Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ-ից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջը, անդրադարձ է կատարվել Հայաստանի նախագահիՙ Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին:
Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթինՙ Նալբանդյանը նշել է, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը մի շարքՙ մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերում:
Նույն փաստաթղթիՙ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծել է. «Այս պարագայում եւս կարող ենք արձանագրել Հայաստանի եւ Եվրոպական միության մոտեցումների համահնչունությունըՙ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, Մեծ ութնյակի Դովիլում կայացած գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների 2012 թ. մայիսի 26-ի հայտարարության եւ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս. թ. հունվարի 23-ի համատեղ հայտարարության դրույթների ամբողջական իրականացմանը»:
Ա. Հ.