«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


ԴԱՐՁՅԱԼ ԹԱՆԿԱՑՈՒՄ ` ԱՅՍ ԱՆԳԱՄ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է ԳԻՆԻՆ

Անընդմեջ թանկացումների շղթայում այս տարի կհայտնվի նաեւ հայկական գինին: Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշում է` իրենց միությունը շուկայի վերլուծություն է կատարել, արդյունքները ցույց են տվել, որ այս տարի 1 կգ խաղողի արժեքը 130 դրամից կհասնի 200 դրամի, թեեւ խաղողի բերքը ավելանալու է 15-20 հազար տոննայով: Իսկ տարվա ընթացքում գինին կթանկանա:

Երեկ «Տեսակետ» ակումբում Ավագ Հարությունյանը նաեւ անդրադարձավ գինեգործության զարգացմանը` ընդգծելով, որ Հայաստանում գինեգործության զարգացումը կանգնած է տարբեր խոչընդոտների առջեւ, խնդիրներ կան եւ գինու սպառման շուկաների ոլորտում: Իսկ գինեգործությունը չի ստանում պետության աջակցությունը, այնինչ դրա զարգացման համար անհրաժեշտ են միջպետական առեւտրային համաձայնագրեր: Մեջբերելով Վրաստանի օրինակը, երբ վրացի գինեգործները շատ արագ կարողացան զբաղեցնել իրենց տեղը եվրոպական շուկայում, Ավագ Հարությունյանը նշում է, որ Վրաստանում դա արվեց հենց պետական աջակցության շնորհիվ:

Գինեգործներին անհանգստացնող մյուս գործոնը գինեգործությանը տրամադրվող խաղողի սակավությունն է: Ավագ Հարությունյանը դժգոհեց, որ մթերված խաղողի 95 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրության նպատակով, իսկ գինեգործներին շատ քիչ խաղող է մնում:

Գինու առաջիկա թանկացումից անցնելով Գյումրիում վերջերս հացի գնի թանկացմանը, մյուս բանախոսը` Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ պատճառներն են եղել կլիմայական պայմաններն ու ճանապարհների անանցանելիությունը:

Գյումրիում հացի թանկացմանը նախորդ համարներից մեկում «Ազգը» անդրադարձել է:

Արմեն Պողոսյանի դիտարկմամբ` 21-րդ դարում այսպիսի պատճառաբանությամբ թանկացումը կամ սննդամթերքի դեֆիցիտն անթույլատրելի են: Բացառելու համար նման թանկացումները, ըստ սպառողների պաշտպանի, պետությունը պետք է պահուստային միջոցներ կուտակի, ոչ թե տնտեսվարի «կարկատանային եղանակով», ինչպես այսօր արվում է Հայաստանում:

Արմեն Պողոսյանի տվյալներով` անցյալ տարի ընդհանուր գնաճը կազմել է 4,5 տոկոս, միայն սննդինը` 14 տոկոս, նույնիսկ առանձին ապրանքների գծով գնաճն անցել է 20 տոկոսից: Որոշ ապրանքատեսակների գնային թանկացումը, ըստ նրա, կախված է տվյալ ապրանքների ներմուծման մոնոպոլիզացիայից:

Ա. Պողոսյանի խոսքով` հիմա Հայաստանի քաղաքացիներն իրենց եկամուտների կեսից ավելին` 60 տոկոսը, ծախսում են սննդի վրա, 20 տոկոսը` կոմունալ վճարումների: Իսկ նման դեպքերում, ավելի ճիշտ, երբ ընտանիքները սննդի վրա ծախսում են եկամուտների 25 տոկոսը, Արմեն Պողոսյանի խոսքով, զարգացած շատ երկրներում այդ ընտանիքները համարվում են անապահով եւ ստանում սոցիալական աջակցություն:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4