«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


ՊՈՒՏԻՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանում վաղը տեղի ունենալիք նախագահական ընտրությունները շահագրգիռ հետաքրքրություն են ստեղծել նաեւ սփյուռքի տարածքում: Լիբանանի, Կանադայի, Մ. Նահանգների, Եգիպտոսի եւ այլ երկրների հայկական լրատվամիջոցները տեւական ժամանակ արդեն լրատվություն ու հոդվածներ են ներկայացնում իրենց ընթերցողներին: Դրանց մեծամասնությունը անթաքույց ակնկալում են Վլադիմիր Պուտինի հաղթանակը, այն դիտարկելով իրենց մայր հայրենիքիՙ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կայունության համատեքստում:


«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի այսօրվաՙ մարտի 3-ի համարում զետեղված Երվանդ Ազատյանի «Պուտինի վերադարձի հեռանկարները» խորագիրը կրող հոդվածում հարգարժան հասարակական գործիչը գրում է, որ շատերն էին որոշ ժամանակ առաջ հարցականի տակ դնում Հայաստանի անվտանգության խնդիրները Ռուսաստանի հետ կարգավորելու ժամկետը եւս 49 տարով երկարաձգելու խելամտությունը:

Այսօր, ավելի քան երբեւէ, Հայաստանում ռուսական բազայի գոյության նշանակությունը շատ ավելի հստակ է դառնում, նշում է նա, օրինակ բերելով այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանում եւ Թուրքիայում հատկապես Խոջալուի դեպքերի 20-ամյակի առնչությամբ:

Ռուսաստանը կարող է ժողովրդավարության դրսեւորման հարցերում զիջել իր տեղը որոշ երկրների, բայց որ իր ռազմական հզորությամբ կստիպի Հայաստանի թշնամիներին զերծ մնալ ավելորդ արկածախնդրական քայլերից, ակներեւ է: Սառը պատերազմը դեռ չի ավարտվել, պնդում է նա: Այն շարունակվում է մեր օրերում, թեեւ նվազ լարվածությամբ: Եվ այդ առումով մարտի 4-ի ընտրությունները, ըստ Ազատյանի, ճակատագրական նշանակություն պետք է ունենան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ նրա դաշնակիցների համար:

Ռուսաստանի չորսմիլիոնանոց հայկական համայնքը, նաեւ Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով, համախմբվել է Պուտինի թեկնածության շուրջը: Աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններ զորաշարժի են ենթարկել իրենց ողջ կարողությունըՙ պաշտպանելու նրան, որովհետեւ նրանում են տեսնում այն ուժեղ բռունցքը, որ կկարողանա Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կյանքը պահել բարվոք վիճակում, դրանով իսկ նպաստելով իր դաշնակիցների վիճակի կայունացմանն ու բարելավմանը: Նրա վարած քաղաքականությունը նաեւ կկարողանա հսկողության տակ պահել նեոնացիստական խմբավորումների գործունեությունները, որոնց զոհ են դառնում կովկասցիները, այդ թվում նաեւ հայերը: Ըստ հոդվածագրի, Միաբեւեռ համակարգի պայմաններում աշխարհի շատ երկրներ զոհ դարձան այսպես կոչված «ժողովրդավարության» գործընթացին: Իրաքի, Եգիպտոսի եւ Լիբիայի օրինակները ցույց տվեցին, որ ուժեղ առաջնորդներին գահընկեց անելուց հետո այդ երկրները խրվեցին էլ ավելի քաոսային վիճակների մեջ:

Պուտինի վերադարձով Ռուսաստանը կվերագտնի իր հզորությունը, եւ երկբեւեռ համակարգի պայմաններում աշխարհը ավելի տանելի ու անվտանգ կդառնա: Այնպես որ, մարտի 4-ը ճակատագրական է դառնալու ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Հայաստանի եւ ողջ աշխարհի համար, եզրակացնում է Ազատյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4