Որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտման օրինագիծը, դեռեւս աշխարհի վերջը չէ: Սա ՀՅԴ բյուրոյի Հայ դատի ու քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքն է, որը նա հայտնեց երեկ «Ուրբաթ» ակումբում: Իսկ հակասահմանադրական ճանաչելու որոշման պատճառներից Կիրո Մանոյանն առանձնացրեց. «Պետք է նշել, որ այս անգամ ինչ-որ առումով հաղթեցին թուրքական ճնշումը եւ կաշառքը, ինչն ամենեւին պատիվ չի բերում Ֆրանսիային»:
Եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կանխավ ստորագրեր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, ապա այսօր ուրիշ պատկեր կունենայինք:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում օրինագծի սահմանադրականության քվեարկությունը եղել է գաղտնի, հետեւաբար հայտնի չէ` ո՞վ ինչպե՞ս է քվեարկել: «Իսկ Սահմադրական խորհրդում կան մարդիկ, որոնք մաս են կազմում թուրքամետ կազմակերպությունների, եւ կան նախկին քաղաքական գործիչներ, որոնք իրավաբաններ են եւ իրենց կյանքի ընթացքում այս գաղափարին դեմ են արտահայտվել», հավելեց պարոն Մանոյանը:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը «Հայացք» ակումբում անդրադարձավ նաեւ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը : Նրա կարծիքով` Թուրքիան ուրախությամբ ներկայացնում է, թե հաղթանակել է, սակայն իրականում Թուրքիան դարձել է իր քաղաքականության պատանդը. Հայոց ցեղասպանության փաստին իր քաղաքական գնահատականը Ֆրանսիան արդեն տվել է` ճանաչելով այն որպես անհերքելի իրողություն, իսկ իրավական հարթությունն այլ հարց է:
«Սահմանադրական խորհրդի անդամները չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն դեմ են արտահայտվում օրենսդրական կարգավիճակ տալուն», ասում է Ռուբեն Մելքոնյանը:
Այս որոշումն ուղղակիորեն կնպաստի Թուրքիայում ազգայնամոլության ծավալմանը, իսկ եթե օրինագիծը նորից մտցվի շրջանառության մեջ, ըստ թուրքագետի, Թուրքիան արդեն կներդնի իր մնացած լծակները, թեեւ Ֆրանսիայի նախագահն օգտագործելու է օրինագիծը նախընտրական շրջանում` փաստելու համար, որ տեր է իր խոստմանը:
Ի. Պ.