«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԱՆՈՐՈՇ ԹՈՂԵՑ

«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների»` դաշինքով եւ միասնական ցուցակով ընտրությունների գնալու որոշումը, երեւում է, դեռ տարաձայնություններ պետք է հարթի, այլապես այդ մասին երեկ կհայտարարվեր «Ժառանգության» 7-րդ համագումարում: «Ինտրիգն էլ հենց այդ է, որ դեռ չի հայտարարվում, մեր համագումարին կգաք-կիմանաք», ասաց «Ազատ դեմոկրատներից» նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը ` ինտրիգը եւս 9 օր պահպանելու եւ լրագրողներին մարտի 11-ին իրենց համագումարի վրա տաքացնելու մղումով: Բայց երեւում է` նա եւս սխալվում էր, քանի որ երեկ «Ժառանգության» համագումարը կուսակցության նոր ղեկավարություն էլ չընտրեց` այդ թողնելով խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ բուն խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը կամ ձեւաչափը մնաց ավելի ուշ` մարտի 18-ին, երբ այս կուսակցության խորհրդի նիստ կգումարվի եւ ԿԸՀ ցուցակները ներկայացնելու ժամկետի սկզբի օրվանից մեկ-երկու օր առաջ կորոշվի մասնակցության ձւաչափի մասին: Համագումարի ավարտին ընդամենը «Նոր Հայաստանի բանաձեւը» անվանմամբ մի փաստաթուղթ ընդունվեց, որտեղ խոսվում էր Հայաստանի արտաքին եւ ներքին ուժգնացող մարտահրավերների, երկրի կառավարման գործընթացին Հայաստանի քաղաքացու մասնակցության սահմանափակված լինելու, ահագնացող արտագաղթի մասին` կոչ անելով խորհրդարանական ընտրությունների գնալիս բոլոր ազգային, ժողովրդավարական ուժերով համարձակ եւ միասնաբար համախմբվելու:

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում էլ որոշակիություն չկար` խոսվում էր միասին ճանապարհ անցնելու մասին, այն էլ ոչ միայն «Ազատ դեմոկրատների» հետ միայն (այս ուժի հետ համագործակցությունն, ըստ նրա, պետք է երկարատեւ ու հեռանկարային շարունակություն ունենա), այլեւ բոլոր մյուս համակիր կամ համախոհ ուժերի հետ: Նա, ինչպես սովորաբար «Ժառանգության» այլ համագումարներին, համարյա բոլոր հարցերին անդրադարձավ, ինչին որ հնարավոր է անդրադառնալ` նշելով, թե Հայաստանում առկա կուսակցապետությունը պետք է վերացնել եւ երկիրը դարձնել Հայաստանի հանրապետություն, քաղաքական ուժերի լայն համագործակցությամբ իշխանափոխության համակարգ ձեւավորել:

Համագումարին ներկա քաղաքական լայն սպեկտրը խոսում է այն մասին, որ գուցե բոլորովին այլ կարգի` առավել լայն համագործակցության հնարավորություն է հասունանում, չենք ասում «Ժառանգության» շուրջը, բայց գուցե նրան եւս ներառելով. սա միայն ենթադրություն է, բայց այդպիսի բան ենթադրելու համար պատճառներ կարելի է գտնել` ԲՀԿ-ից ներկա էին Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀԺԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, «Հանրապետության» նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը: Լայն ներկայացված էին «Ազատ դեմոկրատները»: Ողջույնի խոսքով հանդես եկան Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ), Խաչիկ Քոքոբելյանը («Ազատ դեմոկրատներ»), Արամ Հարությունյանը («Ազգային համաձայնություն»): Բացակա էին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Խաչիկ Քոքոբելյանն իր խոսքում նշում էր միասին երկար ճանապարհ անցնելու մասին, Կարապետ Ռուբինյանը (անկուսակցական, «Ազատ դեմոկրատների» համակիր) երկու կուսակցություննեի համագործակցության հեռանկարը ողջունելի համարեց: «Ժառանգության» պատգամավորների, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ելույթներից եւս կարելի էր եզրահանգումների գալ, սակայն դա համարենք զուտ կուսակցական խնդիր եւ անդրադառնանք հասարակությանը հետաքրքրող համագործակցության խնդրին միայն` «Ազատ դեմոկրատների» օգնությանը դիմելով:

Լրագրողներս փորձեցինք այդ մասին ավելին իմանալ համագումարի միջանքում իրար գլխի հավաքված «Ազատ դեմոկրատներից»: Ալեքսանդր Արզումանյանն ասում էր, թե դեռ 10 օր կա` մինչեւ համամասնական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետի սկիզբը, այնպես որ ժամանակ կա միասին ցուցակ կազմելու: Ասաց միայն, որ 90 անուն պետք է ներկայացնեն, հավասար սկզբունքներով (սա, մեր տեղեկություններով անընդունելի է «Ժառանգության» համար` այստեղ հակված են 30:70 տարբերակին, եթե իհարկե մի այլ, ավելի լայն համագործակցություն այս բոլորը չկտրի): Արարատ Զուրաբյանը եւս հավատացած էր, թե կարելի էր ընտրել այլ ուժի մեջ լուծվելու տարբերակը եւ խորհրդարան անցնելու 5 տոկոս շեմը նկատի ունենալ, բայց քանի որ իրենք վստահ են իրենց վրա` հավանաբար կընտրեն դաշինքի տարբերակը (7-տոկոսանոց շեմ): Խաչիկ Քոքոբելյանն էլ նշեց, թե ցուցակների վերաբերյալ սկզբունքային առումով քննարկում եղել է, բայց ոչ անունների վերաբերյալ: Իսկ ընդհանրապես, ըստ նրա, եւ «ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» մեջ կան երիտասարդ ՀՀ-ի տարիքի փորձառություն ունեցող գործիչներ, եւ հուսով էր, որ ողջամտության շրջանակում կկազմվի հավասարություն եւ արժանապատվություն պահող համամասնական ցուցակ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4