«Երեւանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր, եւ ինձ դուր չի գալիս, որ այնտեղ կապիտալ շինարարություն է տեղի ունենում», մտավորականների եւ ճարտարապետների հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը ` հավելելով, որ դեմ է Մաշտոցի այգում տաղավարների տեղադրմանն ու ամեն ինչ անելու է, որ տաղավարները տեղափոխվեն:
Ազգային ժողովում երեկ Տիգրան Սարգսյանը հաստատեց իր վերաբերմունքը Մաշտոցի այգու վերաբերյալ` վստահեցնելով, որ տարածքում տաղավարներ չեն լինելու: Վարչապետը նաեւ հավելել էր, որ կառավարության որոշմամբ «Հին Երեւան» նախագծով խնդիրները կլուծվեն եւ տաղավարները դուրս կբերվեն այգուց:
Փաստորեն վարչապետը երկու անգամ հայտարարեց այգում տաղավարները չտեղադրելու մասին, մինչդեռ Երեւանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնին այլ բան են հայտնել: Պարզվում է` Մաշտոցի զբոսայգու տարածքը քաղաքապետարանի որոշմամբ 5-25 տարի ժամանակահատվածով վարձակալության է տրվել 2001-2006թթ` նախկին քաղաքապետներ Երվանդ Զախարյանի եւ Ռոբերտ Նազարյանի օրոք:
Հ. Հ.