«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ՓՐԿԵՆՔ ՎԱՐԱԳԱՎԱՆՔԸ

Վանում 2011-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով լրջորեն վնասված Վարագավանքի անմխիթար վիճակի մասին է արձագանքում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի տնօրեն, պատմաբան Արա Սաֆարյանը , ով հաճախ է այցելում արեւելյան Թուրքիա եւ հատկապես Վան:

Վարագավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական եւ մշակութային կենտրոն է եղել, Վան քաղաքից հարավ-արեւելք: Վարագ լեռան արեւմտյան լանջին: Հիմնադրվել է 7-րդ դարում: Վանական համալիրը բաղկացած է եղել վեց եկեղեցիներից, գավթից, նախասրահից եւ օժանդակ շինություններից:

Ըստ հոդվածագրի, վանքի մեծ մասը խորտակվել է 1915-ի Եղեռնի օրերին: Դրանից հետո վանքն զգալի վնաս է կրել 1960-ական թվերին, մինչ որոշ հատվածներ կանգուն մնալով դեռեւս հազարավոր զբոսաշրջիկների հետաքրքրությունն են առաջացնում եւ ստիպում նրանց այցելել այդ վայրը: Այդ զբոսաշրջիկների մեջ բացի հայերից կան նաեւ գերմանացիներ, ճապոնացիներ, իտալացիներ եւ ամերիկացիներ:

Ներկայիս վանքում առաջացած նախկին ճաքերը էլ ավելի են մեծացել եւ նորերըՙ առաջացել: Անվտանգության հարցերը դարձել են կասկածելի եւ, ըստ հոդվածի հեղինակի, ով հույս ունի որ «սխալվում է», վանքը դատապարտված է կործանման, եթե անմիջական քայլեր չձեռնարկվեն:

Այդ առումով թուրք ճարտարագետների մի խումբ վերջերս այցելել է այդ տարածքը եւ նշել, որ դեռ կարելի է փրկել վանքը: Նրանք ծրագրում են վերականգնման աշխատանքներն սկսել այս գարնանը: Նման խոստումներ, իհարկե, նախկինում էլ են եղել, բայց հետո մոռացվել:

Վարագի քրդական ավանն էլ ներկայիս սարսափելի վիճակում է: Մոտ 600 բնակիչներից (65 ընտանիքներ) մեծ մասը հողագործներ են, մի մասն էլ անգործներ: Երկրաշարժի հետեւանքով շատերն ապրում են վրանների տակ: Խոսակցություն կա, որ ամբողջ գյուղի բնակիչներին կարող են վերաբնակեցնել մի այլ վայրում: Դա, անտարակույս, դժբախտություն կլինի, որովհետեւ քրդերը մինչեւ օրս որոշակի հսկոողություն են սահմանել վանքի տարածքում: Վերջին հինգ տարիներին նույնիսկ պաշտոնական պահակ էր նշանակվել Մեհմեդ Չոբանը, որը մի փոքր գումար էր ստանում կառավարությունից դրա համար: Բայց նրա ճակատագիրն էլ այժմ անորոշ է:

«Ի՞նչ բախտ է վիճակված Վարագավանքին», հարցնում է Արա Սարաֆյանը իր եզրակացության մեջ: Տեղական իշխանությունները ցանկանում են պահպանել մշակութային եւ եկեղեցական այդ եզակի կառույցը: Հայերն էլ կմասնակցե՞ն դրան: Կապրենք, կտեսնենք:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4