«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԱՐԲԱՆՅԱԿԻ ԱՐՁԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ

Հարցազրույց պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի հետ

Փետրվարի 13-ին ֆրանսիական Գվիանայի տիեզերական կենտրոնից Կուրու (Kourou) Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) ուղեծիր դուրս բերեց LARES գիտական արբանյակը: Արձակումն իրականացվեց եվրոպական նորագույն Vega եռաստիճան հրթիռի առաջին թռիչքի միջոցովՙ շարունակելով Ariane հրթիռների արձակումը:

Կուրուում եվրոպական արբանյակի արձակման միջոցառումներին մասնակցում էր Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տիեզերագիտության եւ աստղաֆիզիկայի կենտրոնից եւ Երեւանի պետական համալսարանից պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը: Այս տեղեկությունը «Ազգը» հրապարակեց թերթի փետրվարի 21-ի համարում:

Վ. Գուրզադյանը օրերս է վերադարձել Հարավային Ամերիկայից: Մենք փորձեցինք ավելի հանգամանալի տեղեկություններ ստանալ գիտական այս ծրագրի հայ մասնակցից:


- Պրն Գուրզադյան, եթե կարելի է ավելի մանրամասն եւ փոքր-ինչ մատչելի ներկայացրեք LARES ծրագրի , որի գիտական խմբի անդամն եք, նպատակը, այն ուսումնասիրության բնույթը, որ կատարելու է ուղեծիր դուրս բերված արբանյակը եւ դրա կարեւորությունը:

- LARES-ը իրոք վերջին տարիների ամենանշանակալից տիեզերական գիտական ծրագրերից է, որի նպատակն է հետազոտել գրավիտացիոն դաշտի հիմնարար հատկությունները` Ալբերտ Այնշտայնի Ընդհանուր հարաբերականության տեսությամբ կանխատեսված այսպես կոչված Լենզե-Թիրինգի երեւույթը ստուգել մի քանի տոկոս ճշտությամբ: Դա սկզբունքային նշանակություն ունի ինչպես տիեզերքի կառուցվածքի, նրա անհայտ տարրերի` մութ էներգիայի, մութ նյութի հատկությունների, այնպես էլ առանձին աստղաֆիզիկական` խիտ աստղերի շրջակայքում, գալակտիկաների միջուկներում դիտվող երեւույթների պարզաբանման համար:

Արբանյակային գիտափորձի գաղափարը ծրագրի ղեկավարը` իտալացի ֆիզիկոս Իգնացիո Չիուֆոլինին առաջարկել էր դեռեւս 1986-ին, իսկ վերջին տասը տարիների ընթացքում ստեղծվել էր արձակվելիք արբանյակը: Այդ ծրագրում մեր ընդգրկումը պայմանավորված է թվային ինֆորմացիայի մշակման եւ գրավիտացիոն երեւույթների հետազոտման մեր փորձով` մի քանի նման ծրագրերում:

- Իսկ ինչպե՞ս անցավ արձակումը:

- Արբանյակի արձակումը, ընդհանրապես, բավական դրամատիկ պահ է, քանի որ մի քանի վայրկյանում կարող է հօդս ցնդել հազարավոր մարդկանց աշխատանքը` կատարված տասնամյակի ընթացքում, չասած միլիոնավոր դոլարների ներդրումները: Տվյալ դեպքում, իրավիճակը առավել լարված էր, քանի որ արձակումը կատարվում էր նորագույն VEGA արբանյակի միջոցով: Լարվածությունը հասավ իր գագաթնակետին, իհարկե արձակման պահին` արեւածագին (այն ընտրված էր հատուկ), ակնթարթորեն, անձայն լուսավորվեց հորիզոնը, հրագունդը սկսեց բարձրանալ, քիչ անց` հուժկու դղրդաց հողագունդը: Ըստ ժամանակացույցի, բոլորս հետեւում էիք հրթիռի աստիճանների հաջորդական անջատումներին, եւ վերջում` արդեն 1450 կմ բարձության վրա, LARES-ի երկրակենտրոն արբանյակ դառնալուն: Շատերը չէին կարողանում թաքցնել արցունքները, եւ, իհարկե, բոլորը ցնծում էին, երբ ամեն ինչ անցավ կատարյալ, անբասիր կերպով:

Մեր` LARES -ի խմբի առաջին խնդիրն էր, անմիջապես հաշվարկել արբանյակի հնարավորինս ճշգրիտ ուղեծիրը եւ տվյալները փոխանցել լազերային անդրադարձման կայաններին: Դա կատարվեց զուգահեռ, այնտեղ` Կուրույում, նաեւ Հռոմում եւ Երեւանում` իմ խմբի կողմից, որոնց հետ (ինչպես նաեւ NASA-ի` Հյուստոնի մասնագետների հետ) մենք մշտական կապի մեջ էինք: Միաժամանակ ունեցանք կարեւոր քննարկումներ ծրագրի հետագա աշխատանքների վերաբերյալ` այնտեղ գտվող պաշտոնատարների եւ մասնագետների հետ: Տիեզերական կենտրոնի տնօրենը անձամբ մեզ ուղեկցեց` ներկայացնելով Ariane -5 ծանր հրթիռի շարժիչի հավաքման արտադրամասերը այդ տպավորիչ կենտրոնում:

- Այսպիսի կարեւորությամբ ծրագրին հայ գիտնականի մասնակցությունը հիրավի պատիվ է բերում մեր երկրին: Ինչպիսի՞ն կլինի ձեր խմբի հետագա մասնակցությունը այս ծրագրում:

- Իհարկե մեր հիմնական աշխատանքը այս ծրագրում սկսվում է հիմա, ըստ տվյալների կուտակման (արբանյակը նախատեսված է յոթ տարվա աշխատանքի համար)ՙ այդ տվյալների մշակման եւ դրանց ֆիզիկական մեկնաբանման մեջ: Նման նուրբ գիտափորձերում պետք է մանրամասն հետազոտվեն այն ֆիզիկական երեւույթները, որոնք կարող են ներդրում ունենալ ստացված ազդանշանի մեջ, իսկ դրանք տվյալ դեպքում մեծաթիվ են:

Ընդհանրապես, թվային ինֆորմացիայի հետ աշխատանքը կազմում է ժամանակակից աստղաֆիզիկական եւ ֆիզիկական ծրագրերի, գիտափորձերի կարեւոր, բարդ մասը, այն պահանջում է թե՛ ֆիզիկական երեւույթների խոր վերլուծություն եւ համադրություն, թե՛ ալգորիթմական, թվային զգալի աշխատանք:

Հարցազրույցըՙ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկար 1. Վ. Գուրզադյանը եւ Ա.Պաոլոցին` LARES արբանյակի նախագծի հեղինակը, հետեւում են հրթիռի աստիճանների անջատման ընթացքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4