«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԵՐԿԻՐ

Փաստում են 2007-2011-ի արտաքին առեւտրի ցուցանիշները

Վերջին 5 տարիներին Հայաստանի արտահանման-ներմուծման ընդհանուր պատկերն էական փոփոխություններ չի կրել: Այս եզրակացությանն ենք հանգում ծանոթանալով ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներին, որտեղ ներկայացված են 2007-2011 թվականներին մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները: Որոշակի շեղումներ ընդհանուր պատկերից եղել են 2008 եւ 2009 թվականներին միայն: Նախ ներկայացնենք արտահանման ցուցանիշները:

2007-ին Հայաստանից արտահանումը կազմել է 1,152 մլն դոլար, 2008-ին` 1,057 մլն դոլար, 2009-ին` 710 մլն դոլար, 2010-ին` 1,041 մլն դոլար, 2011-ին` 1,329 մլն դոլար: Դատելով այս ցուցանիշներիցՙ 2011-ին Հայաստանից արտահանումը ամենաբարձրն է եղել վերջին 5 տարիների ընթացքում, իսկ ամենացածրը եղել է 2009-ին, ինչը բնական եւ հասկանալի է, նկատի ունենալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա հետեւանքով մետաղների միջազգային գների անկումը: Բնական է, ինչպես արտահանման ցուցանիշների անկման, այնպես էլ ավելացման վրա է այս հանգամանքը ազդել, քանի որ մեր արտահանման կառուցվածքում, չնայած նկատվող որոշ փոփոխությունների, առայժմ գերակշռում է մետաղական հանքարդյունաբերական արտադրանքը:

Ներմուծումը Հայաստան 2007-ին կազմել է 3,267 մլն դոլար, 2008-ին` 4,426 մլն դոլար, 2009-ին` 3,321 մլն դոլար, 2010-ին` 3,749 մլն դոլար, 2011-ին` 4,151 մլն դոլար: Ճգնաժամի ազդեցությունը 2009-ին երեւում է նաեւ ներմուծման ցուցանիշների վրա եւ մասնավորապես նախորդ տարվա համեմատ արձանագրված կտրուկ` մոտ 1,1 մլրդ դոլարով անկման առումով:

Այժմ անդրադառնանք վերեւում նշված արտաքին առեւտրի հաշվեկշռին: Այն վերջին 5 տարիներին, ինչպես եւ դրան նախորդող տարիներին, բացասական է եղել: Այսինքն ավելի շատ ներմուծել ենք, քան արտահանել, ինչն, իհարկե, դրական չի կարելի համարել, եթե հավելենք, որ երկրի ընդհանուր վճարային հաշվեկշիռը եւս բացասական է եղել:

2007-ին արտահանման-ներմուծման բացասական տարբերությունը եղել է 2,115 մլն դոլար, 2008-ին` 3,368 մլն դոլար, 2009-ին` 2610 մլն դոլար, 2010-ին` 2,707 մլն դոլար, 2011-ին` 2,822 մլն դոլար: Այս տվյալների վերլուծությունից երեւում է, որ բացասական հաշվեկշիռն ամենացածրը եղել է հենց ճգնաժամային 2009-ին, ինչն այս դեպքում, սակայն, չի կարելի դրական երեւույթ համարել, քանի որ անկում էր ապրում տնտեսությունն ընդհանրապես եւ այդ թվում արտաքին առեւտուրը: Ակնհայտ է, որ արտահանման-ներմուծման առավել բարվոք ցուցանիշն արձանագրվել է 2007-ին, որից հետո գալիս են 2011-ի եւ 2010-ի ցուցանիշները:

Այսինքն, հարկ է փաստել, որ Հայաստանը դեռ շարունակում է մնալ ներմուծող երկիր եւ արտահանման խթանման մասին կառավարության հայտարարություններն ու անգամ ձեռնարկվող որոշ քայլերը դեռ բավարար չեն բացասական հաշվեկշիռը գոնե զգալիորեն կրճատելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4