Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանը միակողմանիորեն կվերացնի արտոնագրային ռեժիմը Ռուսաստանի հետ: Արդեն իսկ Ռուսաստանի Դաշնության հարավային հատվածի` Հյուսիսային Կովկասի համար այսօրինակ ռեժիմ կիրառվում է 2010-ի աշնանից:
Փետրվարի 28-ի ուշ երեկոյան խորհրդարանի առաջ ելույթ ունենալով, մինչ այդ էլ սեփական բնակչությանն իր ելույթը նայելու կոչով Սաակաշվիլին նշել է, թե Վրաստանը շահագրգիռ է «վերականգնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ»: «Մենք Ռուսաստանի հետ խաղաղություն ենք ուզում եւ հարաբերությունների վերականգնում, քանի որ Ռուսաստանը մեր հարեւանն է: Բայց մենք հարաբերությունները կվերականգնենք միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը ճանաչի Վրաստանը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում», ասել է Սաակաշվիլին:
Վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ պատգամավորներին ուղղված իր խոսքում Վրաստանի նախագահը իր երկիրը «Պատուհան դեպի Եվրոպա ողջ Կովկասի համար» ձեւաչափում է ներկայացրել, թեեւ, սեփական խոսքերով, «2003-ին սկսված հեղափոխությունը դեռեւս շարունակվում է»:
Ա. Հ.