«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ՄԻ ԵՂԲՈՐԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՄՈՏ 10 ՄԻԼԻՈՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞ ՄՅՈՒՍ ԵՂԲՈՐ ՀԵՏ

«Արմեն Ալավերդյանի խոսքերը վիրավորական են Հարությունյանների ընտանիքի արժանապատվության համար»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի ` փետրվարի 24-ին Հարությունյանների` «Ցար» ապրանքանիշի մակարոնեղեն ներկրող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության առնչությամբ արած հայտարարությունները «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսի դրդապատճառ ներկայացրեց, ընդգծելով, որ դեռեւս առանց դատարանի որոշման հարկերից խուսափելու մեջ իրեն որպես մեղավոր ներկայացնելը վիրավորական է Հարությունյանների ընտանիքի արժանապատվության համար:

Հիշեցնենք, որ Ալավերդյանը հայտարարել էր, թե Նարեկ Հարությունյանը կեղծ խանութի միջոցով միլիոնավոր դրամների իրացումներ է կատարել, բայց ցույց տվել ավելի փոքր ծավալների վաճառք, ըստ այդմ` պետությանը հասցվել է մոտ 70 մլն դրամի վնաս: Ավելին, ըստ ՊԵԿ-ի, 11 աշխատակից է պահվել առանց հրամանագրերի, աշխատավարձերը ցույց են տրվել ավելին, քան իրականում, ինչը քրեական պատասխանատվության առարկա է:

Ներկա դրությամբ Հարությունյանների ընտանիքին առնչվող մի քանի տարբեր գործեր են գտնվում դատարանում` ինչպես քրեական, այնպես էլ վարչական վարույթի եւ քաղաքացիական: Վարչական վարույթում գտնվող գործով Հարությունյանը բողոքարկել է հարկային պարտավորությունները չկատարելու մասին մինչ այդ կազմված հարկային ակտը, որն էլ նաեւ քրեական գործի հիմնական պատճառն է:

«Մենք չարամտորեն չենք խուսափել հարկերից, թող դատարանի վճիռ լինի, մենք պատրաստ ենք վճարել», երեկ հայտարարեց Նարեկ Հարությունյանը, ընդգծելով, որ խնդրո առարկա խախտումների հետ նշվող ժամանակահատվածում Հարությունյանների տարբեր գործունեություն ղեկավարել են ուրիշները, իսկ ինքը «ստիպված տնօրեն» է դարձել 2010-ի սեպտեմբերից: Մինչ այդ որպես լիազորված անձ գործարքներ կնքել ու ամեն ինչ տնօրինել է Հարությունյանների վստահված անձ Սեւակ Արծրունին, որ ինչ-որ ժամանակահատվածում Հարությունյանների բիզնեսի գործունեության շահույթից բաժին է ուզում:

Այս ամենով հանդերձ, շարունակում են արգելանքի տակ մնալ Հարությունյանների ունեցվածքն ու հաշիվները, այսինքն, ըստ Նարեկ Հարությունյանի, իր ընտանիքի վրա ճնշումները բոլոր կողմերից են` հարկայինից, մաքսայինից, դատախազությունից, քննիչներից: Ուստի նա կոչ է անում բոլոր սփյուռքահայերին, նաեւ լրատվամիջոցներին` հետեւողական լինելու եւ հետեւելու իր ընտանիքի դեմ գործին:

Ասուլիսին ներկա Հարությունյանների փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանը, Անի Թորոսյանը, Գեւորգ Չամիշյանն ու Հայկ Ալումյանը այժմ էլ ընթացքի մեջ գտնվող գործերից տարբեր խախտումների օրինակներ բերեցին, թե ինչպես Հայաստանում իսկ չգտնված ժամանակահատվածի համար մեղադրանքներ են ներկայացվել Նարեկ Հարությունյանին, երբ յուրացումների ժամանակ համապատասխան կառույցում տնօրեն է եղել հիմա էլ ազատության մեջ գտնվող Արտյոմ Մարտիրոսյանը, իսկ փաստացի ամբողջը ղեկավարել է Սեւակ Արծրունին, թե ինչպես են խախտվել դատավարական տարբեր ժամկետներ, ինչպես է քրեական գործով դատախազ Բագրատ Պետրոսյանը դատարանում ներկայացրել տեղեկություններ, որոնք չեն հաստատվել ու դրանով գործը ձգձգվել է, թե ինչպես դատական նիստի օր է նշանակվել ապրիլի 24-ը, կամ հարկային ակտի վերաբերյալ բողոքի առնչությամբ դեռ որոշում չկայացրած` սպասում են քրեական գործի ավարտին եւ այլն:

Տպավորությունն ընդհանրական այնպիսին էր, թե Հարությունյաններին իսկապես հետապնդում են, կամ ինչ-որ բան այն չէ նրանց նկատմամբ Հայաստանի ու հայաստանցիների վերաբերմունքում: «Ազգը» փորձեց հետաքրքրվել, թե, ի վերջո, ո՞րն է նման հետապնդման պատճառը, ո՞ւմ եւ ինչո՞ւ հարմար չեն եկել Հարությունյանները, կամ ի՞նչ նպատակներ ունի նրանցից գումար պահանջող Սեւակ Արծրունին:

Հարցին արձագանքեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը ՙ ներկայանալով որպես խնդրին քաջատեղյակ: Նա նշեց, թե Սեւակ Արծրունին թերեւս զոհ է, որ, այդուհանդերձ, ներգրավված է նաեւ շինարարության ոլորտում, որտեղ եւս խնդիրներ ունի: Ըստ Բաղդասարյանի, այս գործի առանցքը «ժամացույցների գործարանն է, որի 2-րդ բաժնետերը Հարությունյաններն են` մոտ 8-10 մլն դոլար բաժնեմասով»:

Նշենք, որ տվյալ դեպքում խոսքը «Երեւանի ժամացույցի գործարան» ԲԲ ընկերության մասին է, որի գլխավոր տնօրեն Նորայր Չրաղյանը ժամանակին արդեն հերքել է, թե Նարեկ Հարությունյանը բաժնետեր է այդ գործարանում, ինչն իրականություն է մասամբ, քանի որ բաժնետեր է հորից այդ բաժինը ժառանգած Սարո Հարությունյանը` Նարեկի եղբայրը:

Նարեկ Հարությունյանն ինքը «Ազգի» հարցը կրկնելուն արձագանքեց. «Հանուն արդարության պետք է պայքարել... Ես ցավում եմ, որ այս ճնշումների պատճառով չեմ կարողանում մշակութային հարցերով զբաղվել»: Իսկ թե մի քանի դատական գործերն իրականում ինչ նպատակ ունեն, եթե դրանք «հետապնդում» ոլորտից են, Հարությունյանը թողեց անպատասխան:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4