Այլապես այդ սկզբունքը կտարածվեր նաեւ Հոլոքոսթի ժխտման, ֆաշիզմի կամ նացիզմի քարոզման վրա
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում Խոջալուի այսպես կոչված կոտորածի պատրվակով տասնյակհազարավոր թուրք ազգայնամոլներ, ադրբեջանցի հրոսակների մասնակցությամբ կազմակերպված հանրահավաքը վերածեցին հայատյացության ցույցի, բարձրացնելով «Հյուսիսն ու հարավը միանա, Հայաստանըՙ վերանա», «Այսօր «Թաքսիմում», վաղըՙ Երեւանում. մի օր գիշերով հանկարծակի կգանք», «Ղարաբաղի կամավոր զինվորներն ենք», «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման. վրեժխնդրություն», «Հրանտի վիժվածքները մեզ չեն ընկճի», «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառներ:
Վարչապետ Էրդողանի կառավարությունը, ապահովելով հանրահավաքին ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինի եւ Ստամբուլի նահանգապետ Հուսեյին Ավնի Մութլուի մասնակցությունը, փաստորեն թագադրեց հային հրապարակավ վիժվածք անվանող թուրք-ադրբեջանական ստահակների խառնամբոխին:
Մինչ առաջադեմ թուրք մտավորականները Խոջալուի «կոտորածի» պատճառաբանությամբ հանրահավաքը հայերի նկատմամբ ոխակալության ցույցի վերածելու համար դատապարտում էին Էրդողանի կառավարությանը, իսկ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղիՙ ընդդեմ ռասիզմի եւ խտրականության հանձնաժողովը, ինչպես նախարար Շահինի, այնպես էլ հանրահավաքի կազմկոմիտեի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դիմում էր ներկայացնում դատարան, լրացավ Սումգայիթի ջարդերի սկզբնավորման 24-րդ տարելիցը:
Հենց այդ օրն էլՙ փետրվարի 28-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը խոսքի ազատությունը սահմանափակելու պատճառաբանությամբ չեղյալ համարեց ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դրանով օրինագծի ընդունման գործընթացը վերադարձավ ելման կետ: Թեեւ նախագահ Նիկոլա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է օրինագծի նոր տեքստ պատրաստել, սակայն առջեւում նախագահական ընտրություններն են, հետեւաբար մարտի 6-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը, ապա եւ Սենատը արձակուրդ են գնում:
Այլ կերպ, օրինագիծը չեղյալ հայտարարելու որոշմամբ, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը գոնե մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը Անկարային ազատում է հոգսերից: Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը ընդունված այս որոշումն Անկարայում ընկալվեց որպես հաղթանակ, ոգեւորեց հայ սպանելու համար մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակող ադրբեջանցիների ոհմակին եւ մեծ գոհունակություն պատճառեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:
Դավութօղլուն որոշման առնչությամբ ողջունեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդին, դա վերագրեց ֆրանսիական պետության միջազգային հեղինակությունը վտանգող եւ երկու ժողովուրդների միջեւ անջրպետի առաջացման սպառնալիք պարունակող վտանգը կանխարգելելու ողջամտությանը, հույս հայտնեց, որ այդ որոշումն օրինակ կհանդիսանա եվրոպական մյուս երկրների խորհրդարանների համար:
Այնուհետեւ նա, թուրքական NTV-ի վկայությամբ, ասաց. «Առկա խնդիրը (ցեղասպանության) անկեղծորեն քննարկելու մթնոլորտ է ստեղծվել: Սա թուրքերի եւ հայերի համար պատեհ առիթ է: Այն առիթը, որը պատմության մեջ բազմիցս ընդհանուր վիշտը միասնաբար կրած երկու ժողովուրդներին տալիս է գրկախառնվելու հնարավորություն»:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշման առթիվ հաղորդագրությամբ հանդես եկավ նաեւ Թուրքիայի արտգործնախարարությունը, դիտարկելով դա իբրեւ պատմության քաղաքականացման նկրտումները մերժող, խոսքի եւ հետազոտության ազատությանը նպաստող, իրավական պետությանն արժանավայել եւ միջազգային իրավունքի նորմերից բխող ողջունելի քայլ: Հաղորդագրությամբ արտգործնախարարությունը միաժամանակ հույս հայտնեց, որ Ֆրանսիան հետայսու կորդեգրի «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա պատմական վեճի արդար եւ գիտական քննարկմանը նպաստող, այլ ոչ թե բանավեճը սրող» դիրքորոշում:
Մերժված օրինագիծը ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտման համար մինչեւ 1 տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք էր սահմանում: Քանի որ Հոլոքոսթի ժխտման համար մինչեւ 2 տարի ազատազրկում նախատեսող օրենքը գործում է Ֆրանսիայում, ուստի Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարելով նշված օրինագիծը, ոչ թե պաշտպանում է խոսքի ազատության սկզբունքը, այլ անսկզբունքայնություն է դրսեւորում եւ կիրառում է երկակի ստանդարտ:
Ցեղասպանությունը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, իսկ ժխտողականությունը ցեղասպանության ակնհայտ քարոզում: Դրա քրեականացումը իրականում բխում է ՄԱԿ-ի ցեղասպանության հանցանքի պատժման եւ կանխարգելման կոնվենցիայից: Քանի որ կանխարգելման նախապայմանը ցեղասպանության փաստի ճանաչումն է, իսկ համանման հանցանքի պատժմանՙ ժխտողականության քրեականացումը, ուստի խոսքի ազատության սկզբունքը չի կարող գործել մարդկության դեմ կատարված հանցագործությունների պարագայում, ինչպես, օրինակՙ չի գործում ֆաշիզմի կամ նացիզմի գովերգության դեպքում:
Հետեւաբար, ցեղասպանությունների, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը չի կարող որեւէ առնչություն ունենալ խոսքի ազատության սկզբունքի կամ այդ երկրի սահմանադրության 33-րդ հոդվածի հետ: Խորհրդի այդ որոշմամբ, ժխտումը խրախուսվում եւ դրանով քաղաքականացվում է մարդկության դեմ կատարված հանցագործությանՙ ցեղասպանության քարոզումը:
Այս գործելակերպը հազիվ թե նպաստի Ֆրանսիայի միջազգային հեղինակությանը: Սակայն դա ֆրանսիացիների խնդիրն է, որովհետեւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի ընդունած օրինագիծը: Այսինքնՙ օրինագծի ե՛ւ ընդունման, ե՛ւ մերժման նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիային, այլ ոչ թե Հայաստանին:
Ակամա հարց է ծագում, եթե խնդիրը խոսքի ազատության սկզբունքը չէ, ապա ինչո՞ւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժեց օրինագիծը եւ ի՞նչն էր պատճառը, որ նախագահ Սարկոզին հապաղեց ժամանակին ստորագրել Սենատում ընդունված օրինագիծը, որպեսզի կանխի դրա բողոքարկման հնարավորությունը Սահմանադրական դատարանում:
Առաջին հարցին երեկ պատասխանել է «Ֆայնենշըլ թայմսը», գրելով. «Հարցը (օրինագծի) առանցքային է, որովհետեւ Սիրիայի առաջնորդի պաշտոնազրկման հարցում երկու երկրներն էլ (Ֆրանսիան ու Թուրքիան) ունեն ընդհանուր նպատակ: Սիրիայի հարցում միջազգային քաղաքականության համար ուղեցույց հանդիսացող «Սիրիայի բարեկամների» խմբի առաջիկա նիստը գումարվելու է Ստամբուլում, իսկ հաջորդըՙ Ֆրանսիայում»:
Ինչ վերաբերում է նախագահ Սարկոզիին, ապա օրինագծի հարցում նրա անկեղծությունը չի կարող կասկած հարուցել: Եթե դա այդպես է, ապա օրինագիծը ժամանակին ստորագրելուց նրա հապաղելը այլ բացատրություն չի կարող ունենալ, քան անձնական պատասխանատվությունից խուսափելը: Ակնհայտ է, որ օրինագիծն անմիջապես ստորագրելու պարագայում նախագահ Սարկոզին անմիջականորեն իր վրա էր կրելու դրաՙ օրենքի ուժ ստանալու ողջ պատասխանատվությունը: