Հայոց ցեղասպանության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը միշտ մատուցվում է սրտառուչ ու սրտաճմլիկ, բայց ոչ երբեք «ցեղասպանություն» բնութագրով. ամերիկյան պաշտոնյաները` նախագահից մինչեւ ցեղասպանության ճանաչման հարցում բնավ էլ ոչ արդարության կողմում կանգնած ավելի ստորադաս չինովնիկները նախընտրում են 1915-ի Ցեղասպանությունը կոչել ամեն կերպ, միայն թե չհնչի հենց հիմնական բնութագրիչը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դեռեւս նախորդ ամսին Հայոց ցեղասպանության առնչությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունների վերաբերյալ մտահոգություն է հայտնել, ինչպես նաեւ նամակ է հղել Քլինթոնին` իր մտահոգություններով ու հարցադրմամբ, թե արդյոք որեւէ բան փոխվել է նրա դիրքորոշման մեջ: Իսկ դիրքորոշումը, որ արտահայտվել էր ամերիկյան դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը, այն էր, թե ԱՄՆ մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցին չի փոխվել եւ ցեղասպանության ժխտումն էլ քրեականացնող օրենք չեն պատրաստվում ընդունել:
Ամերիկայի հայկական համագումարի տեղեկացմամբ, Շիֆն ընդգծել է, որ Քլինթոնի ոչ ճիշտ բնութագրականը Հայոց ցեղասպանությանը ցավ է ինչպես Ամերիկայի հայ համայնքի, այնպես էլ իրավապաշտպանների համար, հատկապես որ Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց իրական գնահատական 1981-ին հնչեցրել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, իսկ վերջին նախագահ Օբաման ու Քլինթոնը` սենատոր եղած ժամանակ:
Կոնգրեսական Շիֆը հիշեցրել է Հիլարի Քլինթոնին, որ Միացյալ Նահանգները դեռեւս չի ավարտել Հայոց ցեղասպանության ընդունման գործըթնացը:
Հարցին, ինչպես նաեւ Ֆրանսիայի Սենատի` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին ի պատասխան, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հղում անող «Ռեգնումի», Քլինթոնը նշել է, թե մնում է այն կարծիքին, որ տվյալ օրինագիծը «վտանգավոր քայլ էր» խոսքի ազատության տեսանկյունից: Իսկ Հայոց ցեղասպանության առնչությամբ Քլինթոնը եւս կրկնությունից չի խուսափել, թե 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի «ամենաահավոր գազանություններից» էին:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր նպատակ է մնում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը հասնելու խնդիրը:
Ա. Հ.