«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Վլադիմիր Պուտին, ՌԴ վարչապետ

Կարգախոս . «Մարդը պիտի ղեկավարվի ոչ թե ուրիշների կարծիքով, այլ սեփական խղճով...»:

Ծնվել է Լենինգրադում 1952 թվականի հոկտեմբերի 7-ին: Իրավաբան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու: Աշխատել է ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի համակարգում:

1999-ի դեկտեմբերի 31-ին նշանակվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնակատար: 2000-ի մարտի 26-ին, հավաքելով 52,90 տոկոս ձայն, ընտրվել է ՌԴ նախագահ: 2004-ի սեպտեմբերի 24-ին վերընտրվել է վերը նշված պաշտոնում: 2007-ի վերջին իր հետնորդ է հայտարարել Դմիտրի Մեդվեդեւին:

Մնալով անկուսակցականՙ 2007 թվականի Պետդումայի ընտրություններին Պուտինը գլխավորեց «Միասնական Ռուսաստան» կուսակցության ընտրացուցակը: 2011 թվականի սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկությամբ առաջադրվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու 2012 թվականի նախագահական ընտրություններում:

«Եթե ես ինչ-որ բան եմ նախաձեռնում, աշխատում եմ գործը հասցնել տրամաբանական ավարտին կամ էլ հասնել առավելագույն արդյունքի», - ասել է Վլադիմիր Պուտինը:

Համարում է.

- բանակի եւ նավատորմի վերազինման համար պետք է օգտագործել ոչ միայն ռազմարդյունաբերական համալիրը, այլեւ ռուսական էկոնոմիկայի ողջ ներուժը,

- պետական պաշտպանական ծրագրերի լուրջ ռեսուրսները պիտի նպաստեն երկրում որակական տնտեսական աճին:

- պետք է ստեղծել նորամուծությունների լրացուցիչ պահանջարկ, տասնյակ հազար նոր, ժամանակակից աշխատատեղեր:

Միխայիլ Պրոխորով

Խոշոր գործարար, «Նորիլսկի նիկել» լեռնարդյունաբերական ընկերության նախկին գլխավոր տնօրեն: Համարվում է ռուսական բիզնեսի շրջանակների ամենաառեղծվածային դեմքը:

Կարգախոս . Արդար ընտրությունների համար պետք է պայքարել: Բոլոր ռուսաստանցիները պիտի հասկանան, որ պետք է գնալ եւ քվեարկել: Միայն այդ ժամանակ ընտրություններն արդար կլինեն: Եթե մենք դա չանենք, ապա մեզ նորից կխաբեն»:

2003 թվականին Forbes ամսագիրը Պրոխորովին ընդգրկել էր աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում (256-րդ տեղը, ունեցվածքըՙ 1,6 մլրդ դոլար): Նույն ամսագրի ռուսական տարբերակը Պրոխորովի ունեցվածքը գնահատվել էր 7,6 մլրդ դոլար: Forbes-ի 2011 թվականի տվյալների համաձայն, նրա կարողությունը կազմել է 18 մլրդ դոլար, զբաղեցրել է 32-րդ տեղը: Ռուսաստանում, ըստ ունեցվածքի ցուցանիշների, նա զբաղեցնում է 3-րդ տեղը:

Ծնվել է 1965 թվականի մայիսի 3-ին Մոսկվայում: Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի ֆինանսների ինստիտուտում: Միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետ: Սովորել է հայտնի գործարար Օլեգ Դերիպասկայի հետ:

«ՕՆԵՔՍԻՄ խումբ» Ներդրումային հիմնադրամի հիմնադիր (2007 թ.): Մի քանի տարի առաջ Պրոխորովը ստեղծել է հատուկ բարեգործական հիմնադրամ, որը աջակցում է Կրասնոյարսկի մարզի բնակչության տարբեր խմբերի մշակութային ակտիվությանը:

Քաղաքական գործչի կարծիքովՙ պիտի ընտրվեն ոչ միայն Պետդումայի պատգամավորները, այլեւ օրինապահ մարմինների տեղային ղեկավարները: Պրոխորովը խոստանում է խստացնել քրեական պատասխանատվությունը ընտրությունների ընթացակարգը խախտելու համար, նախաժամկետ ազատ արձակել 6-րդ գումարման Պետդուման եւ կազմակերպել 7-րդ գումարման Պետդումայի ազատ, դեմոկրատական ընտրությունները: Պրոխորովը համարում է, որ վիզային ռեժիմը պիտի վերացնել «Մեծ Եվրոպայի» ամբողջ տարածքում, ուր կմտնի Ռուսաստանը, եւ հակառակըՙ կտարածվի Միջին Ասիայի երկրների վրա: Հիմնական վտանգը Ռուսաստանի համար նա համարում է «հնարավոր տարածաշրջանային հակամարտությունները»:

Սերգեյ Միրոնով, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ

Կարգախոս . «Պատրաստ եմ դառնալ ոչ միային Ռուսաստանի նախագահը, այլեւ սահմանադրության երաշխավորը»:

Ռուս պետական, քաղաքական գործիչ: Ունի բարձրագույն տեխնիկական, տնտեսագիտական, իրավաբանական կրթություն: Ռուսաստանի Պետդումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար:

Ծնվել է 1953 թվական փետրվարի 14-ին Լենինգրադի մարզի Պուշկին քաղաքում: Պատրաստ է դառնալ անցումային շրջանի նախագահ եւ համարում է, որ բավական է երկու տարի ծրագրած բարեփոխումները իրականացնելու համար: Եվ եթե իր առաջարկած բարեփոխումները գտնեն ժողովրդի աջակցությունը, ապա կրկին կառաջադրի իր թեկնածությունն արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք կանցնեն նոր, արդար ընտրական օրենսդրությամբ:

Գենադի Զյուգանով, ՌԴ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ

Կարգախոս . «ժամանակն անհապաղ փոփոխություններ է պահանջում»:

Ծնվել է 1944 թվականի հունիսի 26-ին Օրյոլի մարզի Միմրինո գյուղում: Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայում Կոմկուսի խմբակցության ղեկավար: 1996 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում ստանալով ընտրողների 31,96, իսկ երկրորդ փուլումՙ 40,41 տոկոս ձայները, զբաղեցրեց 2-րդ տեղը: 2000 թվականի ընտրություններում Զյուգանովը հավաքում է 29,21 տոկոս ձայն: 2004 թվականին հրաժարվում է մասնակցել նախագահական ընտրություններին: 2008 թվականի նախագահական ընտրություններում հավաքելով 17,72 տոկոս ձայնՙ նորից զբաղեցնում է երկրորդ տեղը:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, մի շարք գրքերի եւ հրապարակումների հեղինակ: Պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը Ռուսաստանի ճակատագրի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4