«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՍԵԼԻՍ»

Բաքվի լրատվամիջոցներն սկսել են ավելի աներկմիտ գրել, որ հարեւան երկիրն ապրում է «պատերազմական սպասելիքներով»: Առանձնապես կարեւորվում է Իսրայելի կողմից «Ադրբեջանին 1,6 մլրդ դոլարի ընդհանուր արժեքով նորագույն զինատեսակներ վաճառելու» մասին տեղեկատվության հանդեպ Իրանի վերաբերմունքը: «Ո՞ր իրավունքով է Իրանն այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանից բացատրություն պահանջել»,- հռետորական հարցադրում է արել «քաղտեխնոլոգ» Մուբարիզ Ահմեդօղլուն, իսկ Ռասիմ Մուսաբեկովն էլ ասել է, որ «պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը պարտավոր է նորացնել սեփական զինանոցը»:

Ադրբեջանը ամենատարբեր երկրներից, այդ թվում եւ Իսրայելից զենք ու զինամթերք միշտ էլ գնել է: Բայց այդ մասին տեղեկատվական արտահոսք երկու անգամ է եղել: Մեկ` երբ Ռուսաստանից ձեռք էր բերում «C-300» համակարգեր: Երկրորդն Իսրայելի հետ գործարքի բացահայտումն է: Եվ կասկածից դուրս է, որ թե՛ առաջին, թե՛ հատկապես երկրորդ դեպքում դա արվել է հստակ նկատառումներով:

Ի՞նչ է ուզում «հասկացնել» Ադրբեջանը: Կարծում ենք, դա բավական պարզ շարադրել է «Զերկալո»-ն: Ահա. «Ամեն մի նման խոշոր գործարք (Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը- Վ. Ա.) պետք է համապատասխանի ԱՄՆ շահերին: Պարզ ասած, Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ զենք վաճառելու ԱՄՆ թշնամիներին»: Այսինքն, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Ադրբեջանն իրեն դուրս է դնում Միացյալ Նահանգների «թշնամիների ցուցակից»:

Բայց դա դեռ սկիզբն է: «Ընդ որում, առանձնապես խոշոր չափերով վաճառքը (զենքի) աշխարհաքաղաքական բնույթի ինդիկատոր է եւ, անկասկած, թույլատրված է լինում Վաշինգտոնի կողմից»: Ուզում է ասել, որ Իսրայելը առանձանապես խոշոր չափերով զենք ու զինատեսակներ Ադրբեջանին վաճառում է «Վաշինգտոնի թույլտվությամբ»: Այլ կերպ ասած` Վաշինգտոնն «Իսրայելին արտոնել է զինելու Ադրբեջանին»:

Իսկ ինչո՞ւ է գործարքը «հրապարակայնացվել»: Ադրբեջանցի մեկնաբանների (հոդվածը հեղինակել են Օրուջեւը եւ Միրկադիրովը) հայացքով դա էլ «դեմարշ է, որ ցույց է տալիս, որ Արեւմուտքը, Միացյալ Նահանգներն` ամենից առաջ, տարածաշրջանում իրավիճակը սրվելու դեպքում այս անգամ իրենց դաշնակիցներին չեն թողնելու առանց ռազմաքաղաքական աջակցության եւ թույլ չեն տալու 2008թ. օգոստոսի կրկնությունը»:

Ավելին թերեւս լսելու կարիք չկա: Մնում է հասկանալ, թե տարածաշրջանում ովքե՞ր են Միացյալ Նահանգների դաշնակիցները: Մի՞թե միայն Ադրբեջանը: Մյուսներն ԱՄՆ-ի «թշնամինե՞րն են»: Ո՞ւմ դեմ է Վաշինգտոնը «զինում» Ադրբեջանին: Թեհրանում այդ երկրի դեսպանը պարզաբանել է, թե Իսրայելից գնվելիք զենքն Իրանի դեմ չի օգտագործվի: Մուսաբեկովն ասում է, որ «պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը պարտավոր է նորացնել սեփական զինանոցը»:

Ֆորմալ առումով Ադրբեջանը ոչ մի երկրի հետ պատերազմական իրավիճակում չէ: Բայց, իհարկե, խնդիրներ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Եվ ադրբեջանցի մեկնաբանների հայացքով` «Վաշինգտոնը թույլատրել է, որ Իսրայելն Ադրբեջանին զենք վաճառի, որպեսզի օգտագործվի ԼՂՀ-ի դե՞մ»: Այդպես է ստացվում: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի ասել, որ «այս անգամ Վաշինգտոնը իր դաշնակիցներին չի թողնի առանց ռազմաքաղաքական աջակցության եւ թույլ չի տա 2008թ. օգոստոսի կրկնությունը»:

2008թ. օգոստոսին, ինչպես հայտնի է, Սաակաշվիլին դիմել է ուժի` «վերահաստատելու Վրաստանի ինքնիշխանությունը Հարավային Օսիայում», որին հետեւել է Ռուսաստանի շատ կոշտ հակաքայլը: Ու երբ ադրբեջանական լրատվամիջոցը հույս է հայտնում, որ այս անգամ Վաշինգտոնն իր դաշնակիցներին կօգնի, նշանակում է, որ ակնարկում է մի բան. տարածաշրջանային հնարավոր լարվածության դեպքում Ադրբեջանն սկսելու է «իր տարածքային ամբողջականության վերականգմանն ուղղված պատերազմ, եւ Վաշինգտոնը թույլ չի տալու, որ այն արտաքին միջամտությամբ կասեցվի»:

Այս ամենը, սակայն, ադրբեջանական կողմի երեւակայությունն է: Ոչ թե այն պատճառով, որ նման սցենարը բացառվում է առհասարակ: Ո՛չ: Պարզապես Բաքվում նույնիսկ «անկախ» լրատվամիջոցը չէր հանդգնի «հրապարակայնացնել Սպիտակ տան ռազմաքաղաքական նպատակները»: Քանի որ «դրանք» չափազանց հանդուգն են: Ինչպես «C- 300»-ի մասին արտահոսքը կազմակերպվել էր, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները «բարդանան», այնպես էլ ԱՄՆ-ի կողմից «դաշնակից Ադրբեջանին օժանդակելու եւ 2008թ. օգոստոսի կրկնությունը թույլ չտալու» մասին «խայծն է նետվել»` նպատակ հետապնդելով, որ դրան կարող են հետեւել հայ-ամերիկյան «տարաձայնություններ»:

«Գեղեցիկ է մտածված»: Մի բան, սակայն, ադրբեջանցի մեկնաբանները հաշվի չեն առել: Որ ներկա աշխարհաքաղաքական իրոք բարդ իրավիճակում Միացյալ Նահանգներն Ադրբեջանում նույնիսկ դեսպան չունի: ԱՄՆ եւ առհասարակ որեւէ երկրի պրակտիկայում «դաշնակից մայրաքաղաքում» դիվանագիտական ներկայացուցչության «գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակը» չի խոսում բարդ եւ պատասխանատու որոշումներ ընդունելիս եւ, հատկապես, դրանցից բխող քայլեր ձեռնարկելիս վերջինիս «ընդգրկվածության» օգտին:

Ավելի ճիշտ կլինի ասել, որ ԱՄՆ նախագահը Բաքվում դեսպանի թեկնածություն չի ներկայացնում Կոնգրեսին, քանի որ մտադիր չէ իր հետագա քայլերի վերաբերյալ այդ հավակնոտ երկրի արկածախնդիր իշխանությունների հետ որեւէ սկզբունքային հարց քննարկել: Բայց որ Ադրբեջանում ապրում են «եթե վաղը պատերազմ է, ապա...» տեսլականով, դրանում ոչ ոք չպիտի կասկածի:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4