Երբ Շիրակի մարզում այս տարվա հունվարին ծնվեց փոքրիկ Սարկոզին, ոչ ոք չզարմացավ ու տարակուսանք չհայտնեց, բայց երբ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց այդ երկրի պառլամենտի ընդունած ցեղասպանությունների հերքման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, զարմանք ու տարակուսանք առաջացրեց. ինչո՞ւ:
Բայց այս հարցի պատասխանելը փնտրելու համար նախ հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ կատարվեց: Ֆրանսիան ընդունված է համարել ժողովրդավարական ու մարդու իրավունքները հարգող: Ավելին, այս ամենը որպես պետական քաղաքականություն ունեցող: Սակայն Ֆրանսիան ունի պետական շահ, իսկ սա արդեն լրջագույնն է որեւէ կայացած, ազատ, ժողովրդավարական երկրի համար: Դեռեւս 2001-ին Ֆրանսիան օրենքով ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Անշուշտ, այստեղ առկա է ֆրանսահայության գործոնը, սակայն Փարիզը Ցեղասպանությունն ընդունել է, որովհետեւ դա տվյալ պահին բխել է Ֆրանսիայի պետական շահից: Քանի որ, եթե քույր Ֆրանսիան Ցեղասպանությունը ճանաչել է միայն հանուն իր տարածքում ապրող ու իր պետականության մեջ զգալի ավանդ ու դեր ունեցած ու ունեցող ֆրանսահայերի, ապա ինչո՞ւ նույն այս Ֆրանսիան հանկարծ որոշեց, որ իր տարածքում նույն այս հայերի Ցեղասպանությունը հերքողները չպետք է պատժվեն... Այսինքն, որ Ֆրանսիան ընդունել ու դատապարտել է հանցագործությունը մարդկության դեմ, դա արել է միայն իր երկրի պետական շահից ելնելով, գոնե` մեծ մասամբ:
Հայ-ֆրանսիական կապերը դարերի փորձությունն անցած են: Ֆրանսիան անգամ Ցեղասպանության «ականատեսներից» է, հետեւաբար նրա լռությունն այս հարցում առնվազն հակաբարոյական կլիներ, սակայն սա չի նշանակում, որ Ֆրանսիայում «բոլորը հայ են», այն էլ Սենատում կամ Սահմանադրական խորհրդում:
«Ազգովին շնորհակալություն» հայտնեցինք, ավելի ճիշտ` «մերսի», երբ Սենատը հիշյալ օրինագիծն ընդունեց, բայց կարելի՞ է իմանալՙ ինչի համար: Մի երկիր ընդունել է մի օրինագիծ, որով քրեական պատիժ է սահմանում իր տարածքում բոլոր նրանց համար, որոնք չեն հարգի իր իսկ ընդունած մեկ այլ օրենքը: Սա է եղածն` ըստ էության: Այո, խոսքը սովորական օրինագծի մասին չէ, այլՙ Ցեղասպանության, բայց սա այն հարցն է, որի ընդունումը բոլորի պարտականությունն է, ու շատ ափսոս, որ մենք այնպիսի աշխարհում ենք ապրում, որտեղ պարտականությունը կատարելու համար մարդուն կամ երկրին շնորհակալություն են ասում:
Այժմՙ բուն Սահմանադրական խորհրդի որոշման մասին, ինչո՞ւ է սա մեզ համար զարմանալի կամ ինչո՞ւ ենք տարակուսած: Իրադարձությունների հավանական սցենարները բազմաթիվ են. օրինակՙ ո՞վ ասաց, որ նախագահ Սարկոզին շահագրգռված է այս օրինագծի ընդունմամբ: Մի՞թե հնարավոր չէ, որ իրադարձությունների այս ընթացքը հենց մշակել է Սարկոզին: Տեսեք, Ազգային ժողովն ընդունեց օրինագիծը, փաստը մեծ ոգեւորություն առաջացրեց նախընտրական Ֆրանսիայի հայկական համայնքում: Այնուհետեւ Սենատն ընդունեց, սա արդեն ստիպեց շիրակցի հայ մարդուն որդուն անվանել Սարկոզի: Այսինքնՙ Ֆրանսիայի գործող նախագահն ստացավ այն, ինչ ցանկանում էր` հայերի ու Հայաստանի համակրանք, ծանրակշիռ ու ռեսուրսների տիրապետող ֆրանսահայ քվե: Սակայն Սահմանադրական խորհուրդը մերժեց, ու այստեղ էլ նախագահ Սարկոզին ամեն ինչ արեց օրինագիծը գործող օրենք դարձնելու համար, եւ առճակատում չմտցրեց թուրք-ֆրանսիական հարաբերություններում, էլ չենք խոսում ֆրանս-ադրբեջանականի մասին: Սա, ընդ որում, հավանական սցենարներից մեկն է միայն, իսկ դրանք կարող են բազմաթիվ լինել:
Եվ վերջում` ամենակարեւորի մասին. ամենեւին չենք կասկածում, որ շիրակցի փոքրիկ Սարկոզին մեր վաղվա քաղաքացիական հասարակության անքակտելի մասնիկն է լինելու, բայց չենք էլ ցանկանում մտածել, թե ի՞նչ անունով երեխաներ կծնվեն մեզանում, եթե, ասենք, Աբդուլլահ Գյուլը ճանաչի Ցեղասպանությունը եւ արծաթափայլ եղեւնի տնկի Ծիծեռնակաբերդի բարձունքում: Ուրեմն սա շատ ավելի լուրջ հարց է, քան Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, քանի որ խորհուրդը վաղը կարող է այլ որոշում ընդունել, իսկ փոքրիկ Սարկոզին միշտ էլ կմնա շիրակցի հայ մարդ Սարկոզի:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ