«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2012-02-28 | #37, 2012-02-29 | #38, 2012-03-01


ԵԺԿ-ԻՆ ՕԵԿ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Օրինաց երկիր» կուսակցության անցած 15 տարիները, ըստ կուսակցության նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի , պայքարի ու աշխատանքի տարիներ են եղել: Մարտի 20-ին իր 15-ամյան տոնելու պատրաստվող, իսկ երեկ արդեն «Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ դառնալու առիթով» միջոցառմանը Բաղդասարյանը ներկայացրեց կուսակցության ձեռքբերումներն ու այն նպատակները, որոնց ձգտելու ճանապարհին «Օրինաց երկիրը» շուրջ 200 օրենք է հեղինակել, տարբեր նախաձեռնություններ առաջ քաշել:

«Մեր կուսակցության համար գերակա եղել եւ մնում է մարդու եւ քաղաքացու շահերի պաշտպանությունը, կոռուպցիայի եւ բյուրոկրատական քաշքշուկների դեմ հետեւողական պայքարը», հայտարարեց Բաղդասարյանը, ավելացնելով, որ բարեփոխումների դժվար ճանապարհը երբեմն դիպչում է «որոշ մարդկանց շահերին, դրա համար էլ դրանք հաճախ լինում են նաեւ ցավոտ»:

Հայաստանում իրավական իշխանություն արմատավորելու նպատակ ունեցող ՕԵԿ-ի համար, ըստ Բաղդասարյանի, ԵԺԿ-ին անդամակցությունը «նոր պատուհան» է միջազգային այդ հարթակում բարձրացնելու Հայաստանին հուզող հարցեր: Ողջունելով ԵԺԿ-ին նաեւ ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» անդամակցությունը` Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ մարդկանց մի զգալի հատված «որոշել է ՕԵԿ-ի հետ ճանապարհ գնալ», քանի որ արդեն այս տարվա փետրվարի դրությամբ ՕԵԿ-ի անդամների թիվը հասել է շուրջ 150 հզ.-ի:

Արդեն մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում ՕԵԿ նախագահը դրանցում իր կուսակցության հաղթանակը կարեւորեց այն հանգամանքով, որ այդկերպ հնարավոր կլինի նպաստել «ժողովրդի մեջ կուտակված խնդիրների լուծմանը ոչ թե կիսատ-պռատ կարճաժամկետ լուծումներով», այլ երկարաժամկետ ու հիմնավոր պատասխաններով:

15-ամյա իր գործունեությունը «Օրինաց երկիրը» կերպավորել է նոր խորհրդանիշով եւ նոր նշանով, որ կուսակցության անդամներին կներկայացվի կուսակցության` մարտի 3-ին կայանալիք համագումարում:

Ա.Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4