«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ 670 ՀԱՆՔԱՎԱՅՐ, 11,5 ՄԻԼԻՈՆ ՏՈՆՆԱ ԹԱՓՈՆ

Մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակով պետությունն անտիռեկորդ է սահմանել

Հայաստանում այսօր հաշվառված է 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքերից շահագործվում է 400-ը, ներառյալ` 22 մետաղական: Հանրապետության ընդերքը հարուստ է երկաթով, պղնձով, մոլիբդենով, ոսկիով, ցինկով, արծաթով, ալյումինով: Հայաստանում կան 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային եւ 1 ալյումինահանքային հանքավայրեր: Հայաստանում այսօր գործում է 15 պոչամբար, որոնց ծավալներն անցնում են մի քանի միլիոն խորանարդ մետրից եւ զբաղեցնում 700 հա ընդհանուր մակերես: Պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:

Բնապահպաններն ահազանգում են, որ պոչամբարները կարող են հատկապես վտանգավոր լինել ուժեղ երկրաշարժերի ժամանակ: Հանքերի շահագործման ընթացքում գոյացած միլիոնավոր տոննաների հասնող արդյունաբերական թափոնները լուրջ վտանգ են շրջակա միջավայրին: Թեպետ Հայաստանը սեյսմիկ գոտի է համարվում, թափոնների առաջացած ռիսկերի գնահատում պետությունը չի կատարել: Պոչամբարները հատկապես վտանգավոր են, որովհետեւ գտնվում են բնակավայրերի, արոտավայրերի, ջրային աղբյուրների հարեւանությամբ. հասցրած վնասն էլ կարող է լինել անդառնալի:

Թափոնների վերաբերյալ վերջին հետազոտությունը կատարվել է 2008-ին: Համաձայն բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջի, այդ թվականին Հայաստանում առաջացել է 11,5 միլիոն տոննա թափոն: Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է մեծ թափով, ապա կարող ենք պնդել, որ հաջորդ չորս տարիներին թափոնների քանակը Հայաստանում եթե չի ավելացել, ապա չի էլ նվազել: Թափոնների առյուծի բաժին 90 տոկոսն առաջացել է Սյունիքի մարզում: Հանրապետության հարավում են գտնվում խոշորագույն հանքերը: Փատորեն մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը կազմել է 3,5 տոննա: Մեկ շնչին ընկնող թափոնների քանակով Հայաստանը համարվում է ռեկորդակիր եւ զբաղեցնում առաջին հորիզոնականը: Մինչ այդ աշխարհում ամենից շատ թափոններ առաջացնող պետությունը համարվում էր ԱՄՆ-ն` տարեկան 211 միլիոն տոննա թափոն կամ բնակչության մեկ շնչի 1,19 տոկոսը: Ոչ միայն էկոլոգիական, այլեւ սոցիալ-տնտեսական առումով վերոնշյալ ցուցանիշները աղետալի է համարում բնապահպան Կարինե Դանիելյանը : Նա արդարացի չի համարում կառավարության եւ հանքարդյունաբերողների պատճառաբանությունը, թե հանքերի շահագործմամբ աշխատատեղեր են բացվում: «Եթե նայենք ներքին համախառն արդյունքի ցուցանիշներին, հանքարդյունաբերությունը վերջին տարիներին կազմում է ՀՆԱ-ի 3-4%-ը: Փաստացվի ստացված նյութը` մետաղը, 0,7-0,8% է կազմում: 99%-ը թափոններն են, որ մտնում են բնության մեջ:

«Ազգ» օրաթերթը բազմիցս ներկայացրել է ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքները Սյունիքի եւ Լոռու մարզերում: Ուսումնասիրությունները պարզել էին, որ գյուղմթերքը` միրգ, բանջարեղեն, աղտոտված է ծանր մետաղներով: Թափոնները լցվում են գետերը, առուները: Աղտոտված ջրով ոռոգվում են գյուղատնտեսական հողերն, ու ռեակցիայի միջոցով ծանր մետաղները հայտնվում են գյուղմթերքներում: Հետազոտություններով պարզվել է, որ վերոնշյալ երկու մարզերում առանց ծանր մետաղներով աղտոտվածության միրգ, բանջարեղեն կամ կանաչի չեն աճում: Սնդիկի, կապարի եւ այլ մետաղների պարունակությունը մի քանի անգամ գերազանցում էր նորման: Չի բացառվում, որ այդ վայրերում աղտոտված է նաեւ կաթնամթերքը: Չէ՞ որ արոտավայրերը նույնպես աղտոտված են, հետեւաբար նույն եղանակով աղտոտված կարող է լինել նաեւ կաթնամթերքը:

Կարինե Դանիելյանին զարմացնում է կառավարության ընդունած գերակա երեք ողղությունները` հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն եւ տուրիզմ: «Մաքուր գյուղատնտեսության գաղափարը պետք է բացառի հանքարդյունաբերությունը, որովհետեւ այն գիշատիչ է եւ թունավորում է երկրում աճող միրգն ու բանջարեղենը: Նույնը վերաբերում է տուրիզմին: Ո՞վ կցանկանա հանգստանալ մի վայրում, որի հարեւանությամբ բաց հանք են շահագործում: Քաղաքակիրթ երկրում վաղուց հրաժարվել են բաց հանք գաղափարից, իսկ մենք մինչ այսօր պայթեցման եղանակով ենք հանքարդյունաբերությունն իրականացնում»: Դանիելյանը հավաստիացնում է, որ զբոսաշրջիկները նախընտրում են մաքուր միջավայր, հետեւաբար Հայաստանի տեսարժան վայրերն էլ ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց գրավչությունը: Դրա վառ օրինակը կարող է դառնալ Տաթեւը, որը տուրիստական կենտրոն ստեղծելու եւ աշխարհին ամենաերկար ճոպանուղին գովազդելու համար պետությունը հսկայական միջոցներ ծախսեց, մինչդեռ հենց ճոպանուղու հարեւանությամբ բաց եղանակով երկու հանք է շահագործվում: Առանց այդ էլ կեղտոտված Հրազդան քաղաքում նոր հանքի շահագործումը բացասական ազդեցություն կունենա Ծաղկաձորի վրա, որը կորցրեց իր գրավչությունն այն ժամանակ, երբ բնության գողտրիկ անկյունից վերածվեց բետոնապատ տարածքի: «Պետությունը պետք է ոչ թե հանքանյութ հանի, այլ ստանա ապրանքներ, օգտագործի հումքն ու պոչամբարները որպես հումքային ռեսուրս»: Դանիելյանը հավաստիացնում է` ներկայիս տեխնոլոգիաները դա թույլ են տալիս: «Թանկ են, բայց շատ արդյունավետ»:

Բացի շրջակա միջավայրի աղտոտումից, հանքարդյունաբերությունը նաեւ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: Հանքանյութը մի օր վերջանալու է. դա կլինի 10 թե 50 տարի անց, այնքան էլ էական չէ, առավել կարեւոր խնդիր է, որ հանքերի օգտագործումից հետո հողերը ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ էլ անասնապահության համար օգտակար չեն, իսկ պոչամբարների եւ թափոնների հետեւանքով աղտոտվում են նաեւ հարակից գյուղատնտեսական հողերն ու ջրային ռեսուրսները: Ընդերքի մասին նոր օրենքն էլ որեւէ կերպ հարցին լուծում չի տալիս: Թեպետ եղան բազմաթիվ հանդիպումներ, ասուլիսներ, բողոքի ակցիաներ, սակայն որեէ էական հարց օրենքում չփոխվեց: Բնապահպաններին ու խնդրով մտահոգված քաղաքացիներին զայրացնում է նաեւ այն փաստը, որ պետության հարստությունը բաժին է հասնում անհատ ձեռներեցների, օլիգարխների, արտասահմանյան ընկերությունների, եւ պետությունը ստացված շահույթից օգուտ չի ստանում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4