«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հետեւում մնացին վերջին օրը, վերջին հնարավորությունը

Նախորդ օրը Ռուսաստանում ավարտվեց նախագահական ընտրարշավի ամենասուր եւ ամենահանդիսադիր փուլըՙ նախընտրական քարոզչությունը: Ուրբաթը վերջին օրն էր, երբ թեկնածուները կարող էին դիմել ընտրողներին, ելույթ ունենալ հեռուստաեթերում, անցկացնել հանրահավաքներ, ցույցեր: Մարտի 3-ը «լռության օր» է, երբ արգելված է ամեն մի քարոզչություն:

Քաղաքագետներն իրենց կարծիքն են հայտնում քարոզչական փուլի վերաբերյալ, որը մեկնարկել էր փետրվարի 4-ին: Նրանք համակարծիք են, որ ընտրարշավի գլխավոր առանձնահատկությունը ոչ այնքան նրա բովանդակությունն է, որքան համատեքստը. քաղաքական համակարգի մեկնարկած բարեփոխումները եւ արտասովոր հանրահավաքային ակտիվությունը:

Որոշ վերլուծաբաններ նշում են, որ Ռուսաստանի նախագահի թեկնածուները չգնացին նախապես հարթեցրած ճանապարհով եւ հրաժարվեցին «մշակված» հոլովակներից, կարգախոսներից: Մասնավորապես, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը հրաժարվեց «Հանուն ռուսների» իր կարգախոսից, փոխարինելով «Ժիրինովսկի, կամ էլ ավելի վատ կլինի» կարգախոսով: Նա շատ փորձեր արեց իր ընտրողներին դուր գալու համար. հոլովակներում բլիթներ էր թխում, յափնջի հագած, ձուկ էր որսում սառանցքում, ելույթ էր ունենում հանրահավաքներում զինվորական զգեստով:

«Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի հոլովակները ավելի մեղմ էին, քան Դումայի ընտրությունների ժամանակ:

Ավարտական փուլը տեղիք է տալիս մտածելու կնոջ դերի մասին քաղաքական պայքարում: Բավական է հիշել Միխայիլ Պրոխորովի քարոզարշավում Ալլա Պուգաչովայի եւ Իրինա Պրոխորովայի (նախագահի թեկնածու Պրոխորովի քույրը) դերակատարության մասին:

Նորացել է նաեւ Գենադի Զյուգանովի հոլովակների ոճաբանությունը. նրանք դարձել են ավելի ժամանակակից, քան Դումայի ընտրությունների ժամանակ:

Ավարտական փուլի առանձնահատկություններից է նաեւ թռուցիկների եւ քարոզչական թերթերի համեմատ փոքր քանակը: Փոխարենը աշխուժացել է ինտերնետը: Երգերն էլ էին անպակաս: Առաջին անգամ նախընտրական ստեղծագործություններով ելույթ ունեցան Անդրեյ Մակարեւիչն ու Ալլա Պուգաչովան:

Ռուսաստանի ԿԸՀ-ում ընդհանուր առմամբ գոհ են ավարտական փուլից: Ինչպես վկայեց հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Չուրովը, նախագահի թեկնածուների համար ապահովված էր ԶԼՄ-ների հավասարաչափ հասանելիությունը: «Ոչ ոք չբողոքեց, որ իրեն մերժել են վճարովի կամ անվճար եթերից օգտվելու հնարավորությունից կամ էլ տպագրական հարթակից: Այդ պատճառով տարբեր միջազգային առաքելությունների հայտարարությունները, որ մեզ մոտ չեն ապահովվել հավասար հնարավորությունները, հիմնված չեն փաստերի վրա», - ասել է նա:

ԿԸՀ անդամ Մայա Գրիշինան, որը հանձնաժողովում քարոզչական եւ տեղեկատվական ոլորտի պատասխանատուն է, նշել է, որ չի հիշում ոչ մի քարոզարշավ, որը բնութագրվեր տեղեկատվության նման հսկայական ծավալներով: Նա հաստատեց, որ ընտրողները ստացան ողջ տեղեկատվությունը, որը սպառիչ պատկերացում տվեց բոլոր թեկնածուների մասին:

440.000 հոգի կապահովեն ընտրությունների ընթացքը

Իրավակարգը տեղամասերում կպահպանեն ավելի քան 380 հազար ՆԳՆ աշխատակից: Նրանց օգնելու են 30 հազար ժողովրդական հերթապահ ջոկատայիններ եւ նույնքան աշխատակիցներ մասնավոր պահպանական գործակալություններից:

Ոստիկանները պիտի ապահովեն տեսախցիկների անվտանգությունն ընտրատարածքներում: Քվեարկությունից մեկ օր առաջ կինոլոգները շների հետ կստուգեն 94332 ընտրատեղամաս: Բացի դրանիցՙ նրանց կզննեն «հատուկ տեխնիկական սարքերով»: Տեղամասերում կտեղակայվի շուրջօրյա պահակախումբ, որը կաշխատի ընդհուպ քվեաթերթիկների դուրսբերումը:

Տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4