ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանում են
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացը ներգրավված երկրներում ու միջնորդ պետություններում նախընտրական շրջանում ակնհայտորեն դանդաղելու է, թեեւ մինչ այդ էլ առանձնակի ակտիվությամբ աչքի էր ընկնում միայն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան նախագահական եռակողմ հանդիպումների ձեւաչափով` Դմիտրի Մեդվեդեւի անմիջական նախաձեռնությամբ:
Հերթական անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Ժակ Ֆորը այցելում են տարածաշրջան, սակայն ինչ կոնկրետ հանդիպումների կամ ինչ ձեւաչափով քննարկումների շուրջը կարող են լինել խոսակցությունները` առայժմ հստակ չէ: Այդուհանդերձ, երեկ երեք համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Երեւանում ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հանդիպմանն, ըստ արտգործնախարարության հաղորդագրության, շարունակվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի քննարկումները, անդրադարձ է կատարվել նաեւ հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության իրագործման ուղիներին, ինչի առումով էլ Նալբանդյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում Բաքվից հնչող` Սոչիի պայմանավորվածություններին հակասող հայտարարություններին: Դրանք, ըստ Նալբանդյանի, ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ ստանձնած պարտավարություններին:
Ադրբեջանն այդ նույն ապացույցները ներկայացնելու հարցում ոչ մի վայրկյան չի կորցնում, մասնավորապես, հենց համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ էլ կրկին Բաքվում հնչում են բանակցություններից հեռու հայտարարություններ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, երեկ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների «ուղեղային կենտրոնների» 3-րդ համաժողովում, հայտարարարել է. «Մենք բոլորս պետք է անենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի հասնենք առաջընթացի բանակցություններում, օկուպացիոն զորքերի դուրսբերմանը ադրբեջանական գրավյալ տարածքներից եւ փախստականների վերադարձին իրենց տներ»:
Որ Ադրբեջանի պարագայում բանակցության առարկան ներկայացվում է միշտ այս նույն տեսանկյունն առաջ տանելով, նորություն չէ, սակայն համանախագահների ջանքերի գործադրումն ուղղված է տարբեր հարցերի լուծման: Մամեդյարովը եւս մեկ անգամ մեջտեղ է բերել «նորացված մադրիդյան սկզբունքները», որոնց գոյություն չունեցող առիթով էլ իբր Հայաստանը մնացել է չընդունողի դիրքերում, մինչդեռ Ադրբեջանն է, որ վերջին շրջանում ոչ միայն մերժում է առաջարկվող բոլոր տարբերակները, այլեւ սեփական մեկնաբանությամբ փոփոխությունները թեւի տակ դրած է հայտնվում արդեն իսկ համաձայնեցված հանդիպումներում, որոնցից էլ, ի դեպ, հեռանում է պոչը տակը քաշած, պարտված գայլի պես:
Մամեդյարովն, ի տարբերություն պաշտոնով առավել ցածր, սակայն ազդեցության առումով առավել բարձր կանգնած ադրբեջանական մի շարք չինովնիկների ու այսպես կոչված քաղաքագետների, դեռեւս շարունակում է նաեւ դրական «ուղերձներ» հաղորդել, օրինակ, նշելով, թե հույս ունի շարունակական տեսնել բանակցությունները, անգամ եթե Հայաստանում եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներում սպասվում են ընտրություններ:
Սակայն, ինչպես ասում են, «կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Ներքին լսարանին ուղղված խոսքը Մամեդյարովը եզրափակել է այնպիսի հայտարարությամբ, ինչի դեմ խոսում են բոլորը, բայց ոչ մեկը մատնացույց չի անում Ադրբեջանին կամ փակում այսօրինակ դիվանագետի բերանը. «Միջազգային նորմերով Ադրբեջանն ունի բոլոր իրավունքները, որպեսզի մաքրի իր տարածքը հայկական բանակից եւ վերականգնի իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:
Որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, ասվել, գրվել, անգամ Ադրբեջանի կողմից ստորագրվել է բազմիցս, սակայն հարեւան երկրում շարունակում են սուր ճոճել: Ու թերեւս ելքերից մեկը կարող է լինեն խաղաղության պարտադրումը, որ վերջ կդնի ոչ միայն այսօրինակ հոխորտանքին, այլեւ շփման գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերին, որ կյանքեր են խլում:
Իսկ մինչ այդ թող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ինչպես ադրբեջանական կողմն է պնդում, իսկապես ինչ-որ քայլեր անեն, քանի որ մարտի 5-ին, ըստ ադրբեջանական կայքէջերի, նրանք կլինեն Բաքվում: Այդպիսի քայլերից, օրինակ, կարող է լինել Բաքվին հասկացնելը, որ իսկապես եկել է ժամանակը ինչպես պահպանելու ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը, այնպես էլ շփման գծից հեռացնելու դիպուկահարներին: