Ազգային անվտանգության խորհրդի` նախօրեին տեղի ունեցած նիստի արդյունքների մասին արդեն ավանդական դարձած ճեպազրույցում երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին է ներկայացրել նիստի ընթացքում քննարկված եւ հավանության արժանացած երկու կարեւորագույն փաստաթղթերը` ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը եւ ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը:
ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրի մասին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է: Որպես ԵՄ կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող պետական հանձնաժողովի նախագահ ուզում եմ նշել, որ մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ ձեռք է բերում որակական եւ բովանդակային նոր նշանակություն: Մեր երկիրը նախապատրաստվում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որը, ենթադրաբար, տեղի կունենա 2013թ ավարտին: ՀՀ-ԵՄ 2012-2013 համագործակցության ծրագիրը 2 տարվա համար նախատեսված գործողությունների ծրագիր է, որը ներառում է 6 հիմնական խմբերի բաժանվող կոնկրետ 168 միջոցառումներ, որոնք էլ ավելի են խթանելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը»:
Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է ծրագրում ներառված այն գործողությունները եւ միջոցառումները, որոնցում տեղ են գտել բավականին նորարարական մոտեցումներ:
Խոսելով դյուրացված վիզային ռեժիմի ընդունման գործընթացի մասին` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այն հնարավորություն կտա տարբեր սոցիալական խմբերին առավել պարզեցված ընթացակարգերով` առանց ավելորդ քաշքշուկների անարգել մուտք գործել ԵՄ տարածք:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտին: «Հայաստանի Հանրապետությունում այս տարվա ընթացքում կհաստատվի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը հնարավորություն կտա մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում էականորեն բարելավել: Այս աշխատանքում ներգրավված են ԵՄ փորձագետները, եւ այս փաստաթղթի մշակումը եւ ընդունումը հնարավորություն է տալու մեզ տարբեր մակարդակներում Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության խնդիրները դնել բոլորովին նոր հարթության վրա»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Անդրադառնալով քննարկված երկրորդ կարեւորագույն փաստաթղթին` ահաբեկչության եւ կիբեռահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությանը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Ահաբեկչությունը մեծագույն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եւ Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ: Մենք մեր երկրում ունենք վտանգավոր օբյեկտներ` ատոմակայան, տարբեր ռազմավարական նշանակության պետական այլ կարեւորագույն օբյեկտներ եւ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման: Հայաստանի Հանրապետության ահաբեկչության եւ կիբեռահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը ենթադրում է առկա բոլոր վտանգների վերլուծություն, ահաբեկչական հնարավոր գործողությունների ժամանակ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացում եւ նման քայլերի դեպքում հակազդման արդյունավետ գործիքների կիրառում»: