Ուոլթհեմից (Մասաչուսեթս, ԱՄՆ) ստացված հաղորդագրությունը գուժում է մահը Բոստոնում լույս տեսնող «Արմինյն միրոր սփեքթեյթր» անգլիատառ շաբաթաթերթի նախկին խմբագիր Արա Գալայճյանի, որ տեղի է ունեցել փետրվարի 26-ին:
Գալայճյանը ծնվել էր Երուսաղեմում 1938-ին Ցեղասպանությունից մազապուրծ մարաշցիներիՙ Գառնիկ եւ Մարի (Չինչինյան) Գալայճյանների ընտանիքում: Կրթությունը ստացել էր տեղի Սուրբ Թարգմանչաց վարժարանում: 1948 թվականի առաջին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Զահլե (Լիբանան), որտեղ երկու տարի հաճախել է Մխիթարյանների հայկական վարժարանը: Այնուհետեւ վերադառնալով Երուսաղեմՙ շարունակել է ուսումը Թարգմանչաց վարժարանում եւ ավարտել 1951-ին: Նույն տարին մեկնելով Կիպրոսՙ ընդունվել է ՀԲԸՄ-ի Մելգոնյան կրթական հաստատությունը, որից հետո դասավանդել տեղի Մելիքյան վարժարանում:
1965-ին Երուսաղեմ վերադառնալով, ստանձնել է Եղիշե պատրիարք Տերտերյանի անձնական քարտուղարի, ինչպես նաեւ պատրիարքարանի պաշտոնաթերթ «Սիոնի» գլխավոր խմբագրի պաշտոնները: Միաժամանակ սկսել է դասավանդել հայ գրականություն Երուսաղեմի հոգեւոր ճեմարանում եւ Եբրայական համալսարանում: Վաղ տարիքից պրպտող եւ ուսումնասիրող անձնավորություն է եղել, հոդվածներ տպագրել հայկական տարբեր թերթերում:
1967-ին կազմել եւ հրատարակել է «Մշո վանքի ձեռագրերը» եզակի աշխատությունը, ինչպես նաեւ Պետրոս Դուրյանի երկուՙ «Տաղք» (բանաստեղծությունների) եւ «Նամականի» (նամակների) հատորները, եւ Արփիար Արփիարյանի ամբողջական գործերի առաջին հատորը:
Միացյալ Նահանգներ է տեղափոխվել իր կնոջՙ Շուշանի հետ, եւ հաստատվել Բոստոնում, որտեղ ստանձնել է «Պայքար» շաբաթաթերթի եւ հետագայումՙ 1987-ից մինչեւ 1997-ը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնները: Կարճ ժամանակ հայերեն է դասավանդել նաեւ Մասաչուսեթսի համալսարանում: 2000 թվականին լույս է տեսել նրա «Օրը օրին» հոդվածների եւ խորհրդածությունների ժողովածուն:
Անդամ էր Ռամկավար Ազատական կուսակցության եւ «Վարդանանց ասպետների»: