Գյումրու «Ագաթ» կենտրոնի հերթական ձեռնարկը
Պարզապես հիանալ կարելի է այն հետեւողական եռանդուն ու նվիրված աշխատանքով, որ Գյումրու հատուկ կարիքներով կանանց «Ագաթ» կենտրոն հասարակական կազմակերպությունը կատարում է քաղաքի եւ Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող 16-35 տարեկան կանանց եւ աղջիկների, երիտասարդների շահերի պաշտպանությանը, նրանց սոցիալ-հոգեբանական ինտեգրմանն ու հոգեւոր-մշակութային կյանքի ակտիվացմանը նպաստելու, ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց հիմնախնդիրները հասարակության ուշադրության ոլորտում պահելու ուղղությամբ: Դրա վկայությունը այստեղ կազմակերպվող բազմատեսակ դասընթացներն ու մատուցվող խորհրդատվություններն են, իրականացվող տարբեր ձեռնարկներն ու ծրագրերը:
Ըստ կենտրոնի տվյալների` այսօր Հայաստանում 3500-4000 մարդ, այդ թվում 200-ը` Գյումրիում, ունի լսողության խնդիրներ: Նրանք շփվում են ժեստերի լեզվով եւ հասարակության մեջ ունեն հաղորդակցման ու այդ պատճառով` նաեւ կրթական, տեղեկատվական, առողջապահական լուրջ խնդիրներ: Առավել եւս, որ նրանց հետ շփվողներից ու հենց խուլերից շատերը ժեստերի լեզվին հարկ եղած կերպով չեն էլ տիրապետում: Նրանք զրկված են մշակութային կյանքին լիարժեք մասնակցելու իրավունքից եւ դուրս են մնում հասարակության ուշադրությունից: «Ագաթ» կենտրոնի կողմից նման մարդկանց օգնելու մի կարեւոր քայլ էր 2010 թվականին ժեստերի լեզվի Հայաստանում առաջին էլեկտրոնային բառարանի ստեղծումը` նախատեսված նման խնդիրներ ունեցող հատկապես պատանի ու երիտասարդ մարդկանց համար:
Եվ ահա, պատրաստ է կենտրոնի աշխատանքի եւս մեկ արժեքավոր արդյունքը` «Հայկական-ամերիկյան ժեստերի լեզվի բառարանը»` կից տեսասկավառակի հետ, նախատեսված նման խնդիր ունեցող երիտասարդների եւ նրանց շրջապատի համար: Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսական օժանդակությամբ ստեղծված այս բառարանը պարունակում է առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ 300 հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք նույն քանակի ամերիկյան ժեստերով, հայերեն ու անգլերեն թարգմանություններով ու համապատասխան պատկերներով: Ներկայացված են նաեւ հայերեն ու անգլերեն այբուբենները, թվերը` մինչեւ հարյուր: Բառարանի եւ հատկապես տեսասկավառակի ստեղծման աշխատատար գործին ակտիվ մասնակից են դարձել «Ագաթ» կենտրոնի շահառու երիտասարդները:
Ձեռնարկը կօգնի խուլերի եւ նրանց ընտանիքների անդամների միջազգային շփմանն ու հաղորդակցմանը, կնպաստի նրանց համար համացանցային տեղեկատվության հասանելիությանն ու փոխանակելիությանը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ