«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ՆՈՐԻՑ ԱՂԲԻ ՄԱՍԻՆ

Որոշումների երկկողմանիության պահանջի իրավունքով

Հիմա ձնհալի այս օրերին նկարահանել է պետք մեր քաղաքը ամենայն մանրամասներովՙ փողոցների ջրափոսերով ու առվակներով, էլեկտրասյուներից դեռ կախ ընկած սուր-սուր սառցաձողերով, տանիքներից չռչռացող ջրերով, բակերում հավաքված աղբաշաղախ ձնակուտակներով: Աղբը ջրի երես է դուրս գալիս: Ձյան տակից ի՜նչ մասունքներ են մեզ անակնկալի բերում: Մեկ ամիս արդեն դրանք ձյան տակ թաղված էին, հետ էինք վարժվել, Երեւանը անաղբ քաղաք էր դարձել: Դեռ անցած տարվանից կուտակված եւ ժամանակին չտեղափոխված աղբը հիմա վխտում է շուրջը, փողոցով անցնող առվակների մեջ ինչ կեղտ ասես չի լողում:

Մի քանի օր առաջ ժեկերն իրար էին անցել: Քաղաքային ավագանին որոշում է կայացրել. սրանց թիկունքին է կանգնել: Բնակիչներին տեղյակ չի պահվել: Բայց «Ազգը» իրազեկել է այդ մասին: Որոշում են կայացրել ու սահմանել դրույքաչափերը. նորություն չկա: Բազմաթիվ անգամներ գրել ենք աղբահանության համար բնակչության վճարումների դիմաց պահանջվող կտրոնների (վավերացված ու կնքված) եւ առավելապես դրա քաղաքակիրթ ձեւերի անցման վերաբերյալ, ինչպես կոմունալ մնացած վճարումներն են: Սակայն մի քանի օր առաջ դեռ գործում էր նույն մեթոդը: Կիրակի երեկոյան ժեկի տեսուչը դուռը թակում է, դեմ է տալիս նորությունըՙ աղբահանության կտրոնների գրքույկըՙ քաղաքապետարանի կողմից իրենց արտոնված: Վճարվելիք գումարը նույնն է, չի փոխվել, փաստացի յուրաքանչյուր բնակչի համարՙ 200 դրամ: Փաստացին գրանցվա՞ծն է, թե՞ այդ տարածքում ապրողը: Իսկ ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվում, թե որ բնակարանում քանի՞ մարդ է ապրում: Օրինակ, մեկ էլՙ ամսով կամ ավելի հյուր ես ունենում, այդ անձը որտե՞ղ պիտի մուծի, մշտական գրանցվա՞ծ վայրում, թե՞ ժամանակավոր կացարանում:

Սահմանվել է նաեւ ուշացած վարձավճարի պատժաչափը (0,15 տոկոս), իսկ եթե տեսուչի երեսը չես ուզում տեսնել, գնա որեւէ բանկ կամ փոստային բաժանմունք եւ հավելյալ վճարիր միջնորդագումարըՙ 150-200 դրամ: (Երեք բանկ բացառություն է):

Օրեր առաջ սփյուռքահայ բարեկամիս էի այցելել: Դուռը թակեցին. թաղապետարանի ներկայացուցիչն է, աղբավճարն է պահանջում, մարդը մեկ տարվա գումարը տվեց, այն դեպքում, որ 3-4 ամսից մեկնում է: Ժեկի պետերը բառ են հորինելՙ «աղբ եք արտադրում»: Մարդը բացակայելու է երկրից, էհ, ինչպե՞ս է աղբ արտադրելու, բայց գումարը նախապես գանձվեց:

Հիմա դառնանք որոշման բարոյական կողմինՙ բնակիչը «աղբ է արտադրում» դրա՞ համար պիտի վճարի, թե՞ աղբահանման ծառայության: Եթե վերջինիՙ ինչո՞ւ որոշման հաջորդ երեսին չի ներկայացվում աղբահանումն իրականացնողի պարտավորությունը եւ դրա պարբերականությունը: Եթե ինչպես սովոր ենք, դարձյալ նույն ձեւով բարձրահարկերի աղբատար բունկերները խեղդվելու են աղբի կուտակումներից, հարկերում խցանումներ են լինելու, շենքի միջանցքներում աղբի բազմագույն ու բազմահոտ տոպրակներ են հայտնվելու, իսկ աղբատար չունեցող շենքերի բնակիչները իրենց «արտադրած աղբը» ձեռքներինՙ տեղ են ման գալու, որ մի կերպ ազատվեն դրանից, սրա ի՞նչն է նորություն: Դրա համար էլ միջշենքային նեղարանքներում կամ մի քիչ աչքից հեռու անկյուններում աղբի բուրգերն անպակաս են: Ու դրանք մնում են երկար, շատ երկար, տաք եղանակին բնակիչների սարսափը դառնումՙ գարշահոտությունը տներն էր լցվում, բոմժերն ու կատուներն անգամ հեռու էին փախչում: Ուրեմն հարցՙ աղբահանության ուշացման պարագայում վճարող քաղաքացին ինչպիսի՞ իրավունքով է օժտվումՙ լռելո՞ւ, համակերպվելո՞ւ եւ վճարելո՞ւ պարտականությամբ, թե՞... Քաղաքային ավագանին արդարամիտ եթե լիներ, պիտի կիրառեր երկուստեք ուղղված պատժամիջոց:

Եվ քանի որ դեռ որոշման 2-րդ փուլին չեն հասել, կանխելու միամտությամբ նախապես անդրադառնանք քաղաքային բնակչությանն անհանգստացնող եւս մեկ խնդրիՙ բարձրահարկ շենքերի սպասարկման վճարումներին: Սրա համար ժեկերը մարդկանց դատի են տալիս եւ դատը զարմանալիորեն շահում: Վերջերս հարգելի մի անձնավորություն, ապշած էր դատավարության անհասկանալի-անորոշ ընթացքից, որովհետեւ ի՜նչ դատ, եթե բացակայում է տվյալ ծառայությանը վերաբերող երկկողմանի պայմանագիր-պարտավորությունը, չի որոշակիացվում դրանց տեսակները եւ չի էլ իրականացվում, բայց գումար պահանջում ենՙ ինչի՞ դիմաց: Մարդը ասում էՙ պատրաստ եմ այդ 100.000 դրամը փոխանցել որեւէ մանկատան, ծերանոցի, առանց անվան, առանց հասցեի, բայց սկզբունքի հարց է, ինչո՞ւ պիտի չարված բաների համար վճարեմ: Եվ իրոք, Երեւանում գրեթե բոլոր բարձրահարկ շենքերը անմխիթար վիճակում ենՙ տանիքները, ջրի խողովակները, դուռ-լուսամուտները, պատեր-առաստաղները, աստիճանները, բազրիքները վերանորոգման կարիք ունեն: Գանձված գումարի դիմաց ոչինչ կամ գրեթե ոչինչ չի արվում: Պե՛տք է հստակեցնել ծառայության տեսակները, իրականացման եղանակներըՙ բնակչությանն ի տես եւ հիրազեկ:

Մի երեւանցի պատմում է, որ իրենց շենքի մերձակայքը ձնաշերտերից ու սառցաբեկորներից մաքրեց ժեկից բերված տրակտորը: Զարմացած հայացքիս պատասխանեց, թե վարորդը այդ շենքում է ապրում... Մենք այդպիսի վարորդ-հարեւան չունենք, դրա համար էլ ամեն երեկո բակով անցնելը կատարյալ սթրես էր: Որ հարցնես իրենց, թեՙ ի՞նչ եք անում, կասենՙ բակն ենք մաքրում: Մի կին երբեմն-երբեմն հայտնվում էրՙ ավելը ձեռքին, պարզ էՙ տաք եղանակին: Իսկ հիմա, այս ձյուն-ձմռանը ինչո՞ւ ժեկի որեւէ ներկայացուցիչ չի գալիս իր տարածքՙ տեսնելու շենքերը, բակերը ինչ վիճակում են: Բա ինչո՞ւ չեն սպասարկում, եթե ամեն ամիս մեր վրա պարտադիր հարկ են դրել:

Օրեր առաջ Հանրապետության փողոցի դեղատներից մեկի ծածկը հալվող սառցաբեկորների ծանրությունից ջարդվել եւ անցորդը հազիվ փրկվել է (սպասարկման ամենամսյա վարձը պարտաճանաչ մուծվում է), եւ քանիսն են վնասվածքներ ստացել փողոցների, բակերի ձմեռային այս սառցավիճակներից: Այս մարդկանց վնասը ո՞վ պիտի հատուցի, քաղաքային ավագանին ինչո՞ւ չի մտածում իր քաղաքացիների, նրանց ապահովության, անվտանգության մասին: Այ, սրա համար է, որ քաղաքացին, երեւանցին իր քաղաքը չի սիրում, չի մտահոգվում, միեւնույն է իր համար, անփույթ է, անհոգի: Դո՛ւք եք այդպիսին սարքել նրանց, անապահովների, անգործների, անտարբերների, առուծախողների, «աղբ արտադրողների» այդ մերկ բանակը, որ թքած ունի քաղաքի վրա էլ, դրա մաքրության վրա էլ:

Շարունակվող անարդարությունը, այսպիսի միակողմանի որոշումները ավելի են շատացնում մեր քաղաքի աղբի քանակը:

Տաքացող եղանակը փողոցի, այգու, բակի ձյունը, սառցակտորները կհալի-կտանի, բայց աղբը չի մաքրի, դեռ ավելինՙ կհոտի... արդեն այդպես է:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ

Նկար 1. Այս կողմերում ձնհալը ուշ է սկսվում:

Նկար 2. Ձյան տակից դուրս է ցցվում դեռ անցած տարվանից մնացած աղբը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4