«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2012-02-28 | #37, 2012-02-29 | #38, 2012-03-01


ՎԱՐՉԱՊԵՏԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Մեկ օր առաջ Մաշտոցի այգու տաղավարների վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտավորականների եւ ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե ընդհանրապես մշտական տաղավարների տեղադրմանը դեմ է, ու ամեն ինչ պետք է անի տաղավարները տեղափոխելու համար. «Երեւանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր, եւ ինձ դուր չի գալիս, որ այնտեղ կապիտալ շինարարություն է տեղի ունենում», ասել էր նա: Երեկ Ազգային ժողովում լրագրողները վարչապետից հետաքրքրվել են, թե նրա ասածն արդյոք չի՞ հակադրվում (օգտագործվեց «փչացնում» բառը) Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշմանը, ով ասել էր, թե Մաշտոցի այգու տաղավարների տեղադրման քաղաքապետարանի որոշումն օրինական է: Դիրքորոշումներն, ըստ վարչապետի, նույնն են եւ հստակ, այն է` այգիներում տաղավարներ չպետք է լինեն, այն էլ` մշտական կարգավիճակով. «Հանրապետության նախագահի հանձնարարականով մենք այդ հարցը քննարկել ենք Տարոն Մարգարյանի եւ Հանրային խորհրդի ղեկավարի հետ եւ պատրաստվում ենք այդ ամբողջական մոտեցումները վավերացնել, որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, որ Մաշտոցի այգում տաղավարներ չեն լինելու», վստահեցրեց վարչապետը` նշելով, որ «Հին Երեւան» նախագծով այս բոլոր հարցերը լուծվելու են, եւ այդ տաղավարները դուրս են բերվելու: Դա տեղի է ունենալու կառավարության որոշմամբ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4