեփական բաժինն ունի բոլորիս երազած երկիրը կառուցելու գործում: Զարգացած որեւէ ժողովրդավարական պետության մեջ դա բավարար պատճառ է քաղաքականություն մտնելու համար, եւ ժամանակն է, որ Հայաստանում եւս չխուսափենք նման ընկալումներից», նշել է Վ. Օսկանյանը:
Մ. Խ.