Ֆինանսների նախարարի կարծիքովՙ դրանց գները պետք է իջնեն
Գրքերի գների թանկացման վերաբերյալ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին պարզաբանումներ տալ, նշելով, որ այդ կապակցությամբ մի խումբ մտավորականներ, գրողներ, բանաստեղծներ նամակով դիմել են իրեն:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ հանդիպել են գիրք հրատարակողներին եւ գրավաճառներին ու պարզաբանել բոլոր այն խնդիրները, որ կան հարկային ոլորտում: Մասնավորապես նշել են, որ գրքերի վերաբերյալ որեւէ հարկային բեռ չի ավելացել 2011-2012 թվականների ընթացքում: «Կա այլ օրենքի տարընթերցում ավելացված արժեքի հարկի վերաբերյալ, որը վերաբերում է իրավապայմանագրային հարաբերություններին: Մենք պարզաբանեցինք, եկանք լիակատար համաձայնության հրավիրվածների հետ: Նրանք խնդրել են պաշտոնական պարզաբանում, որն արդեն իսկ ՊԵԿ-ի հետ պատրաստել ենք եւ ամենաուշն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կհրապարակենք: Ամեն դեպքում գրահրատարակիչները եւ գրավաճառները հասկացան, որ որեւէ խնդիր չկա», նշեց նախարարըՙ ավելացնելով, որ կա այլ հարց` գրողներն առաջարկում են նոր արտոնություն տալ գրահրատարակության ոլորտին:
Տիգրան Սարգսյանը հարցրեցՙ եթե որեւէ հարկային բեռ չի ավելացել, կարելի՞ է ենթադրել, որ ֆինանսների նախարարի բացատրություններից հետո գները պետք է նվազեն, ինչին վերջինս դրական պատասխանեց: «Վստահ եմ, որ այդպես կլինի, որովհետեւ գրահրատարակիչները եւ գրավաճառները մեզ ասացին, որ այդ պարագայում որեւէ խնդիր չեն տեսնում գնային փոփոխություն անելու համար», ասաց Վաչե Գաբրիելյանը:
«Իսկ եթե դա տեղի չունենա՞», հարցրեց վարչապետը:
«Եթե դա տեղի չունենա, այդ դեպքում դրանք տնտեսաիրավական հարաբերություններ են, որոնք որեւէ կերպ պայմանավորված չեն հարկային հարաբերություններով: Այսինքն, ուղղակի երկու սուբյեկտներ իրար մեջ գնային համաձայնության չեն եկել եւ տարբեր գներ են օգտագործում», այսպես պատասխանեց ֆինանսների նախարարը:
«Ուրեմն, պետք է նայենք` արդյոք այդ դաշտում կա մրցակցություն: Տիկին Պողոսյանը մեզ տեղյակ պահեց, որ 10 նոր գրախանութներ են բացվել Հայաստանում: Դա նշանակում է, որ պետք է լինի նաեւ մրցակցություն: Թե՞ բոլորը միմյանց հետ պայմանավորվել են եւ գներ են բարձրացնում», Տիգրան Սարգսյանի այս հարցին էլ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ եթե նման խնդիր առաջանա, ապա այն պետք է դիտարկել հակամրցակցային հանձնաժողովի շրջանակում: Վարչապետը հանձնարարական տվեց այդ հանձնաժողովի նախագահինՙ ուսումնասիրել այս խնդիրըՙ պարզելու, թե այս ոլորտում մրցակցային պայմանները բավարար են եւ թե գրքերի գներն ինչո՞ւ են հունվարի մեկից բարձրացել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ