«Իզվեստիայում» Արա Աբրահամյանը գրում է, թե ինչպիսի փոփոխություններ են հարկավոր Ռուսաստանին եւ ով պետք է դրանք իրականացնի
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Ռուսաստանի հայերի միության նախագահ
Մենք բոլորս ուզում ենք փոփոխություններ: Կասեմ ավելին. եթե ամեն ինչ թողնենք նույն ձեւով եւ մտածենք, թե «ամեն ինչ ինքն իրեն կհարթվի», տեղի կունենա աղետ: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի փոփոխություններ պետք է իրականացվեն:
Չէ՞ որ լինում են տարբեր փոփոխություններ: 1905-ին կամ 1917-ին Ռուսական կայսրության հպատակները նույնպես ուզում էին փոփոխություններ: Բայց, կարծում եմ, հեղափոխությունների հետեւանքով ստացվածը նրանց հույսերի մարմնավորումը չէր: Երկիրը կորցրեց տասնյակմիլիոնավոր մարդկանց: Չկա ընտանիք, որը տուժած չլինի քաղաքացիական պատերազմի, կոլեկտիվացման, ստալինյան հալածանքների կամ Հայրենական մեծ պատերազմի պատճառով: Տվյալ կորուստները, վստահ եմ, զգալի չափով Ռուսական կայսրության տրոհման հետեւանքն էին: Քանզի հանուն փոփոխությունների հին աշխարհը քանդում էին «մինչեւ հիմքերը»:
Ռուսաստանը 20-րդ դարում սպառել է հեղափոխությունների լիմիտը: Եվ ինչպես ցույց է տվել հայրենական պատմական փորձը, հեղափոխությունը որեւէ լավ բան չի բերում հասարակությանը, քանզի ուղեկցվում է զանգվածային սոցիալական ցնցումներով եւ նյութական ավերածություններով, պետության փլուզմամբ եւ քաղաքացիական հակամարտությամբ:
Հետագա, համեմատաբար հանդարտ ժամանակներում մեզ մոտ եղել է նույնը: Խրուշչով, Բրեժնեւ, Գորբաչով, Ելցինՙ նրանցից յուրաքանչյուրը անպայման քննադատել է իր նախորդին եւ հրաժարվել նրա հնարավորինս մեծ թվով ձեռնարկումներից: Այդ փակ շրջանից դուրս գալու համար հարկավոր է վերջ տալ մեղավորներ փնտրելուն: Երեկվա օրը չպետք է խանգարի մեր վաղվա կյանքին: Երկիրը կարոտ է համակարգային քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ռազմական բարեփոխումների զարգացմանը: Եվ եթե Պուտինը ի վիճակի է իրականացնելու տվյալ բարեփոխումները, ապա թող Ռուսաստանի նոր ղեկավարը լինի Պուտինը:
Մենք գիտենք, թե նա 2000-ականների սկզբին ինչպիսի վիճակում ընդունեց երկիրը եւ ինչպիսի արդյունքների հասավ: Նա առավել լավ պատրաստված քաղաքական գործիչն է, պետական գործունեության հսկայական փորձ ունի: Այսօր նման ուրիշ թեկնածու չկա: Դա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, վատ է, որ երկրի ճակատագիրը կախված է մեկ մարդու հեղինակությունից եւ օրինավորությունից, այլ ոչ թե արդյունավետ քաղաքական մեխանիզմից: Բայց դա փաստ է:
Հասկանալի է, որ վերջին հաշվով ամեն ինչ որոշելու է ժողովուրդը: Ուրեմն եկեք նրան ընտրելու հնարավորություն տանք, եկեք հարգանքով վերաբերվենք նրա ընտրությանը: Թե չէ ստացվում է տարօրինակ իրավիճակ: Մեր ընդդիմադիրներից շատերն ասում են, թե սեպտեմբերի 24-ինՙ «Միասնական Ռուսաստանի» հիշարժան համագումարում ժողովրդին ձեռք են առել, հայտարարելով, թե «տանդեմում» հետագա փոխատեղման (այսինքնՙ Պուտինը կվերադառնա նախագահի պաշտոնին, իսկ Մեդվեդեւը կդառնա վարչապետ) վերաբերյալ որոշումն ընդունվել էր դեռ 4 տարի առաջ: Իրոք, նման բաներ չէր կարելի հայտարարել: Ինչպես նման դեպքերում ասում էր Չեռնոմիրդինը, «Ուզում էին հնարավորինս լավ անել, բայց ստացվեց ինչպես միշտ»: Սակայն հիմա «Բոլոտնայա» հրապարակում հավաքվողները նույնպես անտեսում են հանրային կարծիքը, երբ ասում են «Պուտի՛ն, հեռացիր»:
Մեր գլխավոր վտանգը ծայրահեղության մեջ ընկնելն է եւ օրենքը, սահմանադրությունն ու ավանդույթները չհարգելը: Մենք չպետք է մոռանանք սեփական ավանդույթներն ու արժեքները, որոնք կային թե՛ Ռուսական կայսրությունում եւ թե՛ ԽՍՀՄ-ում: Պուտինն իր հոդվածներից մեկում բերել է Հոլիվուդի դաստիարակչական դերի օրինակը: Իսկ ինձ դաստիարակել է հայրենական կինեմատոգրաֆըՙ «Միմինոն», «Զինվորի հայրը» եւ այլն: Այդ ֆիլմերն ինչո՞վ են վատ հոլիվուդյաններից: Մի՞թե դրանք չեն դաստիարակել անխախտ բարեկամություն, հայրենասիրություն, կոլեկտիվիզմ: Ուստի հարաբերություններն էլ ուրիշ էին: Օրենքի եւ ավանդույթների նկատմամբ վերաբերմունքը կախված չէ սեփականության ձեւից:
Մեզ համար մեծ նշանակություն ունի հասարակության մեջ քաղաքացիական հաշտության եւ ազգամիջյան համաձայնության պահպանումը: Հայկական համայնքներ ապրում են բազմաթիվ երկրներում, եւ ամենուրեք հայերը օրինապահ քաղաքացիներ են ու բարեխիղճ հարկատուներ, որոնք բավական արդյունավետորեն հարմարվում են տեղական մշակույթներին: Վերցնենք, օրինակ, Ֆրանսիան: Եթե հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրին հարցնեն, թե ինքը ազգությամբ ո՞վ է, կպատասխանի, որ առաջին հերթին ֆրանսիացի է: Նա մտածում է ֆրանսերեն, երգում ֆրանսերեն, կատարում այդ երկրի օրենքները, հարգում մշակույթը եւ միայն տանը, մերձավորների ու բարեկամների շրջանում կարող է իրեն հայ զգալ: Նա հաճախում է հայկական ակումբ, հայկական եկեղեցի, պահպանում հայկական սովորույթները եւ այլն: Այդպես են ապրում հայկական համայնքների ներկայացուցիչները Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներում: Ռուսաստանում եւս պետք է այնպես լինի, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ էթնիկական ծագումից, իրեն զգա ապահով, օրենքի առջեւ իրավահավասար, մասնակցի քաղաքացիական հաշտության ամրապնդմանը եւ հնարավորություն ունենա պահպանելու իր էթնիկական ինքնօրինակությունն ու մշակույթը:
Եվ մենք հավատում ենք Պուտինին: Մենք վստահ ենք, որ հասարակության առողջ ուժերի հետ մեկտեղ նա ի վիճակի է կառուցել ուժեղ եւ բարգավաճ Ռուսաստան:
«Իզվեստիա», 28 փետրվարի, 2012 թ.
Թարգմ. Պ. Ք.