Այն ժամանակ, երբ ադրբեջանական հիմնական լրատվամիջոցները շարունակում են Խոջալուի դեպքերի ու ֆրանսիական «իմաստունների» հակասահմանադրական որակման քննարկումներն ու ծամծմումը, անուշադրության, ավելի ճիշտ` լռության են մատնված իրավիճակը Ադրբեջանի հյուսիսային հատվածում գտնվող եւ մեծապես ազգային փոքրամասնություններով` լեզգիներով եւ այլ էթնիկ համայնքների ներկայացուցչներով բնակեցված Գուբայում կատարվող իրադարձությունները, որոնց առնչությամբ երեկ արդեն հաղորդվում էր վիրավորների մասին:
Ու թեեւ Ադրբեջանի ամենաբարձր օղակներում խորհրդակցություններ ու քննարկումներ էին գնում, իսկ Գուբա երեկ մինչ կեսօր մտցվել էին ջրցան մեքենաներ ու զրահապատ տեխնիկա` արցունքաբեր գազի կիրառման դեպքերով, սոցիալական ցանցերում ադրբեջանցի ակտիվիստները ներկայացնում էին, թե Գուբայում մոտ 10 հզ. ցուցարարների ու իրավապահների բախումներին նախորդել է ֆեյսբուքում հայտնված մի տեսագրություն:
Ըստ այդմ, Գուբայի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովը վիրավորական արտահայտություններ է արել տեղացիների հասցեին, թե վերջիններս «ծախու» են, որին ի պատասխան ադրբեջանցի ակտիվիստները համացանցում տարածել են Հաբիբովի շքեղ ունեցվածքի մասին տեսանյութ: Ցուցարարներն էլ, եղած սուղ տեղեկությունների համաձայն, շարժվել են գործադիր իշխանության նստավայր, մեկ այլ խումբ այրել է Հաբիբովի տունը:
«Թուրան» գործակալությունը, եզակի լրատու լինելով այս իրադրաձություններում, մեջ է բերում Գուբայի ոստիկանության հայտարարությունը, թե տարածքում ոչինչ տեղի չի ունենում: Մինչդեռ նույն գործակալության վկայությամբ, երեկ արդեն գրանցվել են վիրավորների դեպքեր, իսկ ցուցարարների` Հաբիբովի դեմ զայրույթը փոխվել է նրա հրաժարականի պահանջի:
Հետաքրքրական է, որ ադրբեջանցի լրագրողներից մեկի «ֆեյսբուքյան» էջում հայտնված խոսքերից մեկն ամենից շատ էր ուշադրություն գրավել. քանի որ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տրամադրում ու նրանք չեն կարողանում լուսաբանել տեղի ունեցողը, լրագրողը խորհուրդ էր տալիս հենվել ԱՊՀ երկրների լրագրողների վրա, որոնք Ադրբեջան մուտքի համար արտոնագրի կարիք չունեն:
Թե ինչ զարգացումներ կարող են ունենալ իրադարձությունները Գուբայում, այնքան էլ կանխատեսելի չէ, սակայն, այդուհանդերձ, հետաքրքրական է, որ խնդիրներ են առաջացել հենց փոքրամասնություններով բնակեցված մի շրջանում, մինչդեռ Ադրբեջանում հաճախ են սիրում կրկնել, թե «հանդուրժողականության օրինակ են»: Սա թերեւս պետք է ուշադրության արժանացնեն նաեւ եվրոպացիները, որոնցից ոմանք Արբեջանում «հանդուրժողականության» առկայության մասին ձոներ երգելու վատ սովորություն ունեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ