Արդեն մի քանի տարի է, ինչ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանն սպասում է 2013-ի բյուջետային ծրագրին: Բանն այն է, որ 2008-ին ավարտվել է շինության ամբողջական վերանորոգման համար հատկացված գումարը. «Թանգարանի մի շարք հատվածներ վերափոխման կարիք ունեն,- նշում է թանգարանի վարիչ Մարինե Թումանյանը,- բացի այդՙ անբարեկարգ վիճակում են կառույցին հարակից տարածքը, մառանն ու թոնրատունը»:
Պռոշյանի տուն-թանգարանը գրողի հայրենի Աշտարակ քաղաքում է, գործում է շուրջ 64 տարի: Էքսկուրսավար Արմիդա Ղամբարյանն արդեն 38 տարի է ինչ այստեղ է աշխատում. «Այցելուների պակաս երբեք էլ չենք ունեցել,- նշում է տիկին Արմիդան,- մանավանդ ամռանը զբոսաշրջիկներ շատ են այցելում, որոնց հատկապես գրավում է 19-րդ դարի շունչը, որն առկա է այստեղ»: Թանգարանի բարեկարգման աշխատանքներն սկսվել են դեռեւս 90-ականներից: Տիկին Արմիդան պատմում է` մինչ վերանորոգվելը շենքը խոնավ էր, ցածր առաստաղով, ինչի հետեւանքով էլ վտանգված էին գրողի անձնական իրերը: Թանգարանն ունի 2000-ից ավելի ցուցադրական նմուշ, որոնք հիմնականում Պռոշյանի բարեկամներից են ձեռք բերվել: Կառույցի աշխատակիցները մինչ oրս նոր նյութերի փնտրտուքի մեջ են: Տիկին Արմիդան ժամանակին մեկնել է Բաքու եւ այնտեղից բերել Պռոշյանների ընտանեկան կահույքը: Կյանքի վերջին տարիները գրողն անցկացրել եւ իր մահկանացուն կնքել է հենց այդ քաղաքում:
Թանգարանի աշխատակիցների խոսքով իրենք արդեն պատրաստվում են այս տարվա հունիսի 19-ին: Լրանալու է վիպասանի 175-ամյակը, ինչի առթիվ մշակույթի նախարարության աջակցությամբ նախատեսվում է մեծ միջոցառում: Պերճ Պռոշյանի թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աշտարակյան մասնաճյուղն է, ուստի, ինչպես նշում է թանգարանի վարիչ տիկին Թումանյանը, իրենք ակնկալիքներ ունեն միայն մշակույթի նախարարությունից, մնում է սպասել 2013-ի բյուջետային ծրագրին` գիտակցելով պռոշյանական հայտնի տողերը . «Ոչովի մեղադրելու չէ, ամեն մարդ էլ հացի ա ման գալի, հացի խնդիր ա»:
ՆԵԼԼԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ