Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 60 մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող Գեւորգ Հարությունյանը, վրացահայ Դավիթ Հարությունյանն ու բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, որոնք հաջող են մեկնարկել:
4 տուրից հետո Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն ու Դավիթ Հարությունյանը 3,5-ական միավորով առաջատարների խմբում են, իսկ Գեւորգ Հարությունյանն ունի 3 միավոր: Նրանք մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էին տոնել:
Մխիթարյանը հաջորդաբար հաղթեց Էրիկ Էգրետեաուին, Ջուլիեն Սադային եւ Գիլյերմե Աբդալային, իսկ 4-րդ տուրում հաշտություն կնքեց Դավիթ Ջոջուայի հետ: Դավիթ Հարությունյանն էլ Ռոման Բիլքուեզին, Քրիստոֆեր Դեբրային եւ Վինսենտ Կոլինին հաղթելուց հետո ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Բարսովի հետ: Իսկ ահա Գեւորգ Հարությունյանը Լուկ Լերիչեի, Ելենա Բորիչի եւ Էզրա Կիրկի նկատմամբ առավելության հասնելուց հետո պարտվեց մրցաշարի առաջատար Ալեքսանդր Ֆիեռին, որը 4 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը:
5-րդ տուրում Դավիթ Հարությունյանն ու Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը կմրցեն միմյանց հետ, իսկ Գեւորգ Հարությունյանի մրցակիցը կլինի Ալեքսեյ Բարսովը:’