Արդեն երկար ժամանակ մեր հարեւանը խնդիր ունի հասնելու նրան, որ Ֆրանսիան դուրս բերվի Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմից, քանի որ, ըստ Ադրբեջանի, Ֆրանսիան անկողմնակալ չէ այս հակամարտությունում:
Երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, Ադրբեջանը փորձեց նորից բարձրացնել Ֆրանսիայի անդամակցության հարցը: Ավելին, այս անգամ կոշտ եւ քննադատական ելույթներ ունեցան Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համոզված եմ, որ Ադրբեջանը չի կարող այդ խնդիրը լուծելու համար օգտագործել իրավաբանական գործառույթներ, այլ կարող է ընդդիմանալ զուտ նրանով, որ այլեւս Ադրբեջանի նախագահը չի ընդունի Մինսկի խմբի դեսպաններին, եթե նրանց թվում է նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչը: Եվ դրա համար անհրաժեշտ է միայն տալ անորոշ պատասխան, թե իբր նախագահը զբաղված է եւ արտգործնախարարն ունի բոլոր անհրաժեշտ իրավասությունները:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ Ալիեւը նման դեմարշներ արդեն արել է, երբ հրաժարվել էր Թուրքիայում հանդիպել Օբամայի եւ Էրդողանի հետ հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ, կամ վերջերս հրաժարվեց Ուկրաինայի հետ տնտեսական պայմանագիր ստորագրելուց զուտ այն պատճառով, որ Ուկրաինան Հայաստանին զենք է վաճառում:
Իհարկե, կարելի ասել, որ Ալիեւը չի համարձակվի նման կերպ վարվել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս օրերին Եվրոմիությունն, ի նշան համերաշխության, Բելառուսիցՙ Մինսկից հետ կանչեց իր 27 երկրների բոլոր դեսպաններին այդ կազմակերպության երկրների երկու դեսպանների վտարման պատճառով:
Սակայն հաշվի առնելով Թուրքիայի վարքագիծը Ֆրանսիայի նկատմամբ, երբ ի նշան բողոքի Թուրքայում Ֆրանսիայի դեսպանի տիկինը չէր ստացել հրավերՙ մասնակցելու Թուրքիայի նախագահի տիկնոջ պաշտոնական ընդունելությանը, իսկ հետո մեկ այլ պաշտոնական ընդունելության ժամանակ Ֆրանսիայի զինվորական կցորդին արգելվել էր մասնակցել միջոցառմանը, որտեղ ներկա էին Եվրոպայի բոլոր երկրների ներկայացուցիչները (ի դեպ, Եվրոպան այն ժամանակ լռեց, եւ համերաշխություն չցուցաբերեց), կարելի է ենթադրել, որ Ալիեւը իսկապես կարող էր նման դեմարշ իրականացնել եւ չհանդիպել դիվանագիտական հակազդեցության:
Սակայն, այնուամենայնիվ, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կասեցրեց օրենքի առաջընթացը...
Բացի դրանիցՙ Թուրքիան պաշտոնապես հավանություն տվեց Ֆրանսիայի մասնակցությանը Մինսկի խմբում...
Մեզ մնում է միայն սպասել Ալիեւի եւ համանախագահ երկրների դեսպանների մոտակա հանդիպմանը, եւ հասկանալի կդառնաՙ կփորձի՞ Ադրբեջանը Ֆրանսիային «դուրս հրավիրել», թե՞ ոչ:
ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ