Նրանց միավորում է հայատյացությունը, իսկ միեւնույն ազգի երկու հատվածներինՙ բռնության պաշտամունքն ու միջնադարյան վայրագությունը
Մարտի 1-ին Ադրբեջանի հյուսիսում մեծապես ազգային փոքրամասնություններով բնակեցված Գուբայում բնակչությունը ընդվզել էր իշխանությունների դեմ: Տեղի էին ունեցել իրավապահ մարմինների հետ խռովարարների ընդհարումներ: «Դավաճան» անվանելու միջոցով տեղացի բնակչությանը վիրավորելու համար, վերջիններս այրել էին Գուբայի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի առանձնատունը:
Թուրքական «Դունյա բուլթեն» լրատվական գործակալությունը նույն օրն անդրադարձել էր Գուբայի իրադարձություններին, «Ադրբեջանում ապստամբություն, բնակչությունն այրեց քաղաքապետի տունը» վերնագրով եւ տեղեկացրել էր, որ կան ձերբակալվածներ, քաղաքում իրավիճակը հնարավոր եղավ վերահսկել ոստիկանության եւ բանակի համատեղ ջանքերով:
Հաջորդ օրը թուրքական գործակալությունը տեղեկացրեց Ադրբեջանում հոգեւորականների շարունակվող ձերբակալությունների մասին, նշեց, որ վերջին օրը ձերբակալվել է 23 հոգեւոր առաջնորդ, ընդ որումՙ զենք կրելու եւ թմրանյութեր ունենալու պատճառաբանությամբ: Ձերբակալվածներից տասը Նար Դարան գյուղաքաղաքից էր, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել «հայրենիքի դավաճանության» հոդվածով:
Մինչ «Մուսաֆաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլին, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին, «Ումուդ» կուսակցության նախագահ Իգբալ Ագազադեն եւ Մարդու իրավունքների միության ակտիվիստները բռնատիրության դրսեւորումների համար քննադատում էին երկրի իշխանություններին, մասնավորապես նախագահին, Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարություններին, թուրքական հանրային հեռուստատեսության 2-րդ ալիքի հարցերին պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Թուրքական հանրայինի եթերում մարտի 1-ի երեկոյան հեռարձակված հարցազրույցի տպագիր տարբերակը հեռուստատեսության պաշտոնական կայքէջում տեղադրվել է լուրջ սրբագրումներից հետո: Մինչդեռ Իլհամը թուրքական հեռուստատեսությամբ Հայաստանն անվանում էր ֆաշիստական պետություն, հայերինՙ ֆաշիստ, գովերգում էր այլ ժողովուրդների նկատմամբ ադրբեջանցի հրոսակի եւ Ադրբեջանում տիրող հանդուրժողականությունը, Լեռնային Ղարաբաղի հետ պատմականորեն ադրբեջանական հող էր անվանում նաեւ Զանգեզուրը, Երեւանը եւ Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը, իսկ Խոջալունՙ պատմության մեջ դաժանությամբ աննախադեպ ցեղասպանություն եւ հայտարարում. «Ադրբեջանը բազմազգ պետություն է, բոլորն իրավահավասար են, աշխարհում միայն Հայաստանում է, որ այլ ժողովուրդներ չեն ապրում, որովհետեւ հայերն այլազգիների նկատմամբ, ի տարբերություն ադրբեջանցիների, անհանդուրժող են, չեն թողնում ապրել իրենց երկրում»:
Ադրբեջանական հանդուրժողականության վառ դրսեւորումը Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդերն են եւ այդ ջարդերի միջնադարյան վարյագությամբ իրագործումը, ինչպես նաեւ Գուբայում կամ Նար Դարայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին «ծախու դավաճաններ» անվանելը, ելնելով էթնիկ պատկանելությունիցՙ նրանց նկատմամբ իրականացվող ձերբակալությունները:
Գալով պատմականորեն ադրբեջանական համարվող տարածքներին, Իլհամին պետք է հայտնի լինի, որ մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականներին ադրբեջանցի հրոսակին, ինչպես Արեւմուտքում, այնպես էլ Ռուսաստանում անվանել են Կովկասի թաթար: Նախքան պատմական հող ունենալը, նախ պատմություն պետք է ունենալ: Իսկ պատմությունը յուրահատուկ է մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկ ընդհանրության ժողովրդին:
Մինչդեռ ադրբեջանցին հայ սպանելու համար ազգային հերոս հռչակելով մարդասպան ստահակին, ցույց է տվել, որ ինքը ժողովուրդ չէ, այլ բորենիների ոհմակ, ուստի չի կարող պատմություն ունենալ: Այս ոհմակը, որ Կովկասի թաթար էր կոչվում, «ադրբեջանցի» էթնոնիմն էլ չէր ունենա, եթե չլիներ Խորհրդային Միությունը:
Իլհամը չի կարող չիմանալ այս պարզ եւ հանրահայտ ճշմարտությունը: Հակված չենք կարծելու, թե իրեն չիմացող տեղն է դնում: Նա պարզապես թուրքական հանրային հեռուստատեսության հարցերին պատասխանելիս, հայատյացությունից անմասն չմնալու համար ձայնակցում է Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում թուրքական կառավարության կազմակերպած եւ հայատյացության պոռթկման վերածված Խոջալուի «կոտորածի» ոգեկոչման հանրահավաքում հային լկտիաբար վիժվածք անվանող իր հրոսակաբարո ավագ եղբայրներին, ինչպես նաեւ ընդգծում է «Մեկ ազգ, երկու պետություն» ասույթի հակահայկական ուղղվածությունը:
Հատկանշական է, որ Ստամբուլի հանրահավաքում էլ այդ ընդգծումն արել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Իգրիս Նաիմ Շաինը, ասելով. «Թուրք ազգը ո՛չ Ղազախստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Բալկաններում, ո՛չ էլ աշխարհի որեւէ այլ վայրում մարդկության դեմ որեւէ հանցագործություն չի գործել: 20-րդ դարը լինելու է թուրքերի դարաշրջան: 20 տարի առաջ այս օրը արյունարբու մարդասպանները, փոքրահոգի վախկոտները 613 մարդու արյուն են թափել: Այդ արյունն առ այսօր գետնին չի մնացել եւ չի մնալու: Քանի դեռ ազգը գոյատեւում է, հետամուտ է լինելու այդ արյան վրեժին եւ հաշիվ է պահանջելու: Թուրք ազգը աշխարհումՙ որպես արդարության խորհրդանիշ, միշտ պահպանել է իր ուժը, ուժեղ է եղել, իսկ այդ ուժի կենարար աղբյուրը միասնությունն է»:
Եթե Թուրքիայի ներքին գործերի նախարար Շահինի այս խոսքերը որեւէ կապ ունեն Խոջալուի հետ, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը հիրավի մեկ ազգի երկու պետություններն են, բայց հայատյացության պարագայում միայն: Այսինքնՙ սրանց հայատյացությունն է միավորում, իսկ մեկ ազգի երկու հատվածներինՙ բռնության նկատմամբ պաշտամունքն ու միջնադարյան վայրագությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ