«Լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները եւ դատական գործերը Հայաստանում 2010-2011 թթ.» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 20-ին: Այս հրատարակությունը շարունակում է 2008 թ. «Հետաքննող լրագրողների» ՀԿ-ի սկսած մամուլի եւ խոսքի ազատությունը ներկայացնող գրքերի շարքը:
«Սա երկրորդ հրատարակությունն է: Առաջինը 2008-2009 թթ. էր: Առաջին հերթին մենք կարեւոր ենք համարում նման տվյալների բազայի ստեղծումը` հետազոտողների, լրագրողների, իրավաբանների եւ այլ շահագրգիռ անձանց համար: Նրանք, ովքեր կուզենան անդրադառնալ այս թեմաներին, կարող են վերցնել այս գիրքը եւ տեսնել, թե ինչ նախապատմություն ուներ պրոցեսը, ինչ դինամիկա է արձանագրվել, որոնք են հիմնական մարտահրավերները եւ խոչընդոտները լրատվամիջոցենրի զարգացման համար Հայաստանում», ասաց նույն ՀԿ-ի անդամ, գրքի խմբագիր Լիանա Սայադյանը :
Երկամյա մոնիտորինգը ցույց է տվել, որ Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը նվազում է ոչ ընտրական տարում եւ աճում նախընտրական շրջանում: 2010-2011 թթ. դրանց թիվն իսկապես նվազել է` համապատասխանաբար 9 եւ 4 դեպք` նախորդ` 2008-2009-ի` 18 եւ 11 դեպքի համեմատությամբ:
«Այս հրատարակությունը մեզ բոլորիս կօգնի շատ ավելի իրազեկ լինել եւ ավելի ճիշտ պաշտպանություն կառուցել, որպեսզի մեր անբասիր հեղինակություն ունեցող հասարակական ու քաղաքական գործիչները չշարունակեն պատիվ պահանջել լրագրողներից: Այս գիրքը, ի լրումն շատ կարեւոր ուսումնասիրություն լինելուն, նաեւ համերաշխության ժեստ է լրագրողական հանրության համար», ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը , որի ՀՀ եռաստիճան դատական համակարգում քննված գործերով կայացված վճիռների վերաբերյալ վերլուծությունները նույնպես տեղ են գտել գրքում:
Բացի դրանից, ներկայացվեց Հայաստանում խոսքի ազատության հետ կապված օրենսդրական դաշտի վերլուծություն: «ՀՀ-ն այն քիչ պետություններից է, որտեղ զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացվել են: Այս օրենքով կրճատվում է լրագրողների նկատմամբ բռնությունների քանակը եւ բարձրանում են լրագրողական էթիկայի ստանդարտները», նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը:
Գիրքը, որը լույս է տեսել հայերեն եւ անգլերեն հատվածներով, բաղկացած է երկու բաժնից` «Լրագրողները եւ ԶԼՄ-ները դատարանում», եւ երկրորդ բաժնում ամփոփված են լրագրողների դեմ բռնությունների դեպքերը եւ դրանց բացահայտման հետ կապված զարգացումները:
ՆԱԻՐԱ ՎԵՐԴՅԱՆ