Եզակի մարդկանց է հաջողվում ողջ կյանքի ընթացքում պահպանել այնպիսի եռանդ ու սթափ դատելու կարողություն, որ հնարավորություն է տալիս ոչ միայն հաղթահարել սեփական ճանապարհին պատահած խոչընդոտները, այլեւ մշտապես օգնության ձեռք մեկնել որեւէ խորհրդի կամ աջակցության կարիք ունեցողներին:
Իսկ երբ նման անհատը փորձառության հետ մեկտեղ ոչ թե կարծրատիպերով է առաջնորդվում, այլ պահպանում նորն ընկալելու, ընդունելու կարողությունը, ակնհայտ են դառնում լիդերին հատուկ որակների դրսեւորումները:
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանին կարելի է հենց այսպիսի բնութագրականներով ներկայացնել:
Երեւանի պետական համալսարանի, ապա նաեւ ժամանակի Ժողտնտեսության ինստիտուտի շրջանավարտի ավելի քան 50-ամյա աշխատանքային ուղին ընդգրկում է ղեկավար ամենացածր օղակներից մինչեւ քաղաքականություն վճռելու դիրքեր, որոնցով ձեռք բերված փորձն արդեն ավելի քան 20 տարի օգտագործվում է «Փախստականների միություն» հասարակական կազմակերպության համար: Այս կառույցում նախագահությունը Վլադիմիր Աղայանը 2001-ից մինչ օրս համատեղում է Ռուսաստանի հայերի միության, իսկ 2003-ից` նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի, հայաստանյան մասնաճյուղի տնօրենի պաշտոնի հետ:
Այսօր 75-ամյա հոբելյանի առիթով Վլադիմիր Աղայանին սովորական մաղթանքներ հղելը տեղին չէ, թեեւ արտասովորն էլ առանձնակի անհրաժեշտ չէ մի մարդու, որ սովոր է սեփական նախաձեռնություններով մշտապես արթուն ու հետեւողական լինել ժամանակի զարկերակին: Առողջ ու առատ հաջողություններ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Շնորհավորանք
Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հայաստանյան մասնաճյուղերի աշխատակիցները շնորհավորում են Վլադիմիր Աղայանին` 75-ամյակի կապակցությամբ ու մաղթում հաջողություններ նոր նախաձեռնություններում, լավագույն ձեռքբերումներ եւ ապագա նոր ծրագրերի լիարժեք իրագործում:
***
«Ազգը» ջերմորեն շնորհավորում է խոհուն, փորձառու, եռանդուն գործչի եւ մարդուՙ Վլադիմիր Աղայանի ադամանդյա հոբելյանը: