Հայաստանի չեմպիոն «Ուլիսն» ուսումնամարզական վերջին հավաքն անցկացնում է Թուրքիայի Անթալիա քաղաքում: Մարզումներին մասնակցում են 21 ուլիսցիներ: Թիմի հետ Թուրքիա չեն մեկնել վնասվածք ունեցող Ալբերտ Թադեւոսյանը եւ «Ուլիսի» նորեկ Գեորգի Մանծկավան, որի հայրը վատառողջ է:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը ավելի վաղ էր մեկնել Թուրքիա, որպեսզի տեղում ծանոթանար պայմաններին ու ստուգողական հանդիպումների անցկացման վերաբերյալ պայմանավորվեր մրցակիցների հետ:
«Ուլիսն» Անթալիայում ստուգողական առաջին հանդիպումը կանցկացնի այսօր: Մրցակիցը կլինի Բելառուսի առաջնության բրոնզե մեդալակիր «Գոմելը»: Մարտի 3-ին ուլիսցիները կմրցեն բելառուսական մեկ այլ ակումբիՙ բարձրագույն խմբում 8-րդ տեղը զբաղեցրած Գրոդնոյի «Նեմանի» հետ: Հաջորդ օրը «Ուլիսը» 2-րդ կազմով կխաղա Ռուսաստանի 2-րդ խմբի առաջնության մասնակից «Սլավյանսկիի» հետ: Հաջորդ հանդիպումը նախատեսված է մարտի 7-ին ՌԴ-ի առաջին խմբի առաջնությունում 6-րդ տեղում ընթացող Բրյանսկի «Դինամոյի» հետ: Վերջին խաղը ՀՀ չեմպիոնը կանցկացնի մարտի 10-ին Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Ժոդինոյի «Տորպեդոյի» հետ: Մարտի 11-ին «Ուլիսը» կվերադառնա Հայաստան ու տեղում կնախապատրաստվի «Իմպուլսի» հետ կայանալիք ՀՀ գավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը: