«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2012-02-29 | #38, 2012-03-01 | #39, 2012-03-02


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի լրագրողների ֆեդերացիայի (նախագահՙ Յուրի Ալեքսանյան) եւ ՀԱՕԿ-ի համատեղ նախաձեռնությամբ երեկ լրագրողները ներկա գտնվեցին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուսումնամարզական հավաք անցկացնող հանրապետության ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների հերթական մարզմանը, որից հետո հանդիպեցին մարզչական կազմին ու ըմբիշներին:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ ազատ ոճային ըմբշամարտի ներկայացուցիչների հետ, որոնք ավելի շուտ էին ավարտել պարապմունքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը նշեց, որ Ավանում հավաքականն արդեն իր 2-րդ ուսումնամարզական հավաքն է անցկացնումՙ նախապատրաստվելով Բելգրադում մարտի 6-ին մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Մինչ այդ ըմբիշները պարապմունքներն անցկացրել էին Աբովյանում: Բաղդատյանը նշեց, որ ֆուտբոլի ակադեմիայում ստեղծված են բոլոր պայմաններն ուսումնամարզական հավաքի արդյունավետ կազմակերպման համար: Ըստ նրա մարզումներն անցնում են նախապես ծրագրածին համապատասխան, ըմբիշները քրտնաջանորեն են մարզվում: Հավաքը հնարավորություն տվեց հավաքականի գլխավոր մարզչին կողմնորոշվելու Բելգրադ մեկնող ըմբիշների ընտրության հարցում: Եվրոպայի առաջնությունում մրցագորգ դուրս կգան 7 ըմբիշներՙ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիեւը (74 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմետովը (84 կգ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Ռուսլան Բասիեւը: Վերջինս ներկայումս մարզվում է ՌԴ հավաքականի հետ, քանի որ Հայաստանում նա իր քաշին համապատասխանող մրցակից չունի:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ ըմբիշների համար Եվրոպայի առաջնությունից առաջ ուժերի լավ ստուգատես էր Սոֆիայում անցկացված միջազգային մրցաշարը, որում մեր ըմբիշները նվաճեցին մեկական ոսկե եւ արծաթե, 2 բրոնզե մեդալ: Արայիկ Բաղդատյանի համոզմամբ, հավաքին մասնակցող բոլոր տղաներն էլ իրենց լավ են դրսեւորում եւ մարտականորեն են տրամադրված օլիմպիական ուղեգրերի համար մղվելիք պայքարում: Ինչպես հայտնի է, Եվրոպայի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն վիճարկվելու: Դրանք կխաղարկվեն վարկանիշային 3 մրցաշարերում: Առաջինը կայանալու է ապրիլի 18-22-ը Սոֆիայում, որտեղ քաշային յուրաքանչյուր կարգում վիճարկվելու է 2 ուղեգիր: Ապրիլի 25-29-ը Պեկինում կկայանա վարկանիշային հաջորդ մրցաշարը, որում 3 ուղեգիր է վիճարկվելու: Ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը կլինի մայիսի 2-6-ը Հելսինկիում կայանալիք մրցաշարը, որում քաշային յուրաքանչյուր կարգում 1-2-րդ տեղերը գրավածները Լոնդոն մեկնելու իրավունք կստանան: Նշենք, որ ըմբշամարտում ուղեգիրը ոչ թե անհատական է, այլ թիմային: Այն տրվում է երկրին տվյալ քաշային կարգի համար, իսկ ընտրությունը կատարում են մարզիչները: Սովորաբար օլիմպիական խաղեր են մեկնում այն ըմբիշները, ովքեր նվաճում են ուղեգրերը: Նշենք, որ ազատ ոճում Հայաստանն առայժմ միայն մեկ ուղեգիր է նվաճել 55 կգ քաշային կարգում: Հավաքականի մարզիչները հույս ունեն, որ կհաջողվի մի քանի ուղեգիր նվաճել: Ըմբիշներն էլ հավաստիացրին, որ ամեն ջանք ու եռանդ կներդնեն հաջող մրցելույթների համար:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն էլ ընդհանուր առմամբ գոհ էր հավաքի ընթացքում ըմբիշների կատարած աշխատանքից: Ջուլֆալակյանն էլ իր ընտրությունն արդեն կայացրել է: Եվրոպայի առաջնության կմեկնեն Ռոման Ամոյանը (55 կգ), Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Հրաչյա Հովհաննիսյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եւ Յուրի Պատրիկեեւը (120 կգ):

Ինչպես ազատոճայինները, հունահռոմեական ոճի ըմբիշներն էլ առայժմ միայն մեկ ուղեգիր ունեն մինչեւ 74 կգ քաշային կարգում, որը նվաճել է Արսեն Ջուլֆալակյանը: Այս ոճի ըմբիշներն էլ ազատոճայինների հետ վերը նշված վարկանիշային 3 մրցաշարերում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Բազմասեր Առաքելյանը նշեց, որ ֆեդերացիան ամեն կերպ ջանում է հավաքականների համար նորմալ պայմաններ ստեղծել մարզումների կազմակերպման, մրցումների մասնակցության հարցերում: Այդ գործում ֆեդերացիային օժանդակում է ՀԱՕԿ-ը, որին իր շնորհակալությունը հայտնեցին թե ֆեդերացիայի ղեկավարությունը, թե հավաքականների մարզիչները:

Առջեւում հայ ըմբիշներին պատասխանատու մրցումներ են սպասում, որոնց արդյունքից է կախված, թե Լոնդոնում Հայաստանը քանի մարզիկ մրցագորգ դուրս կբերի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4