«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2012-02-28 | #37, 2012-02-29 | #38, 2012-03-01


ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԳԵՂ ԴԵՄՔԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները մոտենում են, եւ ժամանակն է փոխադարձ զիջումների գնալու: Հանրապետական կուսակցությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անհարմար կոալիցիայի մեջ է օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Վերջինս հիմնադրվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաջալերանքով, որը շարունակում է կուլիսների հետեւից ներազդել այդ խմբակցության վրա: Երկու կուսակցությունները կազմել էին ուժեղ իշխող կոալիցիաՙ մի փոքր բաժին հանելով նաեւ Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությանը: Կոալիցիան լավ էր աշխատում նույնիսկ այն բանից հետո, երբ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը դուրս եկավ համագործակցությունից: Լավ էր աշխատում, որովհետեւ Քոչարյանի վերադարձը հնարավոր տարբերակ էր, բայց հենց այդ հնարավորությունը վտանգվեց, ճեղքվածքներ առաջացան կոալիցիայի կազմում:

Նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ պաշտոնը զիջել իր նախորդին: Եվ ինչո՞ւ պիտի զիջի: Այնուամենայնիվ մարտը համագումարների ամիս է եւ գուցե որոշ հստակություն մտցնի: Մինչ այդ մթնոլորտը հագեցած է խորհրդածություններով:

Քաղաքական մեկնաբան Մարիետա Խաչատրյանը «Ազգ» օրաթերթի էջերում, օրինակ, գրում է. «ՀՀԿ-ն արդեն իրենով է արել 25-30 մեծամասնական ընտրատարածքներ, ԲՀԿ-ին նախապես 7, այժմ էլ 9 ընտրատարածք է զիջել, ՕԵԿ-ին էլ մի երկուսը»: Նա նաեւ ընդդիմադիր կուսակցության մասին է կանխագուշակումներ անում («գուցե նրանց էլ է բան զիջվում»), եզրակացնելովՙ «ընտրողի հե՛րն էլ անիծած, նա ո՞վ է, որ բան որոշի»:

Յուրաքանչյուր օր մի նոր զարգացում է տեղի ունենում: Վերջինը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որոշումն էր ԲՀԿ մտնելու վերաբերյալ: Նախկին նախագահ Քոչարյանի հետ համագործակցությունը նրան ուրիշ ելք չէր թողնում: Սա գուցե որոշակի քաղաքական բնույթ ընձեռի այդ կուսակցությանը, բայց բավական զայրացրել է հանրապետականներին, որի անդամներից Ռաֆիկ Պետրոսյանը խստորեն քննադատել է Օսկանյանի այդ քայլը: Նա նաեւ շատ առաջ անցնելովՙ բացահայտել է գավառականության տգեղ դեմքը, որը սովորական երեւույթ է Հայաստանի քաղաքական դաշտում: Խորհրդարանական Պետրոսյանը Օսկանյանի այդ քայլով վտանգ է կանխատեսում Հայաստանին: Մտահոգված այն հնարավորությունից, որ մի օր էլ Օսկանյանը կարող է նախագահական թեկնածու առաջադրվել, Պետրոսյանը նշել է, որ նախագահական թեկնածուները, ովքեր չեն ծնվել եւ մեծացել Հայաստանում, կարող են այլ երկրների շահերը պաշտպանել: Նա նաեւ ավելացրել է, որ իր կուսակցությունը միջոցներ է ձեռնարկում, որ Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նման անձնավորություններ չդառնան նախագահական թեկնածուներ: Նա եզրակացրել էՙ ասելով թունոտ կերպով, որ Հայաստանի նախագահը պետք է իսկական հայ լինի, ում պապերի գերեզմանը Հայաստանում է: Նրա բնութագրմամբ, փաստորեն, Օսկանյանն ու Հովհաննիսյանը «իսկական հայեր» չեն:

Եթե նա իրեն «իսկական հայ» է համարում, ապա միայն աղետաբեր ապագա կարելի է կանխատեսել Հայաստանի համար:

Ռաֆիկ Պետրոսյանը ներկայացնում է գավառականության դիմագիծը, որը, շատերի կարծիքով, թեեւ խորհրդային մշակույթի ժառանգություններից է, բայց այսօր էլ շարունակում է կատարել հայ ժողովրդին բաժանելու իր դերը:

Սիրում ենք, թե ոչ Օսկանյանի եւ Հովհաննիսյանի քաղաքականությունները, պարտավոր ենք ընդունել, որ նրանք էին Հայաստանի քաղաքական մշակույթի մեջ արեւմտյան մտածելաոճը ներմուծողները, երբեմն ի հաշիվ անձնական զոհաբերությունների: Հայաստանին նրանց հավատարմությունն ու նվիրվածությունը չի կարելի հարցականի տակ դնել կամ կասկածի ենթարկել: Նման մտայնությունը, սակայն, բնորոշ չէ Ռաֆիկ Պետրոսյանին: Դժբախտաբար, հայրենասիրությունը Հայաստանում ոմանց պարագայում մակերեսային է, եւ գավառականությունն անմիջապես կարող է զգալ տալ:

Անկախության վաղ տարիներին Հայոց համազգային շարժման անդամներից Էդուարդ Եգորյանը այլատյացության այս քաղաքականության ջատագովն էր, որը պաշտպանում էր այն գաղափարը, թե սփյուռքահայերը միայն փող ներդնելով պետք է Հայաստանին օժանդակեն, իսկ մնացյալ հարցերումՙ չխառնվեն եւ զբաղվեն իրենց գործերով սփյուռքում:

Սա կարճատեսական գավառականություն է, որ բաժան-բաժան է անում հայ ժողովրդին: Նման մտածելակերպի եւ վերաբերմունքի պատճառով է, որ սփյուռքահայերը մեկը մյուսի հետեւից դատական գործեր են կորցնում, երբ փորձում են ներդրումներ կատարել կամ սեփականություն ձեռք բերել Հայաստանում: Ոմանք էլ նույնիսկ իրենց կյանքի գնով են հատուցում: Այնպես որ, ոչ ոք Հայաստանում չի կարող մեղադրել սփյուռքահայերին, եթե վերջիններս տարակուսանքով մոտենան ներդրումներ կատարելու գործին:

Հայերը բաժանված ժողովուրդ են: Մեկ հատվածը մյուսին տանել չի կարողանում: Բայց դրա համար նրանց մեղադրել պետք չէ: Նրանք տարբեր երկրներում են ապրել, տարբեր քաղաքական համակարգերի ներքո, որոնք էլ տարբեր կերպ են ձեւավորել նրանց ազգային ինքնությունները: Բայց նրանց պետք է մեղադրել այն դեպքում, եթե չգիտակցեն բաժանարար գործոնները եւ չփորձեն վեր կանգնել դրանցիցՙ համախմբվելով մեկ գերագույն, ազգայի՛ն ինքնության շուրջը: Դա է, որ մեզ բոլորիս կարող է միացնել իրար:

Մինչեւ չձերբազատվենք գավառականությունից, չենք կարող առաջ շարժվել եւ կառուցել հզոր Հայաստան:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4