Վերջապես հայկական հեռուստատեսությամբ սակավաթիվ մարդկանցով դիտում ենք եւ վայելում մի գեղարվեստական կինոնկար: Ասում եմ սակավաթիվ, որովհետեւ մեր հեռուստադիտողների կարեւոր մասը ատելությամբ եւ արհամարանքով են լցված հայկական սերիալների դեմ, որովհետեւ մեր սերիալները աչքի են ընկել մեր ժողովրդին խորթ սյուժեներով: Կեղտոտ վարք ու բարքով, քաղաքակիրթ հասարակությանը ոչ վայել «գողական» կյանքով, որոնք իշխում եւ հաղթում են մեր կյանքի բոլոր բնագավառներում, որոնց մի մասը անգամ բանտում ապրում են ճոխության մեջ, ռեստորանային ճաշերով, բջջային հեռախոսներով, շրջապատված իրենց «շեստյորկաներով», հովանավորվելով թմրաբիզնեսով զբաղվող գնդապետ բանտի պետի, իսկ դրսում բարձր պաշտոնավորի կողմից: Սրանց կողքին հանցագործների հետ կապված թուլամորթ եւ անգործունյա ոստիկանություն: Իսկ որոշ սերիալներում ոչ մի դրական հերոս չկա, այլ փոխարենը խաղամոլների, սափրագլուխների, մարմնավաճառների փչացած մի հասարակություն կա: Այդ ամենը ցուցադրում են գրեթե բոլոր հեռուստաալիքներով եւ այնքան իրար նման, որ թվում է, թե բոլոր սիրիալները գրել է նույն սցենարիստը, բեմադրել է` նույն ռեժիսորը: Ամենացավալին այն է, որ այդ աղբը մատուցում են իշխանությանը նվիրված հեռուստաալիքները: Թվում է, թե այլեւս ետդարձի ճանապարհ չկա եւ հնարավոր չէ ազատվել գորշ հեռուստատեսությունից: Մանավանդ, որ մինչեւ օրս անգործունյա է Ամալյանի հանձնաժողովը:
Բայց Հ-1-ը, որ ժամանակին արժանացել էր «ՏՀԱՃ ԵԹԵՐԻ ՀԱՄԱՐ» մրցանակին, իր մեջ ուժ գտավ բանիմաց մարդկանց միջոցով ստեղծեց իր հանձնաժողովը եւ միանգամից փոխեց իր դեմքը: Նախ, ժողովրդին վերադարձրեց իր իսկ մեղքով, իր իսկ ալիքից դուրս շպրտած հայկական երգն ու երաժշտությունը` «ԵՐԳ ԵՐԳՈՑԸ», որը իրավամբ համարվում է վերջին 20 տարվա հայկական հեռուստատեսության պատմության մեջ ստեղծված լավագույն նախագծերից մեկը (շնորհակալություն նախագիծը իրականացնողներին): Չեմ թաքցնում` շատ եմ քննադատել Հ-1-ին, նույնիսկ շատ շատերի նման հրաժարվել եմ այդ ալիքից, միայն միացրել եմ «Օտար ամայի ճամփեքի վրա» , «Հայոց հարց», «Ասպետ» եւ սպորտային հաղորդումների ժամանակ: Հիմա արդեն իմ հեռուստատեսային ժամերի 80 տոկոսը գոհունակությամբ հատկացնում եմ Հ-1-ին: Նույնիսկ «Երգ երգոց»-ը եւ Գ.Ալթունյանի «Տեսանկյունը» դիտում եմ նաեւ կրկնությունը եւ ոչ միայն ես: Հեռուստադիտողների համակրանքն են շահել «Առավոտ լուսո», «Ազատ գոտին», «Երջանկության մեխանիկան», անգամ թեթեւ ժանրի «Կյանքի կարուսելը» եւ այլն, եւ այլն: «Գեներալի աղջիկը» (սցենարի հեղինակ` Անահիտ Մխիթարյան, ռեժիսոր` Ելենա Արշակյան) առաջին իսկ սերիաներից գրավեց հեռուստադիտողին, իրեն աննախադեպ բովանդակությամբ, դերասանների լավ խաղով, առանց ժարգոնի եւ թունավոր խոսքերի (նորից շնորհակալություն սցենարիստին եւ ռեժիսորին): Ուրախանում եւ հպարտանում ենք մեր հայ գեներալով (Ա.Էլբակյան), որը անցնելով Արցախյան պատերազմի միջով, կորցնելով կնոջը, եղբորը եւ ընկերներից շատերին, մեզ հաղթանակ բերեց: Հպարտանում ենք, որ նա զինվորից հասնելով մինչեւ գեներալ, ազնիվ ու հասարակ մարդ մնաց, հարուստ սեփականատեր չդարձավ: Սափրած գլուխներ չվարձեց, հարազատ հոր նման տիրություն արեց իր զոհված ընկերների երեխաներին, ապրում է իր զինվորների կյանքով ու հոգսերով, մի րոպե անգամ չմոռանալով իր վիշտը` 18 տարի անընդհատ փնտրելով իր կորած նորածին աղջկան:
Այո, հպարտանում ես նման բարձրաստիճան ղեկավարով եւ հավատում ես, որ նման գեներալներով մենք խաղաղ կլինենք եւ դարձյալ անպարտելի:
Մենք սիրեցինք առանց ամուսնու երկու աղջիկներ մեծացնող բժշկուհուն (Աննա Էլբակյան), որը մի կողմ թողնելով իր անձնականը, կյանքը նվիրաբերեց իր զույգ աղջիկներին: Էլ ավելի բարձրացավ մեր աչքին, երբ իր մեջ խեղդելով մայրական զգացմունքները, չկարողացավ գեներալից թաքցնել, որ աղջիկներից մեկը նրա կորած բալիկն է: Այո, նա նվիրված մայր լինելուց բացի, մեծ մարդ է եւ մեծ հումանիստ:
Էլբակյան ամուսինների թատրոնում եւ կինոյում խաղով շատ ենք հրապուրվել, բայց այստեղ նրանք ոչ թե խաղում, այլ ապրում են: Չեմ թաքցնում, որ սա նրանց գլուխգործոցն է: Նրանք հայկական սերիալների վարկաբեկված անունը վեհացրին:
Ինչ վերաբերում է աղջիկներին, սրանք եւս հիացմունք պարգեւեցին իրենց մոր եւ միմյանց նկատմամբ ունեցած սիրով: Նրանք ինչ-որ տեղ հիշեցնում էին տաղանդավոր Արշակյան քույրերին, մի տարբերությամբ, որ սրանք ոչ թե երգում, այլ միմյանց գուրգուրում են:
Ֆիլմի բոլոր հերոսների վրա կանգ չեմ առնում: Ասեմ, որ նրանք բոլորը բարի են ու ազնիվ, ապրում են իրենց դերով եւ մեզ հիացնում: Ընդհանրապես ֆիլմի քրիստոսյան նշանաբանն է. «Սիրեցեք զմիմյանս եւ դուք մեզ նման երջանիկ կլինենք»: Ուրիշ էլ ի՞նչ է պետք մեր այս լարված, միմյանցից խորթացած, երբեմն անտարբեր կյանքում: Այո, մենք կարիք ունենք նման ֆիլմերի:
Վերջում Հ-1-ին եւ ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվին երկու խնդրանք ունեմ. 1. ինչպես վերեւում ասացի, հասկանալի պատճառով, ֆիլմը շատ քչերն են դիտել, ԳՈՎԱԶԴԵՔ (մենք էլ մեր հերթին) եւ ԿՐԿՆԵՔ: Թող շատերը դիտեն. դա նրանց ճիշտ ապրել կսովորեցնի, բարիություն կբերի: Երկրորդ խնդրանքս այն է, որ ֆիլմը ցուցադրվի մեր երկրի սահմաններից դուրս եւս, թեկուզ անվճար, թող բոլորն իմանան, թե ովքեր ենք մենք եւ ինչ ենք ուզում: Թող իմանան, որ մեր հասարակությունը այն չէՙ ինչ ցուցադրել է գորշ հեռուստատեսությունը նախկին սերիալներում եւ նախագծերի մեծ մասում:
ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ