«Չլիներ Սեւանը, չէր լինի Արարատյան դաշտը, չէր զարգանա արդյունաբերությունը: Բարոյականության խնդիր է: Բարոյականության սկզբունքով ղեկավարվող մարդիկ պետք է մտածեն պարտքը վերադարձնելու մասին», ասում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ` հիշեցնելով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ եկել է Սեւանի պարտքերը վերադարձնելու ժամանակը:
Սեւանա լճի խնդիրների լուծման նպատակով երեկ հնչել է 27 առաջարկ, ստեղծվել 27 նոր աշխատանքային խումբ: Նրանք պետք է քննարկեն լճի հիմնախնդիրները, ներկայիս իրավիճակը եւ առաջարկություններ ներկայացնեն: Ծրագիրը, որ երեկ հաստատվել է հանձնաժողովի նիստում, գործողության մեջ կդրվի մարտի 10-ից: Աշխատանքային խումբը երկու կարեւորագույն հարցեր կքննարկի: Սեւանա լճի բնական պաշարների պահպանման, վերարտադրության, վերականգնման, զարգացման եւ օգտագործման միջոցառումներին վերաբերող հիմնախնդիրներ ու Սեւանա լճի ներկա իրավիճակին ու լճի վերաբերյալ օրենքների իրականացմանը:
Սեւանա լճի մասին օրենքը, որ ընդունվել էր 2001-ին, պահանջում էր, որ լճի մակարդակը բարձրանար 6 մետրով` յուրաքանչյուր տարի` 21.6 սմ-ով: Ոռոգման նպատակով լճից առավելագույնը պետք է բաց թողնվեր 170 միլիոն խմ ջուր:
«10 տարի է անցել եւ այդ ընթացքում մակարդակը պետք է բարձրանար 216 սմ-ով, մինչդեռ բարձրացել է 380 սմ-ով: Օրենքով սահմանված գրաֆիկից առաջ ենք անցել 7.5 տարով: Լճի մակարդակը հունվարի 1-ին հատել է 1900 մետրը եւ համապատասխանում է 1963թ. ցուցանիշին: Սա լրջագույն ձեռքբերում է, եւ այդ ընթացքը պետք շարունակվի», ասում է Վլադիմիր Մովսիսյանը` հավելելով, որ անհրաժեշտ է լճի մակարդակը բարձրացնել, ապահովել ջրի մաքրությունն ու ավելացնել լճի կենսաբազմազանությունը: Սրանք երեք կարեւորագույն խնդիրներ են, որոնց լուծումից է կախված լճի փրկությունը:
Նրա հիմնական մտահոգությունը ձկնային տնտեսությանն է վերաբերում: Ձկնային պաշարները համարյա սպառվել են: Թեպետ արհեստական վերարտադրման արդյունքում Իշխանի երկու տեսակները` գեղարքունին եւ ամառային բախտակը ավելացել են, բայց դա ոգեւորիչ չէ, քանի որ գործընթացն արհեստականորեն է իրականացված: «Ձուկը ձվադրման գնալու հնարավորություն չունի: Գետերն ապականված են: ՀԷԿ-եր են կառուցված որոշ տեղերում, առկա է որսագողություն: Այս հարցում լուրջ անելիքներ ունենք: Առաջին հերթին պետք է զբաղվել լճի մաքրությամբ եւ ձկնային տնտեսության վերականգնման խնդիրներով: Եթե այս հարցերը չլուծենք` չենք ունենա քաղցրահամ ջուր: Արգելվելու է 10 գետերի վրա հէկ-ների կառուցումը»:
Լրջագույն խնդիր է նաեւ ափամերձ տարածքների մաքրումը: «Ջրի մեջ է 169 շինություն: Եթե ջրի մակարդակը հուլիսին բարձրանա, մինչեւ 1950 սմ, ապա 169-ին կգումարվի եւս 328 շենք: Ջրի մեջ է նաեւ 347 հա անտառ: Կառավարությունը պետք է հաստատի, որ արագ տեմպերով այդ տարածքներն առաջիկա 2 տարում մաքրվեն Հակառակ դեպքում տարածքները կճահճանան»:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ հիշում է մանկության տարիները, երբ Սեւանա թերակղզին կղզի էր ու ափից կղզի հասնելու համար անհրաժեշտ էր նավակ նստել: Բնապահպանը հիշում է, որ երբ նայում էր ներքեւ` ջրի հատակը երեւում էր: «Կարելի էր տեսնել ոչ միայն ձկները, այլեւ կենսաբազմազանությունը: Այսօր դա չկա, բայց բնապահպանը հույսը չի կորցնում, որ այդ օրն էլ կգա:
«Վերջին 2 տարվա ընթացքում ունենք ակնհայտ դրական աճ: Լիճը զարմանալիորեն ներուժ ունի եւ ինքնամաքրվում է: Պետք է շարունակել գործընթացն ու չկանգնել», ասում է նա: Դանիելյանի գլխավոր մտահոգությունը հանքարդյունաբերության վտանգներն են: «Թեպետ հաջողվեց այնտեղ չստեղծել վերամշակման գործարան, սակայն անհրաժեշտ է, որ հանքերի ազդեցությունը լճի վրա ավելի քիչ լինի», ասում է նա` շեշտելով, որ ցուցանիշները տանում են դեպի կենսաբազմազանության այն տեսականին, որը բնորոշ էր, երբ Սեւանը մաքուր ջուր էր, իսկ դա արդեն լուրջ ձեռքբերում է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ