«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՅԿԱՁՈՐՆ ՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Սահմանամերձ Հայկաձոր գյուղը հյուրեր այնքան էլ հաճախ չի ունենում: Թերեւս դա է պատճառը, որ գյուղ մտնողին զարմացած հարցնում են. «Բա դուք մեր գյուղի մասին որտեղի՞ց գիտեք. էս կորած մոլորած տեղը ո՞նց գտաք»:

Գյուղացիների այս հարցերը պատահական չեն: Իրենց խոսքերովՙ կյանքից, աշխարհից կտրված գյուղում բարեկեցիկ ապրելու համար գրեթե ոչ մի պայման չկա: Իրենց ոչ ոք չի հիշում, չի այցելում:

«Հեշտ չէ սահմանամերձ գյուղի կյանքը», ասում են նրանք:

Աշխատատեղ չկա, բնակլիմայական պայմաններն անբարենպաստ են հողագործությամբ զբաղվելու համար, բանկերից էլ վարկ վերցնել վախենում են: Հարեւան գյուղում շատերն են վարկ վերցրել ու... «Շատերը վարկ վերցրին, հետո բերք չստացան ու չկարողացան վարկը փակել, տոկոսի տակ ընկան, տուն-տեղ ծախեցին», գյուղացիների անունից խոսում է Սերյոժա Կարապետյանը : Հայկաձորցիները փաստում են, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի մեկնողների թիվը շատ է ավելացել: Մոսկվայում արմատներով հայկաձորցի գործարար կա, որ իր մոտ աշխատելու է տանում համագյուղացիներին, նրանց տեր կանգնում: «Տանում է իր մոտ աշխատեցնում: Գյուղի տղամարդիկ էլ համաձայնում են, տունը պահելու ուրիշ հնար չկա», ասում են գյուղացիները: Թեպետ արտագնա աշխատանքի մեկնողները ձմռանը վերադառնում են հայրենի գյուղ, սակայն Հայկաձորում զարմանալի պատմություններ էլ են արձանագրվել: Վերջին տարիներին ավելացել է Արցախում մշտական բնակություն հաստատողների թիվը: 12 ընտանիք Հայկաձորից մեկնել է Արցախ եւ այնտեղ զբաղվում է անասնապահությամբ:

Թեպետ վերջին տարիներին լուծվել են գազի եւ խմելու ջրի հարցերը, գյուղացիների կյանքը չի թեթեւացել: «Պետք է գումար ունենանք, որ կարողանանք գազ քաշել, գազ օգտագործել: Մենք էլ ստիպված անասունի աթարն ենք վառում», ասում է տիկին Հեղնարը :

«Գյուղացիները շատ ծանր վիճակում են: Եթե ման գանք, գյուղի 40-50% ընտանիքների հայրերը տանը չեն: Նրանք մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի», ասում է Հայկաձորի գյուղապետ Ռուդիկ Գեւորգյանը ` հավելելով, որ գյուղի զարգացման հույսեր չունի: Գյուղի զարգացման տեսլական էլ չի մշակվում: «Ի՞նչ տեսլական, երբ 4 տարի է մի բան ենք տեսնում, որից պետք չէ լավ բան սպասել»:

Գյուղապետի ներկայացմամբ` Հայկաձորի խնդիրները բազմաթիվ են: Ոչ բավարար բյուջեին եւ աշխատատեղերի բացակայությանը վերջին շրջանում գումարվել է նաեւ օլիգարխների առաջացրած գլխացավանքը: Պարզվում է` որոշ օլիգարխներ աչք են դրել գյուղացիների հողամասերի վրա եւ ցանկացել են գնել, սակայն օլիգարխների այդ ցանկությանը դեմ են կանգնել ոչ միայն հայկաձորցիները, այլեւ գյուղապետը:

«Նախորդ տարին լարված էր: Երկար ժամանակ պայքարում էինք, որ գյուղացիների հողերը չվաճառվեին: Եթե ես մի քիչ թույլ լինեմ, կգան, կվերցնեն հողերը: Ես անուններ չեմ տալիս, բոլորն էլ նրանց գիտեն», ասում է Ռուդիկ Գեւորգյանը` հավելելով, որ իրենք դեմ են հողերի վաճառքին, որովհետեւ օլիգարխները դրսից ավելի էժան աշխատուժ են բերում, եւ գյուղացիներն աշխատանք չեն ունենում: Գյուղապետը պատմում է, որ հարեւան մի քանի գյուղեր այսօր այդ պրոբլեմի առաջ են կանգնել` վաճառել են հողն ու միաժամանակ զրկվել աշխատանքից եւ եկամտի թեկուզ չնչին աղբյուրից: «Մենք չենք ցանկանում նման ճակատագրի արժանանալ», ասում է գյուղապետը` հավելելով, որ հարցը ոչ թե փակված է, այլ սառեցված:

Հայկաձորն Անիի ավերակներից 3 կիլոմետր է հեռու: Հայկաձորի արոտավայրերից 600 հա տարածք համարվում է հայ-թուրքական սահմանի չեզոք գոտի: Տարածքները ցանկապատված են, միայն սահմանային ուղեկալից վերցրած հատուկ անցաթղթերով են գյուղացիներն իրենց հողերը մտնում եւ անասուններին արածեցնում: Սակայն վերջին տարիներին հայկաձորցիները հրաժարվում են այդ վայրերում անասուն արածեցնել: Նրանք պատմում են, որ 2000-ին թուրքերին հաջողվել է գողանալ հայկաձորցիների անասունների մի մասը` շուրջ 50 կով: Առանց սահմանապահ ուղեկալի հատուկ անցագրի հնարավոր չէ այցելել նաեւ 985 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գյուղապետ Ռուդիկ Գեւորգյանի հավաստիացմամբ` հարցը 3 ամսից կլուծվի, եւ ոչ միայն հայերը, այլեւ զբոսաշրջիկները եկեղեցի կայցելեն առանց թույլատվության:

Հայկաձորցիները լսել անգամ չեն ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կամ սահմանի բացման մասին: «Կարմիր կովն իր կաշին չի փոխի», ասում են նրանք ու հավաստիացնում, որ իրենք շատ բան են տեսել, շատ բանի մասին էլ խոսել չեն ցանկանում: «Դեմ եմ սահմանի բացմանը», ասում է գյուղապետը: «Գիտակցող մարդու համար այնքան դժվար է, երբ աչքերդ բացում ես ու տեսնում Անիի ավերակները: Տեսնում մի տարածք, որ քոնն է, իսկ հիմա քոնը չէ: Ի՞նչ սահմանը բացելու մասին կարող է խոսք լինել: Սահմանը բացում ենք, որ թուրքի հետ մոտիկությո՞ւն, բարեկամությո՞ւն անենք: Սահմանը բացելուց հետո մեկ տարի անց այստեղ քաոս կլինի: Յուրաքանչյուրը դա պետք է գիտակցի: Վերեւներում նստած ղեկավարությունը շատ հաճախ չի տեսնում այն, ինչ մենք ենք տեսնում: Եթե այն, ինչ մենք ենք տեսնում, իրենք էլ տեսնեին, երբեք չէին խոսի սահմանի բացման մասին», ասում է գյուղապետը: Նրա ականջներում դեռ հնչում է թուրք երիտասարդի խոսքերը, որը մի անգամ սահմանի այն կողմից սպառնացել է, որ սահմանը բացվելուց հետո հայերին սպանելու է:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հայկաձոր, Շիրակի մարզ

Նկար 1. Հայկաձորի գյուղապետ Ռուդիկ Գեւորգյանը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4