«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ ԵՎ ՃԵՐՄԱԿ ԱՂԱՎՆԻՆԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ

2012 թվականի փետրվարի 28-ին Հայոց մարդասիրական ճեմարան (Կալկաթա, Հնդկաստան) այցելեց ամերիկահայ գրող Ջոն Դ. Բալյանը` իր «Գորշ գայլեր եւ ճերմակ աղավնիներ» գրքի շնորհանդեսի առիթով:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի անունից հեղինակին ողջունեց եւ ճեմարանի աշակերտներին ու աշխատակազմին ներկայացրեց ճեմարանի կրթական տնօրեն տիար Սումիթրա Մալիկը : Նա շնորհակալություն հայտնեց դոկտոր Ջոն Բալյանին` Մարդասիրական ճեմարան այցելելու համար, հատկապես այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը տոնախմբում է հայ տպագրության 500-ամյակը, երբ Երեւանը 2012 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

Դոկտոր Ջոն Դ. Բալյանն ավարտել է Columbia University եւ Tufts University School of Medicine-ը: Այժմ նա Համաշխարհային բաժնետիրական ընկերություններից մեկում ավագ գործադիր է:

«Գորշ գայլեր եւ ճերմակ աղավնիները» դոկտոր Ջ. Դ. Բալյանի առաջին վեպն է Հայոց ցեղասպանության վերապրածների մասին: Այս եզակի վեպը մի հուզիչ պատմություն է: Այնտեղ ներկայացված անհատի բարդ հարաբերությունները հասարակության հետ, կրոնական թշնամանքը, մարդկային անկայուն փոխհարաբերությունները վերցված են ժամանակակից մարդու կյանքի փորձառությունից: Գիրքը գրված է պարզ եւ պատկերավոր ոճովՙ հիշեցնելով այն առածը, թե ամեն մի մութ ամպ ունի արծաթե երեսպատում: Վեպը երբեմն նմանվում է Պանդորայի ձախորդությունների արկղին: Այն կոչ է անում ընթերցողին երբեք չհուսահատվել, քանի որ ամեն ինչ հնարավոր է:

Իր ներկայացնող խոսքում դոկտոր Ջոն Դ. Բալյանն ընդգծեց, որ գիրքը գրելու դրդապատճառը եղել է Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը: Հեղինակն ի մասնավորի ասաց. «Դուք պետք է երազեք: Հակառակ բոլոր խոչընդոտներին, ամեն ինչ պետք է անեք, որպեսզի կյանքի կոչեք ձեր երազանքները: Նրանք, ովքեր կհասկանան այս ամենը, գուցե ամենալավերը չեն, բայց վստահաբար հաստատակամներն են եւ հետեւողականները»:

Վերջում ճեմարանի աշակերտները եւ ուսուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դոկտոր Բալյանին, որից հեղինակն անչափ տպավորվեց: Հանդիպումն անցավ գրական եւ ուսուցողական մթնոլորտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4