Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական հռչակելը որեւէ կերպ խորհրդի «իմաստունների» կայացրած որոշում որակելու չէ: Եթե որեւէ այլ ապացույց էլ չլիներ օրինագծի անհրաժեշտության ու խոսքի ազատության նման սահմանափակումների կարեւորության, ապա առնվազն այն ամենն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայի մի շարք քաղաքներում փետրվարի 26-ին, հարկ է, որ «իմաստունների» գլխում կասկածներ առաջ բերեր` մինչեւ կորոշեին հակադրվել Ֆրանսիայի նախագահին կամ «ջերմություն» դրսեւորել Թուրքիայի ուղղությամբ:
Փետրվարի 26-ին ադրբեջանական «Խոջալուի» կեղծարարության մոտիվներով ու հրահրմամբ, բայց թուրքական կատարմամբ ցույցերն այնքան առատորեն փաստական նյութ տվեցին հայատյացության ու ընդհանրապես Թուրքիայում խտրականության մասին, որ կույրն իսկ այդուհետեւ չէր փորձի իր երկրում նույն թուրք պաշտոնյաների կամ մյուսների համար տգիտության իրենց գոհարները սփռելու հնարավորություն թողնել:
Սակայն, ինչպես ասում են, թուրքական ճնշումներն, ու անկասկած, նաեւ կապիտալը իրենց գործն արեցին, ու որքան էլ համբերատարության կոչեր հնչեն ու վստահություն, թե հարցը Ֆրանսիայի ներկայիս կամ ապագա նախագահը կպահի օրակարգում, Սահմանադրական խորհրդի որոշումը առավել քան հստակորեն ի ցույց դրեց, որ կա եւս մեկ հանգամանք. Հոլոքոսթի «եզակիությունը» շատ այլ, թաքնված ու նաեւ անթաքույց պաշտպաններ ունի:
Եվ երբ ֆրանսիական «իմաստունները» չեն տեսնում ակնհայտը կամ այդպես էլ նախընտրում են ստորադասել մի ցեղասպանությունը մյուսին, անգամ թուրքական վերնախավում են հայտնվում մարդիկ, որոնք անընդունելի կարող են որակել հակահայկական պաստառներն ու հայտարարությունները:
Թուրքական «Hurriyet»-ի մեջբերմամբ, թուրքական հանրային հեռուստաընկերության եթերով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ի պատասխան լրագրողների` Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հայերին նվաստացնող պաստառների մասին հարցին, «անհրաժեշտ» համարելով նման ցույցի անցկացումը, միեւնույն ժամանակ անընդունելի է որակել նման պաստառները: «Մենք մեր ցավը չենք զոհաբերի նման ատելության ու վիրավորանքի մշակույթին», հայտարարել է Դավութօղլուն:
2015-ին ուղղված նոր ռազմավարության առկայության մասին հարցին էլ Դավութօղլուն արձագանքել է. «Մենք ցանկանում ենք կիսել նրանց ցավը, ով պատրաստ է այն կիսել մեզ հետ»: Ըստ թուրք դիվանագետի, Թուրքիան պատրաստ է «կիսել հայերի ցավը, երբ նրանք պատրաստվում են նշել 1915-ի սպանությունների 100-ամյակը»:
«Անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցության խողովակները` պատմությունը կիսելու համար», ասել է Դավութօղլուն: Թուրք դիվանագետի պարագայում «պատմություն» կիսելը դժվար թե հեռու լինի քանիցս բարձրաձայնված տեսակետից, թե երկու երկրները` Հայաստանն ու Թուրքիան պետք է զբաղվեն իրենց պատմության խնդիրներով, այնինչ Հայաստանի համար քննարկման թեմա չկա. Հայոց ցեղասպանությունը փաստ է:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ