«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#35, 2012-02-25 | #36, 2012-02-28 | #37, 2012-02-29


ԳՐՔԵՐ` ԱՐԴԵՆ ԹՎԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

Վերջերս սկսվել են Հայաստանի գրադարանների հավաքածուների թվայնացումը, որի մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը. «Թվայնացումը բավականին բարդ աշխատանք է, քանի որ գրադարաններում ունենք միլիոնավոր հատորներ եւ այդ ամբողջ ժառանգությունը թվայնացնելը կտեւի երկար: 2001թ. հասկանալով դրա կարեւորությունը` Ազգային գրադարանը, Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը, Երեւանի Պետական համալսարանի գրադարանը, Գիտաբժշկական գրադարանը եւ Գրապալատը սկսեցին թվայնացնել գրքերը: Վերոնշված գրադարաններին միացան Երեւանի Ճարտարագիտական համալսարանի գրադարանը, Գիտատեխնիկական գրադարանը, Խնկո Ապոր մանկական գրադարանը: Սկսեցինք էլեկտրոնային քարտարանների ձեւավորումից, քանի որ ընթերցողի համար առաջնային ռեսուրսը դա քարտարանն է: Շնորհակալ ենք Բաց հասարակության ինստիտուտին հովանավորելու համար»:

Արդեն տասը տարի է, որ այդ գործընթացը տեղի է ունենում եւ ուրախությամբ կարող ենք նշել, որ ունենք արդեն մեկ միլիոն գրառում համահավաք գրացուցակում` էլեկտրոնային քարտարանում: Հաջողելով այս աշխատանքը, Ազգային գրադարանը որոշեց թվայնացնել նաեւ տեքստային նյութեր, որոնք ավելի մեծ հետաքրքրություն են վայելում: Ազգային գրադարանը հայագիտական ամենախոշոր պահոցն է աշխարհում, որտեղ ունենք ահռելի քանակի տպագիր նյութեր` թե՛ մամուլից, թե՛ հնատիպ գրքերից: Ազգային գրադարանի ծրագրերից է թվայնացնել նաեւ հայ պարբերական մամուլը, ստեղծել հայ հնատիպ գրքի համահավաք գրացուցակ, որը ներկայացնում է հնատիպ գիրքը մատենագիտական նկարագրությամբ, եւ կնշվեն աշխարհի այն գրադարանները, որոնցում նույն գիրքը պահպանվում է:

Անդրադառնալով Գիտության Ազգային ակադեմիայի գիտական արտադրանքին` ամսագրերին, դրանք եւս թվայնացվում են:

Բանախոսը ընդդիմացավ այն մարդկանց, որոնք ասում են, թե ընթերցողների թիվը նվազել է եւ նշեց. «Էլեկտրոնային տարբերակների առկայության պարագայում ընթերցողների թիվն էլ ավելի է աճել: Ինչպես գիտենք, ընթերցանությունը համացանցով ավելի տարածված է երիտասարդների շրջանում եւ ուրախալի է, որ ընթերցողների թիվը օր օրի աճում է»:

Թե երբ կավարտվի թվայնացման գործընթացը, դժվար է նշել, քանի որ, օրինակՙ Ազգային գրադարանում կա 7 միլիոն գիրք, իսկ աշխատանքները կարելի է ասել դեռ նոր-նոր են սկսվել եւ ամբողջական թվային գրադարան ունենալու համար անհրաժեշտ է 10-ից 20 տարի:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4