Շախմատի «Մեծ սաղավարտ» մրցաշարի եզրափակիչ փուլի կազմկոմիտեն պաշտոնապես դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովինՙ խնդրելով փոփոխել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի անցկացման ժամկետները: Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս ՖԻԴԵ-ն որոշեց, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը Լոնդոնում: Իսկ դեռեւս անցյալ տարվա վերջին «Մեծ սաղավարտի» կազմկոմիտեն հայտարարել էր, որ հերթական եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա 2012-ի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 13-ը իսպանական Բիլբաո քաղաքում: Մրցաշարի կազմակերպիչներն արդեն պաշտոնապես հրավեր են ուղարկել Լեւոն Արոնյանին, Մագնուս Կառլսենին ու Վլադիմիր Կրամնիկին, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը:
Շախմատիստների այս եռյակը մասնակցելու է նաեւ «Մեծ սաղավարտի» մրցաշարի ավարտից ընդամենը 10 օր անց մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածության հետ է կապված: Ուստի բացառված չէ, որ այդ շախմատիստները հրաժարվեն «Մեծ սաղավարտի» մրցաշարի մասնակցությունից: Հաշվի առնելով այս ամենը, «Մեծ սաղավարտի» կազմկոմիտեն խնդրում է ՖԻԴԵ-ին հավակնորդների մրցաշարն անցկացնել 2013-ի առաջին կիսամյակում: