«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄՈԶԻՉ ՉԷՐ

Ատենախոսության մեջ առկա բազմաթիվ սխալները, թերություններն ու իրարամերժ կարծիքները, անգամ ռուսերեն լեզվի անհասկանալի գերակայությունը չխանգարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ստանալու պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Սակայն մինչ լեզվի վերոնշյալ խնդրին անդրադառնալը հակիրճ ներկայացնենք պաշտպանության ընթացքում նշված մի քանի թերություններն ու կարծիքները: Ընդդիմախոսներից մեկը` ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ ատենախոսությունը գրված է հապճեպ` բազմաթիվ քերականական սխալներով ու, չգիտես ինչո՞ւ, ռուսերեն:

Նույնիսկ կարծիք հնչեց, որ ատենախոսությունը հասել է ոչ թե պատմագիտական մակարդակի, այլ մնացել ընդամենը ներքաղաքագիտական մակարդակի վրա, անգամ եզրակացություններն են քաղաքագիտական, ոչ թե պատմագիտական:

Իսկ ռուսերեն գրված լինելու մասով Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նույնպես նշեց` իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ատենախոսությունը ռուսերեն, ապա դիմելով Հայկ Դեմոյանին` ավելացրեց. «Պետք է ներկայացրած լինեիք հայերեն»:

Հայկ Դեմոյանը , իհարկե, բոլոր դիտարկումներին տվեց իր պատասխանները, չնայած հայերեն չգրելու վերաբերյալ բացատրությունը համոզիչ չէր. «Ես ստացել եմ հայերեն կրթություն: Բայց եթե ես այս աշխատանքը գրեի հայերեն լեզվով, մենք այստեղ նստած կլինեինք երեւի 5-6 տարի առաջ. դա հեշտ տարբերակն էր: Որպես գիտնական ես խնդիր եմ դրել գնալ ավելի բարդ ճանապարհով: Եթե ես աշխատանքը չգրեի ռուսերեն, չէի ստանա ԱՊՀ երիտասարդ գիտնականների մրցանակ: Բայց որպես հեղինակ գտնում եմ` աշխատանքը պետք է ներկայացվի նաեւ մայրենի լեզվով»:

Հայկ Դեմոյանը, սակայն, չբացատրեց համոզիչ կերպով, թե ո՞րն էր հայերեն թարգմանելու դժվարությունը եւ ինչո՞վ է պայմանավորված ատենախոսությունը ռուսերեն ներկայացնելու հապճեպությունը:

Ի. Պ.

Հ. Գ. - Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը պատմաբան Գեւորգ Յազըճյանն ասուլիսի ժամանակ ասել էր` կհրաժարվի իր գիտական աստիճանից, եթե մասնագիտական խորհուրդը Հայկ Դեմոյանից չպահանջի ատենախոսությունը հայերեն: Իր պայմանի համաձայնՙ Գեւորգ Յազըճյանը երեկ հրաժարվել է գիտական աստիճանից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4